1ԳլխավորԼուրերԿարծիք

Մենք պետք է հասկանանք, թե միջազգային արձագանքն ինչքանով է ծառայում մեր խնդիրների լուծմանը․Պետրոսյանը՝ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքի մասին

Սյունիքում իրավիճակը դեռևս մնում է լարված։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններում դեռևս վերջնական արդյունք չունենք, իսկ ՊՆ-ն հայտնել է, որ Սյունիքի, Վարդենիսի ուղղություններում այս պահին ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում՝ հավելելով, որ երեկ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ներկայացվել է, որ դա մեր տարածքն է և չենք պատրաստվում որևէ մետր իրենց թողնել, պետք է իրենք հեռանան։

Սահմանային իրավիճակին անմիջապես սկսել է արձագանքել նաև միջազգային հանրությունը։

Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահը նաև իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ այն էլ հայերեն՝ ևս մեկ անգամ հաստատելով իրենց համերաշխությունը հայ ազգին․ «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»։

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունից զատ՝ հայամետ հայտարարություններով հանդես է եկել նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը՝ ԱՄՆ-ին կոչ անելով ամենաբարձր մակարդակով զբաղվել այս հարցով և հստակ հայտարարել, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի սուվերենությունը։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն էլ, անդրադառնալով Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին, նշել է, որ ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար։

Սյունիքյան իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին 365news.am-ը զրուցեց քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ։

Պետրոսյանի համոզմամբ՝ մենք պետք է հասկանանք, թե միջազգային արձագանքն ինչքանով է ծառայում մեր խնդիրների լուծմանը, բայց, ըստ փորձագետի, բացարձակապես չի ծառայում իր նպատակին։

«Միջազգային արձագանքը, օրինակ՝ հենց Ֆրանսիայի արձագանքը կարող էր դրական ազդակ լինել, եթե, ըստ էության, մենք ունենայինք պետականություն։ Պետության առաջնային խնդիրը սեփական պետության տարածքային ամբողջականության երաշխավորումն է և սահմանների անձեռնմխելիությունը։ Մենք՝ որպես պետություն այն պարագայում, երբ եղել է միջազգայնորեն ճանաչված սահմանի հատում, նույնիսկ օրենքով սահմանված կարգով չենք գործել՝ չի եղել կալանավորում, գերեվարում, վնասազերծում կամ ով ինչպես ուզում է՝ թող անվանի այդ գործողությունները։ Միակ փաստն այն է, որ այդ քայլերից ոչ մեկը չի եղել։ Միջազգային կառույցները, որոնք, որ այսպես թե այնպես պետք է ինչ-որ կերպ ներգրավված լինեին այս խնդրի կարգավորման գործում, իրենք մեզ տալու են այն հարցը, թե մենք ի՞նչ ենք արել մեր անվտանգությունը երաշխավորելու համար և ի՞նչ ենք պահանջում իրենցից։ Մենք այս հարցերին չենք կարողանալու պատասխանել»,- ընդգծեց Պետրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ պայմանականորեն, եթե օրինակ՝ մեր շատ սիրելի Ադամ Շիֆը բանաձև տարավ առաջ ու այդ բանաձևն ընդունվեց, հարց է առաջանում, թե դա մեզ իրական հողի վրա այս պահին ի՞նչ է տալու, փաստացի ոչինչ։

Խոսելով Ֆրանսիայի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ հայամետ հայտարարությունների, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ-ի միջոցով կարգավորման առաջարկի մասին՝ Պետրոսյանը նշեց․ «Սա Ֆրանսիայի կողմից կոչ էր, որ իրենք պատրաստ են ինչ-որ կերպ օգնել մեզ, ուղղակի պետք է Հայաստանը դիմի ու ասի, որ ինքն այդ օգնության կարիքն ունի, բացի դրանից, հանդես գա որևէ նախաձեռնությամբ, որը ցույց կտա, որ ստեղծված իրավիճակն իր համար անընդունելի է։ Բայց ինչպես ժամանակն է ցույց տալիս, մենք որևէ բան չենք նախաձեռնել, բացի ՀԱՊԿ-ին դիմելուց, այնինչ մինչև ՀԱՊԿ-ին դիմելը կար նաև հայ-ռուսական պայմանագիր։ Սա նոնսենս է։ Այս ամենի պատճառով էլ միջազգային հանրությունը գործելու է այնքանով, որքանով իրեն ձեռնտու է»։

Հարցին՝ արդյո՞ք Էմանուել Մակրոնի հայամետ հայտարարությունների համար Ադրբեջանը կարող է նրան մեղադրել կողմնակալության մեջ ու հիմք դարձնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի տապալման  համար, Պետրոսյանը պատասխանեց․ «Դա ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի տապալման համար նախադրյալ չի կարող հանդիսանալ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հստակ հայտարարել են, որ այս ֆորմատը լինելու է ու դա փաստ է։ Եթե ձևաչափի տապալումը հնարավոր լիներ, շատ ավելի շուտ տեղի ունեցած կլիներ, օրինակ՝ պայմանավորված Թուրքիայի անթաքույց պահանջով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեջ ինքը պիտի դերակատարություն ունենա։ Նմանատիպ լուրջ նախադրյալների պարագայում եթե դա չեղավ, ապա, բնականաբար, Ֆրանսիայի հայամետ հայտարարության պատճառով դա չի կարող լինել»։

Հարցին՝ ինչո՞ւ պաշտոնական Թեհրանը դեռևս որևէ հայտարարություն չի տարածել՝ Սյունիքի սահմանային միջադեպերի հետ կապված, Պետրոսյանը նկատեց․ «Ինչքան էլ որ հայ-իրանական հարաբերություններն ինստիտուցիոնալ լինեն, մարդիկ տեսնում են, որ դիմացում ինտիտուտներ, պետություն ու պետականություն չկա, ուստի՝ նրանք այլևս անիմաստ են համարում ուղիղ աշխատանքը Հայաստանի հետ»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close