1ԳլխավորԼուրերԿարծիք

Եթե բանակցություններն իրենց արդյունքը չտան, ՀԱՊԿ-ը կմիջամտի․ փորձագետը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով։ Հայտնի է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին՝ աջակցություն տրամադրելու համար՝ չնայած այն փաստին, որ ՀՀ սուվերեն տարածքում խոցվել են օբյեկտներ, ինչը նշանակում է, որ հարձակում է եղել ՀՀ-ի վրա:

Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցեց քաղաքագետ Վահրամ Հովյանի հետ՝ հասկանալու համար արդյո՞ք այս օրերին սահմանին տեղի ունեցող իրադարձությունները կարող են հիմք հանդիսանալ ՀԱՊԿ հավաքական պաշտպանության դրույթի գործարկման համար։

Հովյանի խոսքով՝ ներկա պահին առկա ճգնաժամը փորձում են բանակցությունների միջոցով լուծել, բայց, ի վերջո, եթե այդ բանակցությունները արդյունք չտան, ակնհայտ է, որ սա Հայաստանի սուվերեն տարածքի ոտնահարում է և այստեղ արդեն այսպիսի իրավիճակ չէ, որ դուրս է գտնվում ՀԱՊԿ լիազորությունների շրջանակներից, ուստի՝ ՀԱՊԿ-ը կմիջամտի։

«Եթե նախկինում ռազմական գործողությունները ծավալվում էին ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս և ՀԱՊԿ-ին դիմելու հարցում որոշակի խնդիր կար, քանի որ ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմաններից դուրս գտնվող տարածքների համար պատասխանատվություն չէր կրում, ապա հիմա խնդիրն անմիջապես ՀԱՊԿ պատասխանատվության տակ գտնվող տարածքում է առաջացել»,- նշեց Հովյանը։

Մեր զրուցակիցը նկատեց, որ Սյունիքի ու ընդհանրապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները նաև հայ-ռուսական երկկողմ համաձայնագրով պաշտպանելի տարածքներ են, այսինքն՝ 1997թ.-ին Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրով Ռուսաստանը Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորն է։

«Սյունիքի մարզում կատարվող իրադարձությունների պարագայում միջազգային իրավական բոլոր հիմքերը կան ինչպես հայ-ռուսական երկկողմ զինուժի միջոցով խնդրի կարգավորման, այնպես էլ ՀԱՊԿ-ին այս գործողություններում ներգրավելու համար»,- ընդգծեց քաղաքագետը։

Հովյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ շրջանակներում այս քննարկումները պատահական չեն ու խնդրի կարգավորումն աստիճանաբար գնում է դեպի այդ կողմը։ Եթե բանակցություններն իրենց արդյունքը չտան, ՀԱՊԿ-ը կմիջամտի։

Հարցին՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ի շրջանակներում այս խնդրի բարձրաձայնումն արվում է այն պատճառով, որ կրկին գործող իշխանություններին չմեղադրեն ՀԱՊԿ-ին չդիմելու մեջ, Հովյանը պատասխանեց․ «Ես չէի ցանկանա խնդիրը տեղափոխել ներհայաստանյան քաղաքական կյանքի հարթություն։ Խնդիրը պետք է դիտարկել ոչ թե Հայաստանի ընդդիմություն-իշխանություն հակադրությունների տիրույթում, այլ դրանից դուրս, քանի որ սա ազգային անվտանգության խնդիր է։ Կարծում եմ, եթե նախկինում Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններն Արցախյան 44-օրյա պատերազմի համատեքստում էին դիտվում, ապա այս օրերին սահմանների նկատմամբ ոտնձգությունն այլևս այդ կոնտեքստում չի կարող դիտվել, սա այլևս այլ խնդիր է»։

Նշենք, որ քիչ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close