1ԳլխավորԼուրերԿարծիք

Վրաստանի վարչապետի այցը Բաքու անցյալի ծրագրերի վերաբերյալ էր, Երևանում՝ ապագայի․ Մելիքյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ՝ մայիսի 12-ին, պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Վրաստանի վարչապետը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև անց են կացվել ընդլայնված ձևաչափով բանակցություններ։ Այցի շրջանակում Ղարիբաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վրաստանի վարչապետի՝ Հայաստան այցի վերաբերյալ 365news.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։ Վեջինիս գնահատմամբ՝ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան բավականին կարևոր էր, քանի որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք կարևոր հարցեր:

«Այս այցը բավականին կարևոր էր, քանի որ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքներն ազդել էին երկկողմ առևտրային հարաբերությունների վրա, բացի դրանից, անցյալ տարի տեղի չէր ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, ու ըստ ինձ՝ այդ ամենն այս հանդիպման ընթացքում նախանշվել է ու այս տարվա ընթացքում փորձ է արվելու համապարփակ աշխատանքներ կատարել առևտրային, զբոսաշրջային, էներգետիկ, մշակության ոլորտներում»,- նկատեց Մելիքյանը։

Փորձագետի ընդգծմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային փոխակերպումներին։

«Ղարիբաշվիլին, պաշտպանության նախարարի պաշտոնից գալով վարչապետի պաշտոնի, ներքաղաքական ճգնաժամի ֆոնին սկսում է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանային փոխակերպումներին։ Հենց այդ համատեքստում էլ կարելի է դիտարկել ինչպես Ղարիբաշվիլու՝ Բաքու և Երևան այցերը, այնպես էլ իր նշանակումները, օրինակ՝ այսօր Իրակլի Սեսիաշվիլին նշանակվել է Վրաստանի վարչապետի պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդական։ Սեսիաշվիլին Վրաստանի վերջին երեք գումարման խորհրդարաններում՝ 2012թ.-ից սկսած, եղել է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը։ Ըստ իս՝ այս նշանակումը հետաքրքիր է և ինչ-որ տեղ խոսում է այն մասին, որ Թբիլիսիում իրոք մտահոգված են տարածաշրջանում կատարվող փոխակերպումներով։ Թբիլիսին փորձում է իր ուրույն տեղը գտնել տարածաշրջանային գործընթացներում, իսկ դրա համար անհրաժեշտ է իրավիճակին լուրջ և սթափ գնահատականներ տալ։ Ամեն դեպքում Վրաստանում այս ուղղությամբ գործընթաց կա, որը, միգուցե, այդքան էլ տեսանելի չէ, բայց, այնուամենայնիվ, տեղի է ունենում»,- նշեց Մելիքյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ շատ կարևոր է, որ Հայաստան այցի ժամանակ Վրաստանի վարչապետը խոսեց ենթակառուցվածքների մասին, որ կողմերը նաև այս ուղղությամբ քննարկումներ կիրականացնեն հնարավոր համագործակցության նպատակով․ «Իմ կարծիքով՝ Վրաստանին այս պարագայում կարող է հիմնական երկու բան հուզել՝ առաջինն այն է, թե ապագայում Հայաստանն ինչքանով կշարունակի Վրաստանի տարածքից օգտվել՝ ունենալով այլընտրանք, մյուս կողմից էլ հարց է առաջ քաշվում, որ եթե որոշ ենթակառուցվածքներ ապաբլոկավորվում են, ապա Վրաստանն Ադրբեջանի համար ինչ-որ չափով իր կարևորությունը կարող է կորցնել, ուստի՝ իրեն պետք է հավասարակշռությունը պահպանող տարբեր ծրագրեր ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցությունը շատ կարևոր է»։

Փորձագետն իր խոսքում նաև ընդգծեց, որ Վրաստանի վարչապետի՝ Երևան այցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հարցին։

«Հայաստանի վարչապետի խոսքի մեջ հերթական անգամ մատնանշվել է, որ կոնֆլիկտներն իրենց բնույթով տարբեր են ու սրանով մենք վրացական կողմին ուզում ենք ցույց տալ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը պետք է տարբերակվի Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրից։ Իսկ ահա խոսելով Արցախյան խնդրի մասին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ Արցախյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգավորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա»,- նշեց Մելիքյանը։

Նա, անդրադառնալով Ղարիբաշվիլիի՝ Բաքու կատարած այցին, նշեց․ «Բաքվում հանդիպումն անցյալի ծրագրերի վերաբերյալ էր, Երևանում՝ ապագայի։ Սա շատ հետաքրքիր էր։ Ալիևը ֆիքսվում էր այն ամենի վրա, ինչն արվել էր 2000-ականների կեսերից՝ երկաթգիծ, նավթատարեր և այլն, իսկ արդեն Հայաստանում ենթակառուցվածքների մասին խոսելը նշանակում է, որ ստեղծված իրավիճակից փորձ է արվում օգուտներ քաղել»։

Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն երկրորդ անգամ է գալիս Հայաստան որպես վարչապետի կարգավիճակով: Առաջին անգամ այցելել է 2014թ.-ին, իսկ ահա 2020թ.-ին նա այցելեց Երևան, բայց որպես պաշտպանության նախարար:

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close