1ԱշխարհԳլխավորԼուրերՏեսանյութ

Իլոն Մասկը խոստովանել է, որ տառապում է «Ասպերգերի» համախտանիշով

«SpaceX»-ի հիմնադիր և «Tesla»-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ նրա մոտ ախտորոշվել է «Ասպերգերի» սինդրոմը` հոգեկան զարգացման խանգարում, որի դեպքում մարդը կարող է դժվարություններ ունենալ հաղորդակցման, սոցիալականացման և շրջապատող աշխարհի ընկալման հետ կապված, բայց նա չունի խոսքի և ինտելեկտի զարգացման նկատելի ուշացում:

Այդ սենսացիոն խոստովանությունը Մասկն արել է NBC հեռուստաընկերության «Saturday Night Live» (SNL) կատակերգական ծրագրի իր մենախոսության ժամանակ, որին հրավիրվել էր որպես հաղորդավար:

«Այսօրվա իմ ելույթը պատմական է, քանի որ ես «Saturday Night Live»-ի՝ «Ասպերգերի» սինդրոմ ունեցող առաջին հաղորդավարը կլինեմ: Գոնե առաջինը կլինեմ, որ դա կխոստովանում է»,- ասել է Մասկը:

Նա նաև խոստովանել է, որ ինքը երբեմն ասում է ու հրապարակում է «տարօրինակ բաներ»:

«Բայց իմ ուղեղը հենց այդպես է աշխատում»,- բացատրել է Մասկը և դիմել այն մարդկանց, ովքեր կարող է վիրավորվել են սոցիալական ցանցերում իր՝ երբեմն երկիմաստ հայտարարություններից:

«Բոլորին, ում ես վիրավորել եմ, ուզում եմ ասել՝ ես նորովի հայտնագործեցի էլեկտրական մեքենաները և մարդկանց տիեզերանավով ուղարկում եմ Մարս: Դուք իսկապե՞ս կարծում էիք, որ ես կլինեմ զուսպ և նորմալ տղա»,- ավելացրել է «SpaceX»-ի հիմնադիրը:

Իլոն Մասկը հայտնի է իր արտասովոր պահվածքով, սոցցանցերում նրա հայտարարությունները բազմիցս հանգեցրել են «Tesla»-ի բաժնետոմսերի գնի ուժեղ տատանումների և արժեցել են նրա համար հարյուր միլիոնավոր դոլարների կորստի: Եղել է, որ Մասկին դատի են տվել զրպարտության համար, նա նաև թմրանյութեր է օգտագործել եթերում:

«Ասպերգերի» սինդրոմը մարդու զարգացման հետ կապված հինգ ընդհանուր խանգարումներից մեկն է, որոնք բնութագրվում են սոցիալականացման և մարդկանց հետ շփման խիստ դժվարություններով: Այնուամենայնիվ, այս սինդրոմով մարդը հասարակության հետ շատ ավելի լավ է շփվում, քան աուտիզմ ունեցող մարդը:

«Ասպերգերի» սինդրոմ ունեցող մարդիկ կարող են անպատշաճ արձագանքել սոցիալական փոխհարաբերություններին և հաճախ անտարբերության տպավորություն թողնել: Միևնույն ժամանակ դա բավականին հազվադեպ հանդիպող համախտանիշ է:

Ի դեպ, միջազգային համբավ և ճանաչում ստացած շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգի մոտ նույնպես ախտորոշվել է «Ասպերգերի» սինդրոմ: Թերևս, դա է պատճառը, որ նրան անվանում են «հիվանդ» և «անհավասարակշիռ»: Ցավոք սրտի, այդ ախտորոշման պատճառով առաջացած խարանը մարդկանց ստիպում է մտածել, որ «Ասպերգերի» սինդրոմը խանգարում է մտածելուն, եզրակացություններ անելուն և ինքնուրույն որոշումներ կայացնելուն:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close