1ԳլխավորԼուրերԿարծիքՏնտեսություն

Հայաստանն իր անկախացումից ի վեր չի ունեցել վարկերի ամբողջական զրոյացման փորձ. Պարսյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընտրություններից առաջ սկսել է քաղաքացիներին խոստանալ, որ եթե իրենք կառավարություն ձևավորելու հնարավորություն ունենան, կհայտարարեն վարկային համաներում ու կզրոյացնեն քաղաքացիների մինչև 3 մլն դրամ վարկերը։

Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, ում կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ պետք է տա, որպեսզի քաղաքացիները հասկանան՝ խոսքը վերաբերում է տույժ-տուգանքների՞ն, թե՞ ամբողջ գումարը զրոյացնելուն, այսինքն՝ մայր գումարն ու տույժ-տուգանքները զրոյացնելուն։

Պարսյանն, անդրադառնալով առաջին տարբերակին, այսինքն՝ տույժ-տուգանքների զրոյացմանը, նշեց. «Եթե խոսքը գնում է միայն տույժ-տուգանքների զրոյացմանն ու այնտեղ մնում է, որ քաղաքացին վճարի միայն մայր գումարը, ապա ասեմ, որ նման նախադեպ 2-3 տարի առաջ ունեցել ենք: Բանկերին թույլատրվել էր, որ ներեն քաղաքացիների վարկերի տույժ-տուգանքները և դա նվազեցնեն իրենց շահութահարկից։ Այս ժամանակ նաև այն քաղաքացիներին, որոնք գտնվում էին բանկերի «սև» ցուցակներում, հանեցին՝ մաքրելով այդ քաղաքացիների վարկային պատմությունները»։

Տնտեսագետի խոսքով, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նկատի է ունեցել ամբողջ վարկի զրոյացում՝ այսինքն և՛ տույժ-տուգանքները, և՛ մայր գումարը, ապա նման փորձ Հայաստանն իր անկախացումից ի վեր չի ունեցել։

«Վարկի ամբողջական զրոյացնելու նախադեպ Հայստանում չի եղել, բայց միջազգային փորձեր եղել են, երբ որ պետական բանկերը ներում են իրենց քաղաքացիների վարկերը։ Նման նախադեպեր եղել են արաբական մի շարք երկրներում՝ այս կամ այն մեծ իրադարձությամբ պայմանավորված, օրինակ՝ արքայազն է ծնվում կամ թագավորի 50-ամյակն է լինում և այլն։ Նորից նշեմ, որ այս դեպքերում պետական բանկերի կողմից տրվող վարկերի համաներման մասին է խոսքը, որի սեփականտերը պետություններն են»,- մանրամասնեց Պարսյանը։

Տնտեսագետի կարծիքով, եթե քաղաքական ուժերից մեկը, հավակնելով դառնալ թիվ մեկ ուժը երկրում, նման հայտարարություն է անում, նախ պետք է հասկանա ու գնահատի՝ արդյո՞ք պետությունն այդքան գումար ունի, որպեսզի մարդկանց փոխարեն վճարի ու զրոյացնի նրանց վարկերը։

«Այն պարագայում, երբ խոսում են մինչև 3 մլն դրամ վարկերի համաներման մասին, ապա ուղղակի, եթե պատկերացնենք, որ Հայաստանում ունենք 2 մլն վարկառուներ ու նրանց մեծ մասը հենց այդ շրջանակներում են, ապա դա առհելի թիվ է կազմում։ Պայմանական, եթե հաշվարկ անենք, որ 1 մլն մարդ ունի մինչև 3 մլն դրամի վարկ, ապա դա պայմանականորեն կարող է կազմել 500 մլն դոլարից ավել գումար։ Այս պարագայում այդ քաղաքական ուժը պետք է նշի, թե պետությունն այդքան գումար որտեղի՞ց պետք է վերցնի ու տա մասնավոր բանկերին, որպեսզի նրանք էլ զրոյացնեն քաղաքացիների վարկերը։

Բացի դրանից, այստեղ ևս մեկ հարց է առաջանում՝ արդյո՞ք այն քաղաքացիները, որոնք վարկեր չունեն, կցանկանան, որ իրենց պետական վճարների հաշվին փակվի մեկ այլ քաղաքացու վարկ։ Այս հարցերին պետք է նման առաջարկ անող ուժն անպայման պատասխանի»,- ընդգծեց տնտեսագետը։

Մեր զրուցակիցն անդրադարձավ այն փաստին, որ օրինակ՝ պատերազմից հետո բանկերին առաջարկվեց զոհվածների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների վարկերը ներեն, սակայն բանկեր կային՝ ընդունեցին այդ առաջարկը, բանկեր կային՝ չընդունեցին։ Այն բանկերը, որոնք ընդունել ու ներել էին զինծառայողների վարկերը կամ տույժ-տուգանքները, դրանք արել էին իրենց կամքով՝ իրենց շահույթի հաշվին, ու դրա համար պետությունը բանկերին որևէ գումար չի տվել։

Հիշեցնենք, որ միայն տույժ-տուգանքների զրոյացման նախադեպ 2-3 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխությունից հետո՝ Նիրկոլ Փաշինյանի կառավարության նախաձեռնությամբ։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close