1ԳլխավորԼուրերԿարծիք

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը վայելում է հանրային բարձր վստահություն

Մայիսի 5-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ պետաիրավական հանձնաժողովին ներկայացրեց 2020թ.-ի իր զեկույցը: Այնուհետև մայիսի 6-ին Արման Թաթոյանն ԱԺ-ում էր 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը ներկայացնելու նպատակով: Ստորև ներկայացնում ենք զեկույցի հիմնական կետերը:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված 2020թ.-ի տարեկան հաղորդման մեջ նշվում է, որ վերջին տարիներին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: Դրանց համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.214, 2016 թվականին՝ 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը, գրեթե, երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744 դիմումներ ու բողոքներ: 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2386-ով՝ դառնալով 13.140 դիմում-բողոք, իսկ ահա 2020 թվականին կրկին արձանագրվել է դիմումների ու բողոքների աճ՝ կազմելով 14.780, որից 3748-ը՝ գրավոր, իսկ 10399՝ բանավոր, 633-ը՝ սեփական նախաձեռնություններ։

Ըստ վարչատարածքային միավորների դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությունների՝ նման պատկեր ունենք՝ Երևան՝ 5274, Գեղարքունիքի մարզ՝ 626, Շիրակի մարզ՝ 487, Արարատի մարզ՝ 423, Արագածոտնի մարզ՝ 200, Վայոց ձորի մարզ՝ 125, Արմավիրի մարզ՝ 795, Կոտայքի մարզ՝ 569, Լոռու մարզ՝ 471, Սյունիքի մարզ՝ 211, Տավուշի մարզ՝ 168, ինչպես նաև եղել են հասցե չպարունակող բողոքներ՝ 5431։

Տարեկան հաղորդման մեջ ընդգծվում է, որ բողոքների թվի աճով և մշտադիտարկման լիազորություններով պայմանավորված՝ ավելացել են նաև իրականացվող այցերը: 2020 թվականին իրականացվել է 193 այց: Նշվում է, որ այս այցերն ուղեկցվել են աշխատանքի անսպասելի նոր մարտահրավերներով՝ պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի և ռազմական դրության պայմաններով:

Ադրբեջանական զինված հարձակումների ժամանակ և դրանից հետո այցեր են իրականացվել Արցախից տեղահանված անձանց՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների, կանանց և տարեցների իրավունքներին: Զուգահեռ աճում է նաև անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը: Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերը 2019 թվականին կազմել են 1287, իսկ ահա 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, գրեթե, կրկնակի ավելացել է դրական լուծում ստացած բողոքների թիվը՝ կազմելով 2203 դիմում-բողոք:

Աճի միտում ունեն նաև Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվող հեռախոսազանգերը: 2019 թվականի հետ համեմատ` 2020 թվականին, գրեթե, կրկնակի աճել են Պաշտպանի աշխատակազմում շուրջօրյա գործող թեժ գիծ հեռախոսահամարներին ստացված զանգերը՝ կազմելով 11.735 զանգ: Վիճակագրական տվյալները վկայում են նաև Պաշտպանին կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի թվի էական աճի մասին: Այսպես՝ 2016 թվականին Պաշտպանի կարծիքի են ներկայացվել մոտ 90 իրավական ակտերի նախագծեր, 2017 թվականին՝ 144, 2018 թվականին՝ 185, 2019 թվականին՝ 241, իսկ 2020 թվականին այն կազմել է 192:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2020թ.-ի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվում սոցիալ-տնտեսական իրավունքին՝ մասնավորապես կենսաթոշակի իրավունքի իրացման հետ կապված խնդիրներին, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդիրներին, երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգավորումների հետ կապված խնդիրներին։

Այս անգամ ևս Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է սեփականության իրավունքի, ինչպես նաև աշխատանքային իրավունքների խախտման դեպքերին։ Աշխատանքային իրավունքների խախտման դեպքերում առանձնացվում է գործադուլի իրավունքի սահմանափակումը, աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելը, բացի դրանից, աշխատանքային իրավունքների խախտման դեպքերն ավելացել են՝ պայմանավորված նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ, օրինակ՝ համավարակի պայմաններում աշխատողներին աշխատանքից անհիմն ազատելու խնդիրը։

Բնականաբար, անդրադարձ է կատարվել նաև կրթության իրավունքին՝ մասնավորապես Բարձրագույն կրթության մասին օրենքի փոփոխությունների խնդրահարույց լինելուն և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգին առնչվող բողոքներին։

Հայաստանում շարունակվում են կանայք բռնության ենթարկվել, ուստի՝ այս անգամ ևս մեծ ուշադրություն է դարձվել կանանց իրավունքների ոտնահարմանը։ Տարեկան հաղորդման մեջ խոսվել է նաև կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու, անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերի մասին։ Այս տարի մշտապես ուշադրության կենտրոնում եղած խնդիրներին ավելացել են նաև նոր կորոնավիրուսային համավարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ եղած սահմանափակումների հետ կապված խնդիրներն ու Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակումների պատճառով քաղաքացիների՝ տարբեր ոլորտներում խախտված իրավունքները։

Նշենք, որ ՄԻՊ-ի կողմից կատարված հսկայական աշխատանքը նկատում է նաև միջազգային հնարույթը, որի վկայությունն էլ այն է, որ օրինակ՝ 2021 թվականի փետրվարին Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների (International Republican Institute – IRI) համաձայն՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն է կամ այն, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենն ընդգծել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի համար Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության դերը։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը բարձր գնահատական է տվել նաև ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI): Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հեղինակած զեկույցի՝ Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը վայելում է հանրային բարձր վստահություն։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close