1ԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

«Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում է, որպեսզի չմասնակցի ընտրություններին». Ռուբեն Ռուբինյան

365news-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը

-Պարոն Ռուբինյան, երեկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծել է իր մոտ երկրորդ և երրորդ նախագահների հետ տեղի ունեցած հանդիպումը։ Նա երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկել է առանց իշխանության հավակնելու մի դաշինք կազմել՝ քաղաքական ուժերով, հասարակական կազմակերպություններով, մտավորականներով, որպեսզի հասնեն այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում չառաջադրվի։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Տեր-Պետրոսյանը որոշեց այդպիսի առաջարկ անել մարդկանց, որոնց բազմաթիվ հանցանքներում է մեղադրել։

-Ես ոչ մի տողատակ էլ չեմ տեսնում, մարդը բաց գրել է՝ առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ընտրություններին մասնակցել դաշինքով և այդ դաշինքի մեջ պետք է մտնեին իրենց սատարող ուժերը։ Եվ ինչպես հետագայում տեսանք, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը մերժեցին Լևոն Տեր-Պետրոսյանի այդ առաջարկը։ Իհարկե, տարակուսելի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկ է անում իր իսկ կողմից ավազակապետական բուրգի ղեկավարներ համարված անձանց, բայց դա թողնենք իր խղճին։

-Ինքը նշում է, որ համոզված է, որ այս նախաձեռնությունը հավանության կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։ Ըստ Ձեզ, նա ի՞նչ է հաշվարկել։

-Ես կարծում եմ, որ անիմանալի են ճամփաները պարոն Տեր-Պետրոսյանի, կասկածում եմ, որ որևէ հաշվարկ կա իր ասածի վերաբերյալ, որովհետև կարծում եմ՝ կհամաձայնվեք, որ հանրայնացումից մեկ օր անց ողջ հանրությունը ոչ միայն չի ծափահարում իր այդ առաջարկին, այլ լրիվ հակառակը։

-Իսկ ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մերժել։

-Ճիշտն ասած՝ ինձ չի հետաքրքրում դա։

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը նման առաջարկ արել։

-Լևոն Տեր-Պետրոսյանը շատ պարզ ասել է, թե ինչու է արել նման առաջարկ՝ որովհետև իրենք պետք է դաշինքով գնան իր իսկ կողմից նախկինում բերված և իր իսկ կողմից որպես ավազակապետեր դիտարկած անձանց և նրանց ուժերի հետ։ Բայց այդ անձինք իրենց մերժել են և բավականին կտրուկ կերպով։

-Այդ մերժումը հավանական դարձնո՞ւմ է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա քաղաքական ուժի մասնակցությունը ԱԺ ընտրություններին։

-Ինձ մոտ կայուն տպավորություն է մի քանի ամիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում է, որպեսզի ինքը և և ՀԱԿ-ը չմասնակցեն ընտրություններին և շարունակ պատրվակներ են փնտրում դրա համար։ Օրինակ, նույն այդ պատմությունը, որ վարչապետը չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար, այդ պատմության շարքից է։ Իսկ ընդհանուր առմամբ ես շատ ցավում եմ, որ մեր երկրի, մեր պետականության հիմքում կանգնած մարդիկ, խոսքը ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է, նույն Վազգեն Մանուկյանի մասին է, որպեսզի իմ աչքերում ստվերեն իրենց իսկ վաստակը։

-Քաղաքական մտածողություն ունեցող մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում առաջին նախագահի երեկվա հրապարակումը։ Իրենք կարծում են, որ Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, որոշակի հաշվարկներ ունի, և քանի որ պնդում է իր առաջարկը, ուրեմն դեռ տարբերակ կա, որպեսզի երեք նախագահները համախմբվեն։

-Եթե ձև կա, ես շատ ուրախ կլինեմ, ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը և հույս ունեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի գլխավորել ավազակադեմոկրատական հեղափոխության ալիքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել