1ԳլխավորԼուրերՔաղաքականություն

Իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում գտնվող հայ համայնքը շարունակում է իր բնականոն կյանքը

Արդեն տևական ժամանակ է, ինչ իսրայելապաղեստինյան հակամարտությունը կրկին մտել է սրացման փուլ, բախումները Երուսաղեմում և Իսրայելի այլ քաղաքներում անկառավարելի են դարձել։ Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել: Իսրայելը հարյուրավոր թիրախ է խոցել պաղեստինյան տարածքներում: Պաղեստինցիները շարունակում են հրթիռակոծել Իսրայելի կենտրոնական մասում գտնվող քաղաքները: Կրակի տակ է հայտնվել նաև Թել-Ավիվը, փակվել է Բեն-Գուրիոն օդանավակայանը: Պաղեստինյան «Համասը» և «Իսլամական ջիհադը» ապստամբության կոչեր են հնչեցնում:

Այս ամենը սկսվեց Երուսաղեմում իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների բախումներից հետո: Երուսաղեմի օրվան ընդառաջ, հազարավոր պաղեստինցիներ հավաքվել էին Ալ-Աքսա մզկիթի մոտ։ Արդյունքում, իսրայելական ոստիկանությունն ամբոխի դեմ օգտագործեց ռետինե փամփուշտներ և խլացուցիչ նռնակներ, ինչին հետևեց  պաղեստինցիների պատասխանը՝ նետված քարերի տեսքով։  Բախումներ են տեղի ունեցել նաև Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում, որտեղից իսրայելական իշխանությունները պատրաստվում են իրենց տներից վտարել վեց պաղեստինյան ընտանիքների։  Ի պատասխան, «Համասը» պահանջել էր, որպեսզի իսրայելական ոստիկանական ուժերը դուրս բերվեն թաղամասից։

Հակամարտության գոտում մեծ քանակությամբ հայեր են բնակվում: Երուսաղեմում է գտնվում նաև Հայոց պատրիարքարանը: Մեր հայրենակիցների և Հայոց պատրիարքություն վիճակը պարզելու նպատակով 365news.am-ը կապ է հաստատել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի  գրասենյակի հետ: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի  մամուլի գծով պատասխանատու Ամալյա Կարապետյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ  հայ համայնքի,  ինչպես նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչների հետ մշտապես կապի մեջ են, ու համակարտության գոտում ապրող հայ համայնքի մեծամասնությունը՝ մասնավորապես Երուսաղեմի հայ համայնքը շարունակում է  իր բնականոն կյանքը։

«Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը, եկեղեցական որևէ արարողություն չի դադարեցվել, կրթական հաստատությունները ևս բնակակոն կերպով  շարունակում են իրենց գործունեությունը»,- նշեց Կարապետյանը։

Ամալյա Կարապետյանը հայտնեց նաև, որ համայնքում  զոհեր, վիրավորներ և տեղահանվածներ չկան՝ հավելելով, որ համայնքում վախի մթնոլորտ ևս չկա, ընդամենը կա մտահոգություն՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։

Կարապետյանն իր խոսքում նաև ընդգծեց, որ չնայած հայ համայնքի մեծ մասը կենտրոնացած է Երուսաղեմում, սակայն հայեր են ապրում նաև Իսրայելի այն քաղաքներում, որոնք ներկայումս ռմբակոծվում են՝ Թել-Ավիվ, Հայֆա։ Հայերը դեռևս չեն լքել իրենց տներն ու գտնվում են իրենց տների ռմբապաստարաններում։

Հարցին՝ եթե հակամարտության գոտում իրավիճակն էլ ավելի սրվի՝ արդյո՞ք Հայաստանն ունի գործողությունների ծրագիր՝ հայերին պաշտպանելու համար, Կարապետյանը պատասխանեց. «Այս պահին նման տեղեկատվության ես չեմ տիրապետում»։

Նշենք, որ Իսրայելում ապրում է գրեթե 25,000 հայ։ Հայերը հիմանականում ապրում են հետևյալ քաղաքներում՝ Թել-Ավիվում, Հաֆայում, Յաֆայում, Փեթախ Թիքվայում, Բատ-Յամում, Բեթղեհեմում, Բեթ Հանինայում,  ինչպես նաև իսրայելապաղեստինյան հակամարտության թատերաբեմում՝ Երուսաղեմում։

Հայոց պատրիարքությունը հիմնադրվել է դեռևս VII-րդ դարում։ 2013 թվականից  մինչ օրս Հայոց պատրիարքն է Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։ Պատրիարքարանի տարածքը կամ Հայկական թաղամասը  զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը՝ մոտավորապես 150 հազար քմ։ Պատրիարքարանի աթոռանիստը Սուրբ Հակոբյանց վանքն է։ 

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close