1ԱշխարհԳլխավորԼուրերՀարցազրույց

Արևելյան Երուսաղեմում իրավիճակն ահագնանում է

Այս տարվա ապրիլի կեսերից իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ իրավիճակը սրվեց, երբ Իսրայելի անվտանգության ծառայությունները որոշեցին մահմեդականների սրբազան ամսվա՝ Ռամադանի ընթացքում սահմանափակել հավատացյալների մուտքը Ալ-Աքսա մզկիթ։ Սակայն մայիսի 7-ին իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ Իսրայելի դատարանը բավարարեց հրեա վերաբնակիչների հայցը, որի համաձայն՝ մի քանի պաղեստինցի ընտանիքներ պետք է վտարվեին Արևելյան Երուսաղեմում գտնվող իրենց տներից։

Իսրայելական կողմի տվյալներով՝ մայիսի 10-ի երեկոյան  պաղեստինցիները սկսել են զանգվածաբար հրթիռային հարվածներ հասցնել իսրայելական քաղաքներին, օդային տագնապի ազդանշաններ են հնչել Աշքելոն և Սդերոտ քաղաքներում, ինչպես նաև պաղեստինյան անկլավներին սահմանամերձ բնակավայրերում: 

Մայիսի 11-ի գիշերը Գազայի հատվածից պաղեստինյան արմատականներն ավելի քան 200 հրթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի պաշտպանական ուժերն էլ, ի պատասխան դրա, 140 ռազմական թիրախներ են խոցել։

Ըստ տվյալների՝ Իսրայելի պաշտպանական ուժերը Գազայի հատվածի շուրջ իրավիճակի կտրուկ սրման պատճառով սկսում են զորակոչել 5000 պահեստային զինծառայողների:

Ըստ արաբական լրատվամիջոցների՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցրած պատասխան հրթիռային հարվածների հետևանքով արդեն իսկ զոհվել է շուրջ 26 մարդ, իսկ ահա Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելցի իրավապահների հետ բախումներում տուժած պաղեստինցիների թիվն արդեն  հասել է 714-ի:

Ստեղծված իրավիճակին  միջազգային հանրությունն արագորեն արձագանքնեց։ Մերձավոր Արևելքի կարգավորման քառյակի անդամները (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) Իսրայելի իշխանություններին կոչ են արել ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել քայլերից, որոնք սպառնում են էլ ավելի սրել իրավիճակը: Քառյակի անդամները նաև մտահոգություն են հայտնել Արևելյան Երուսաղեմից պաղեստինյան ընտանիքների հնարավոր վտարման կապակցությամբ: Նրանք կոչ են արել պահպանել և հարգել Երուսաղեմի սրբավայրերի ստատուս քվոն։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը դատապարտել է  նաև Գազայի հատվածից Իսրայելի վրա կատարված վերջին հրթիռային հարձակումները և պաշտպանել հրեական պետության ինքնապաշտպանության իրավունքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանն էլ  իր աջակցությունն է հայտնել Պաղեստինին՝  Իսրայելին անվանելով  ահաբեկչական երկիր, որը Երուսաղեմում հարձակվում է մահմեդական հավատացյալների վրա։ Թուրքիայի այս հակաիսրայելական արձագանքն ուշագրավ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Թուրքիայի հետ միասին ակտիվորեն աջակցում էր Ադրբեջանին:

Իսկ ահա Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը Իսրայելի իշխանություններին կոչ է արել պատասխանատվություն կրել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման համար։

Իսրայելի ոխերիմ թշնամի Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչով դիմել է ՄԱԿ-ին՝ դատապարտելու իսրայելական ոստիկանության արյունալի գործողությունները Ալ-Ակսա մզկիթի տարածքում՝ որակելով դա որպես «ռազմական հանցագործություն»: Իրանը «դատապարտում է Ալ-Ակսա մզկիթի վրա հարձակումը … Քուդսի [Երուսաղեմ] բռնազավթիչ ռեժիմի զինված ուժերի կողմից», – ասվում է ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեի հայտարարության մեջ: Ընդգծելու համար տեղի ունեցողի սիմվոլիկ նշանակությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար, հիշեցնենք միայն, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանումը կոչվում է Ալ-Քուդս, ինչը պարսկերենից թարգմանաբար նշանակում է Երուսաղեմ: Ավելին, ակնկալելով բախումների շարունակությունը՝ Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ Ավիվ Կոհավին հետաձգեց իր այցը Վաշինգտոն, որպեսզի կենտրոնանա Իրանի վրա՝ «իրադարձությունների և հնարավոր զարգացումների» պատճառով, ասվում է ռազմական հայտարարության մեջ:

Ըստ իսրայելական կողմի «Համասը», «Հեզբոլլահը» և Իրանը համաձայնեցված տեղեկատվական արշավ են սկսել: Ըստ The Jerusalem Post թերթի, այդ երեքը հող են նախապատրաստում հետագա բռնությունների համար: Այս բախումները Իրանի, «Հեզբոլլահի» և «Համասի» համար ակտուալ լինելու յուրատեսակ միջոց են: Այդ երեքը նաև ցանկանում են սեպ խրել Իսրայելի և Պարսից ծոցի իր նոր գործընկերների միջև՝ քաջ գիտակցելով, ոչ ինչպես Բահրեյնը, այնպես էլ ԱՄԷ-ը ստիպված են լինելու արձագանքել: Թիրախում է նաև Հորդանանը և նրա արձագանքը: «Հեզբոլլահը» և «Համասը» տեսնում են, որ Սաուդյան Արաբիան ձգտում է մեղմել Իրանի, ինչպես նաև Թուրքիայի և Սիրիայի հետ լարվածությունը, – գրում է The Jerusalem Post-ը:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս քննարկել է Արևելյան Երուսաղեմի իրավիճակը, սակայն այդ քննարկումները փակ են մնալու:

Նշենք նաև, որ Հայաստանը ևս անդրադարձել է իսարայելա-պաղեստինյան  լարվածությանը՝ նշելով. «Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»։

Թե ի՞նչ զարգացում կստանա այս ամենը, ցույց կտան մոտակա օրերը, բայց միջազգային հանրության տարբեր դերակատարների՝ իրարից տարբերվող արձագանքները հուշում են, որ, չնայած վերջին շրջանի դրական զարգացումներին, տարածաշրջանը և երկարատև այս հակամարտությունը դեռ հեռու են խաղաղությանը հասնելուց: Հաշվի առնելով այս լարվածությունը՝ 365news.am-ը կշարունակի հետևել սուրբ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին:

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close