1ԳլխավորԼուրերԿարծիք

Վրաստանում ճգնաժամը լուծելու ներքին ռեսուրս չկար, ուստի՝ ԵՄ-ն միջամտեց. փորձագետը՝ ԵՄ կողմից վրաց ընդդիմադիրի գրավի վճարման մասին

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը, կազմակերպությունը վճարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի դեմ սահմանված 40.000 լարի գրավը՝ նրան բանտից ազատ արձակելու համար։ Այս աննախադեպ քայլն ընդգծում է ԵՄ վերաբերմունքը Վրաստանին և այդ երկրում ներքաղաքական ճգնաժամի լուծման անհրաժեշտությունը:

365news.am-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն, անդրադառնալով թեմային, նշեց, որ ԵՄ-ի կողմից նման քայլն աննախադեպ էր։

«Ի սկզբանե, երբ որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ բանակցություններ էին վարվում Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, ԵՄ-ի կողմից առաջարկվող առաջին փաստաթուղթը չընդունվեց ընդդիմության կողմից, քանի որ դրանում չկային ընդդիմության պահանջները՝ կապված «Գավրիլովի գիշերվա» ժամանակ ձերբակալված անձանց նկատմամբ համաներում շնորհելու և արտահերթ ընտրությունների կազմակերպման հետ, սակայն արդեն փաստաթղթի երկրորդ տարբերակում ընդդիմության պահանջները ներառվեցին ու, ըստ դրա, 2022 թվականին նշանակվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող կուսակցությունն այս տարվա ՏԻՄ ընտրություններին ստանա 43%-ից պակաս ձայն։

Իսկ ահա քաղբանտարկյալների մասով որոշվել էր, որ խորհրդարանում պետք է նախաձեռնությամբ հանդես գան քաղաքական ուժերը և համաներում հայտարարվի քաղբանտարկյալների նկատմամբ, որոնք կալանավորվել են «Գավրիլովի գիշերվա» ժամանակ։ Իշխանությունը համաներման հետ կապված հիմա պնդում է, որ «Գավրիլովի գիշերվա» ընթացքում բոլոր ձերբակալվածների վրա պետք է համաներումը տարածվի»,- ընդգծեց Մելիքյանը։

Փորձագետի խոսքով, քանի որ ներքաղաքական ճգնաժամը վերջապես հաղթահարելու համար անհրաժեշտ էր՝ «Ազգային շարժում» կուսակցությունը միանա խորհրդարանի աշխատանքներին, ուստի՝ այս կուսակցությունը պայման էր դրել, որ իրենց կուսակցության ղեկավար Նիկանոր Մելիայի ազատ արձակումից հետո նոր իրենք քննարկեն փաստաթղթի ստորագրման հետ կապված հարցերը։

Ինչքան էլ որ Մելիայի վրա համաներումը տարածվեր, նա պարտավոր էր վճարել 40.000 լարի գրավը, որը հրաժարվում էր շուրջ 3 ամիս է վճարել։ Հենց այս համատեքստում էլ ԵՄ-ն նման որոշում էր կայացրել ու առաջարկել էր, որ իրենք գրավը վճարեն։

«Ամեն դեպքում ԵՄ-ն ուղիղ այդ վճարումը չի կատարել, այլ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը այդ գումարը փոխանցել է Վրաստանի «Երիտասարդ իրավաբանների» միությանը և այդ միությունն էլ իր հերթին արդեն վճարել է Նիկանոր Մելիայի ազատ արձակման համար անհրաժեշտ գումարը»,- ասաց Մելիքյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Մելիան երեկ արդեն ազատ է արձակվել, սակայն հիմա արդեն տեղի է ունենալու գործընթացների երկրորդ փուլն ու Վրաստանի խորհրդարանում քաղաքական ուժերը կմշակեն համաներման համար անհրաժեշտ փաստաթուղթը, որով Մելիայի հետ կապված գործընթացները կավարտվեն։

Փորձագետի համոզմամբ՝ ԵՄ-ի նման քայլը խոսում է ոչ միայն այն մասին, որ իրենց համար Վրաստանը կարևոր երկիր է, այլ նաև վկայում է այն մասին, որ Վրաստանում ներքին ռեսուրս չկար՝ ներքաղաքական ճգնաժամից երկիրը հանելու համար, ուստի՝ ԵՄ-ն նման բարձր մակարդակով միջամտեց այդ գործընթացներին։

Հարցին՝ արդյո՞ք «Միացյալ ազգային շարժում»-ն արդեն որոշում ունի կայացրած՝ կապված ԵՄ-ի կողմից առաջարկվող փաստաթղթի ստորագրման կամ չստորագրման հետ, Մելիքյանը պատասխանեց․ «Մելիան երեկ՝ ազատվելուց հետո հայտարարեց, որ իրենք դեռևս պետք է քննարկեն իրենց ապագա քայլերը, ուստի՝ դեռևս որոշում չունեն այդ հարցի հետ կապված։ Բացի դրանից, իրենց կուսակցության ներսում երկու կարծիք կա՝ մի մասը մինչ օրս չի ճանաչում ընտրությունների արդյունքներն ու ասում է, որ պետք չէ խորհրդարան մտնել, իսկ մյուս մասն էլ պնդում է, որ հիմա արդեն իրենք պետք է մասնակցեն խորհրդարանական աշխատանքներին ու հետևեն համաձայնագրի մեջ ներառված փոփոխությունների կատարմանը։ Բայց այն, որ Մելիան ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչների համար պայքարի էտալոն է, փաստ է ու նա քաղաքական պայքարը հաստատ կշարունակի՝ փորձելով ընդդիմադիր դաշտի լիդերությունն իր վրա վերցնել»։

Մելիքյանն անդրադարձավ նաև գործող իշխանության թիմում եղած պառակտումներին՝ նշելով, որ գործող իշխանության ներսում հիմա ուրիշ ֆրագմենտալ գործընթաց կա ու նախկին վարչապետ Գեորգի Գախարիան արդեն առանձնացել է «Վրացական երազանք» կուսակցությունից ու հիմնադրում է կուսակցություն․ «Գախարիան դեռևս կուսակցություն չունի, սակայն մոտ ժամանակներս՝ հավանական է հենց այս ամսվա ընթացքում, նախկին վարչապետը հիմնադրի կուսակցություն։ Նրան արդեն միացել են իշխող մեծամասնության 5-6 պատգամավորներ։ Փաստացի ստացվում է, որ Վրաստանում մի կողմից կան լուրջ քաղաքական գործընթացներ ընդդիմության ներսում, մյուս կողմից էլ իշխանություններից առանձնանում է մի քաղաքական ուժ, որն այս ընտրություններում կլինի «Վրացական երազանք» կուսակցության համար ընդդիմադիր ուժ, քանի որ լավ իմանալով իշխող ուժի թույլ և ուժեր կողմերը՝ այդ ուժը կարող է ավելի էֆեկտիվ ընդդիմություն լինել»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close