1ԳլխավորԼուրերՔաղաքականություն

Հայաստանում կաճեցնեն արդյունաբերական կանեփ

Օրեր առաջ Կառավարության նիստում միաձայն հաստատվեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում ու մի շարք հարակից օրենքներում համապատասխան փոփոխությունների մասին փաթեթը: Իրականում, նախագիծը չի վերաբերում թմրամիջոցների, այն ընդամենը արտադրական կանեփի մասին է: Այսուհետ, Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։

Նախագիծը ներկայացնող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խոսքով՝ արդյունաբերական կանեփն օգտագործում են տեքստիլի, ավտոմոբիլների, կահույքի, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ: Ըստ փոխվարչապետի ներկայացրած տեղեկատվության՝ 1հա տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-210 լ CBD յուղ, 6 տոննա ծղոտ, որը կարող է վերածվել մոտավորապես 1,5 գ մանրաթելի:

Նշենք, որ արտադրական կանեփի աճեցումը թույլատրված է աշխարհի մի շարք պետություններում։ Օրինակ՝ 2019 թվականի դրությամբ, աշխարհի կանեփ աճեցնող առաջատար պետությունների շարքում առաջին տեղում Չինաստանն է, այնուհետև՝ Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Չիլին ու Հյուսիսային Կորեան։

Չինաստանում, որտեղ արդյունաբերական կանեփի արտադրությունը երբեք չի դադարել, 2019 թվականի դրությամբ այդ մշակաբույսին հատկացրել է 81,000-100,000հա հողատարածք։ Չինացիներն այն հիմանականում օգտագործում են մանրաթելերի կամ սննդի արդյունաբերությունում։ Արդյունաբերական կանեփից ստացված տեքստիլն ունի մի շարք դրական կողմեր: Ըստ որոշ հրապարակումների, շուտով չինական բանակի հագուստը ամբողջովին կպատրաստվի այդ տեքստիլից: Հետաքրքրական է, որ Հյուսիսային Չինաստանի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կանեփը շատերին է փրկել սովամահ լինելուց:

Կանադայում 2016-2017 թվականներին կանեփի արտադրության 80% աճ է գրանցվել: Ցանքատարածքները 75,000 հեկտարից հասել են 140,000 հեկտարի: ԱՄՆ 23 նահանգներում արդյունաբերական կանեփի մոտավորապես 78,200 հա ընդհանուր ցանքատարածքներ կան։ 2017 թվականի տվյալներով՝ Ֆրանսիայում կա մոտավորապես 17,400 հա կանեփի ցանքատարածք: Ֆրանսիայում, ի տարբերություն շատ այլ երկրների, այս մշակաբույսը միշտ է մշակվել։

Ընդհանրապես, ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրներում, որտեղ 2011թ. դրությամբ կանեփի ընդհանուր ցանքատարածքները կազմել են մոտ 8 000 հա, իսկ 2017 թվականին եռապատկվել են, հասնելով 42,500 հեկտարի:

Իսկ ահա ԽՍՀՄ տարածքում կանեփի արտադրությունը լայնորեն տարածված էր միայն մինչև 1987 թվականը: 1928-ին Ռուսաստանը կանեփի իր 966,000 հա ցանքատարածքներով աշխարհում առաջատարն էր: Կանեփ հիմնականում աճեցնում էին հարավային Ուկրաինայի, Բելառուսի հանրապետություններում, ինչպես նաև ՌՍՖՍՀ Վոլգայի շրջանի, Հյուսիսային Կովկասի և Արևմտյան Սիբիրի հատվածներում։ Սակայն 1987 թվականին, Գորբաչևյան բարեփոխումների շրջանակներում ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ արգելվեց կանեփի արդյունաբերական մշակումը։ Այնուհետև, 2007թ.-ի հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ Ռուսաստանում նորից թույլատրվեց մշակել թմրամիջոցի չպարունակող արդյունաբերական կանեփի տեսակներ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ստեղծվել են կանեփի 20 տեսակներ, որոնք պարունակում են շատ քիչ քանակությամբ ալկալոիդներ։

Նշենք նաև, որ կանեփի օգտագործման թույլատվությունն ուղղակիորեն կախված է այն բանից, թե կոնկրետ տեսակն ինչքա՞ն տետրահիդրոկաննաբինոլ է պարունակում։ Տարբեր երկրներում այդ պահանջը տարբեր է՝օրինակ Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Ռումինիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Լուքսեմբուրգում թույլատրելի տետրոհիդրոկաննաբիոլի 0,02% պարունակությունը: Իսկ ահա Դանիայում, Ֆիլանդիայում թույլատրվում է միայն մինչև 0,02%, սակայն միաժամանակ անհրաժեշտ է դեղատոմս՝ այն ձեռք բերելու համար: Ավստիայում և Չեխիայում ալկալոիդի մաքսիմալ պարունակությունը սահմանված է 0,03%, Իտալիայում՝ 0,06%, իսկ ահա Շվերցարիայում՝ 1% ։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել