1ԳլխավորԼուրերԿարծիք

Օրենքը կանաչ լույս է վառում դասալքության համար. ռազմական փորձագետը՝ զինվորական ծառայությունից խուսափած անձանց համաներում շնորհելու մասին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների նկատմամբ:

Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ, ում կարծիքով՝ այս օրենքը նսեմացնում է բանակի դերն ու նշանակությունը, մինչդեռ դասալքությունները և՛ պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից առաջ պետք է շատ խիստ պարսավանքի ենթարկվեն, պետք է ենթադրվի նաև քրեական պատասխանատվություն։

«Այս օրենքով կանաչ լույս ենք վառում դասալքության համար ու սա, ըստ էության, կարող է շատ վատ ազդեցություն ունենալ Հայաստանի ազգային անվտանգության վրա»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ փորձագետի՝ փորձ է կատարվում առաջին հայացքից անմեղ փաթեթավորմամբ, բայց իրականում շատ վտանգավոր օրենք բերել մեջտեղ ու այդ օրենքը դարձնել նախադեպային՝ հաջորդ նմանատիպ դեպքերի համար։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս բարձրացրած պարտադիր ժամկետային ծառայության ժամկետներում փոփոխություն անելու հարցին՝ նշելով, որ ինքը հույս ունի, որ Փաշինյանի կողմից նման հայտարարություն անելը տեղավորվում է միայն նախընտրական քարոզարշավի շրջանակներում ու ուղղված էր որոշակի խմբերի, որոնց համար այդքան էլ կարևոր չէ երկրի ու հայրենիքի պաշտպանությունը. «Եթե երկրի ղեկավարությունն իրականում նման մտադրություն ունի, դա կարծում եմ, ցավոք սրտի, կլինի մեր պետականության դագաղի վերջին մեխը, քանի որ մեր նման երկիրն իրավունք չունի նման բան մտածելու, որովհետև փաստը ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանում անընդհատ ռազմական գործողություններ են լինում, ուստի՝ մենք պետք է ունենաք մարտունակ բանակ։ Մենք մեր մեջ պետք է ամրագրենք այն միտքն ու գաղափարախոսությունը, որ 18 տարեկան տղան պարտավոր է իր պլանային հաշվարկներում 2 տարի տրամադրի հայրենիքին ծառայելուն։ Սա պետք է անենք՝ ելնելով տարածաշրջանային մեր առանձնահատկությունից»։

Ի տարբերություն ռազմական փորձագետի՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը բուն օրենքի մեջ խնդիր չի տեսնում։

«Հստակ ես չգիտեմ, թե որքան անձ է դիմել Հայաստան վերադառնալու համար, որ նման օրենքի անհրաժեշտություն է առաջացել, բայց ասեմ, որ բուն օրենքում որևէ խնդիր չեմ տեսնում։ Անգամ այս օրենքը չի վերաբերում 2020 թվականի սեպտեբերի 27-ից հետո ծառայությունից խուսափածներին, ուստի՝ այն չի կարող դառնալ նախադեպային»,- նշեց Խաչատրյանը։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close