1ԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունները խոսում են այն մասին, որ ԼՂ հակամարտությունը դեռևս կարգավորված չէ. Բենիամին Պողոսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ՝ մայիսի 5-ին, հայտարարություն տարածեցին, որով կոչ էին անում վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը: 

«Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից պահվող 3 ռազմագերիների ազատ արձակումը և երկու կողմերին կոչ են անում ամբողջությամբ և օպերատիվ ավարտել բոլոր բանտարկվածների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և պահպանել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում։

365news.am-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ զրուցել է «Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

-Պարոն Պողոսյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ ՄԽ-ը նույնիսկ պատերազմից հետո շարունակում իր հայտարարություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնել։

-Գիտեք, մենք պետք է ուրախ լինենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդհանրապես, հայտարարություններ է ընդունում ու այդտեղ ոչ միայն ռազմագերիների մասին է խոսում, այլ նաև դրանցում խոսում է հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն երեկվա հայտարարությանն է վերաբերում, այլ նաև ապրիլի 13-ի հայտարարությանը, որտեղ նշում են, որ հակամարտությունը կարիք ունի համապարփակ կարգավորման, որ դրա համար անհրաժեշտ է սկսել կամ վերսկսել քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներ և այդ կարգավորումը պետք է հենվի այն տարրերի և սկզբունքների վրա, որոնք կողմերին վաղուց ներկայացվել էին։ Խոսքը 2007թ.-ից շրջանառության մեջ դրված երեք սկբունքներն են՝ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշում, ինչպես նաև կարգավորման վեց տարրերը։ Չնայած այդ տարրերի մի մասն, ինչպես ասում են, հիմա այլևս «ռելևանտ» չեն, բայց կան տարրեր, որոնք դեռևս «ռելևանտ» են՝ օրինակ Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Առնվազն այս հայտարարություններով ցույց է տրվում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կիսում Ադրբեջանի այն տեսակետը, որ հակամարտությունն այլևս կարգավորված է։ Այս առումով, մենք պետք է գոհ լինենք, որ առնվազն նման հայտարարություններ կան, ու գոնե համանախագահները չեն կարծում, որ ամեն ինչ ավարտված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ երեկվա հայտարարությանը, որում ասում են, որ հավասարության նշան են դնում, ու եթե խոսքը վերաբերում է այն բանին, որ հայտարարության մեջ նշվում էր ականապատված քարտեզների վերաբերյալ տեղեկությունը, ապա բնականաբար պարզ է, որ դա Ադրբեջանի պահանջն է, որովհետև վերջին շրջանում Ադրբեջանն անընդհատ բողոքում է, որ մենք իրենց չենք հանձնում ականապատված տարածքների քարտեզները, որի պատճառով իրենք անընդհատ զոհեր են ունենում։ Այս իրավիճակում, այդքան էլ ճիշտ չի լինի ակնկալել ու ասեմ ավելին՝ իրատեսական էլ չի լինի, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները միայն մեր հարցերի մասին խոսեն։ Ադրբեջանը հստակ հայտարարում է, որ ինքը ԵԱՀԿ ՄԽ-ի կարիքը չի տեսնում կամ առնվազն, ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցությունների անհրաժեշտություն տեսնում է միայն մեկ հարցի շուրջ՝ դա երկու երկրներին համակեցությանը պատրաստելն է։ Այս պայմաններում, եթե ՄԽ-ն միայն հայտարարություններ անի, որ եկեք Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսենք, ազատեք ռազմագերիներին, և որևէ կերպ չանդրադառնա Ադրբեջանի խնդիրներին՝ մասնավորապես ականապատված տարածքների քարտեզներին, ապա Ադրբեջանի բողոքն էլ ավելի կմեծանա ու նա էլ ավելի շատ կպնդի, որ իր համար այդ հարցն արդեն լուծված է։ Ուստի չեմ կարծում՝ մենք այս պահին համանախագահների դժգոհելու պատճառ ունենք, եթե իհարկե իրենց վերցնում ենք, որպես մեկ ամբողջական կառույց։ Բացի դրանից՝ այստեղ նաև մեկ այլ կարևոր բան էլ կա, որ չնայած տարիներ շարունակ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների շարունակական անկմանը, Արցախը դեռևս չի դառնում Ռուսաստան–Արևմուտք կամ Ռուսաստան-ԱՄՆ հակասության հերթական թատերաբեմ, ինչը ևս մեր շահերից է բխում, որ մենք չդառանանք ծավալվող աշխարահաքաղաքական մրցակցության թատերաբեմ։ Եթե նման բան լինի, մենք դրանից ընդհանրապես չենք շահի։

-Անկախ ամեն ինչից, համանախագահները խոսում են ռազմագերիների, բանատարկվածների և կալանավորվածների փոխանակման գործընթացը ամբողջությամբ և օպերատիվ ավարտելու մասին, մինչդեռ բոլորն էլ գիտեն, որ ռազմագերիների պահանջ ներկայացնում է միայն հայկական կողմը։

-Այս դեպքում մենք միայն կարող ենք ենթադրություններ անել։ Մենք ունենք այն երկու վարձկաններին, որոնց Հայաստանում ցմահ դատապարտեցին ու բնականաբար Ադրբեջանի համար նրանք հիմա գոյություն չունեն, հետևաբար նրանք նաև որևէ կարգավիճակ չունեն ու այս դեպքում, ես կարող եմ միայն ենթադրել, որ հետագայում բանակցությունների ընթացքում կարող է ադրբեջանական կողմը բարձրաձանի նաև այս անձանց խնդիրը։ Չմոռանանք, որ 2014թ.-ին, ճիշտ է ոչ վարձկան, բայց երկու դիվերսանտ մտել էին Արցախ, խաղաղ բնակիչ սպանել ու ձերբակալվել, սակայն փոխանակման հենց առաջին փորձի ժամանակ, Հայաստանը նրանց ևս՝ ռազմագերիների հետ միասին հետ ուղարկեց Ադրբեջան։ Բնականաբար մենք հստակ չենք կարող ասել՝ արդյո՞ք համանախագահների հայտարարության ենթատեսքում նրանք այդ վարձկանների վերաբերյալ ինչ-որ ենթադրություններ ունեն, թե ոչ։ Ամեն դեպքում, նորից կրկնեմ, որ մենք չպետք է ակնկալենք, որ համանախագահները կհրաժարվեն իրենց քիչ, թե շատ չեզոք դիրքորոշումից։

-Պարոն Պողոսյան, այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում Արա Այվազյանի հետ ճեպազրույցի ընթացքում, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների մասին, նշեց, որ այն «պահանջված» է, սակայն կարծես թե նաև անուղղակիորեն քննադատեց ԱՄՆ-ին ու Ֆրանսիային՝ հայտարարելով, Ռուսաստանն ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի այս պահին տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանազատման խնդիրներն առաջնային կերպով լուծվեն։ Արդյո՞ք Դուք նման մեղադրանք նկատել եք։

-Ըստ իս, ոչ թե մեղադրանք էր, այլ ակնարկ, որ կարգավորման քաղաքական մասը հիմա առաջ տանելը ճիշտ չէ։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ֆրանսիան հրապարակային չեն հայտարարել, որ հենց հիմա Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի։ Մենք միայն գիտենք, որ Ադրբեջանի նախագահի հետ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի զրույց, որի ընթացքում խոսվել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցությունները պետք է շարունակվեն, դրանից երկու օր առաջ եղել էր նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց, որի ժամանակ կողմերը հայտարարել են, որ պատրաստվում են համաձայնեցնել ԼՂ հակամարտության վերաբերյալ իրենց գործողությունները, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում հանդես գալ նոր նախաձեռնություններով։ Փաստացի Ռուսաստանի դիրքորոշումն այս պահին այսպիսին է. Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այս պահին տեղի ունենա ճանապարհների ապաշրջափակում, ու իրենք գտնում են, որ այս փուլում քաղաքական հարցերի բարձացումը՝ մասնավորապես կարգավիճակի հարցի բարձրաձայնումը, ընդամենը կխոչընդոտի ճանապարհների ապաշրջափակման գործընթացին, ուստի քաղաքական հարցերի քննարկումները պետք է տեղափոխել միջնաժամկետ հեռանկար, քանի որ հույս կա, որ ճանապարհների ապաշրջափակումը, տնտեսական փոխգործակցությունը երկու ժողովուրդներին էլ թույլ կտա հասկանալ, որ խաղաղ ապրելն ավելի ձեռնտու է՝ գոնե սոցիալ-տնտեսական պայմանների տեսակետից։ Այս ամենն էլ ենթադրաբար կարող է մեծացնել քաղաքական խնդիրների լուծման հավանականությունը։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել