1ԱշխարհԳլխավորԼուրեր

Լոնդոնում մեկնարկել է «Մեծ յոթնյակ»-ի (G7) հանդիպումը

Մայիսի 3-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է «Մեծ յոթնյակ»-ի (G7) հանդիպումը, որն առաջին ոչ առցանց հանդիպումն է վերջին երկու տարվա ընթացքում ։

«Մեծ յոթնյակ»-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման քննարկման հիմնական հարցերն են աշխարհի առանցքային ժողովրդավարական երկրների համագործակցությունը կորոնավիրուսային պատվաստանյութերի հասանելիության ապահովման հարցում, վերականգնվելու ուղղությամբ համագործակցությունը, աջակցությունն աղքատ երկրների աղջիկներին լավ որակի կրթություն ստանալու համար, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարում համակարգված գործողությունները։

Հանդիպման ընթացքում «Մեծ յոթնյակ»-ի երկրները քննարկել են նաև «ռուսական քարոզչության և ապատեղեկատվության» արագ արձագանքման և հակազդման մեխանիզմ ստեղծելու առաջարկը: Նախագիծը հեղինակել է Մեծ Բրիտանիան, որն, ի դեպ, այժմ նախագահում է G7-ը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի համոզմամբ՝ Ռուսաստանի գործողությունները, հարևան երկրներին հասցեագրված սպառնալիքները, «Նովիչոկ» տեսակի քիմիական զենքի կիրառումը, կիբերհարձակումները լուրջ վտանգ են և «Մեծ յոթնյակ»-ը պարտավոր է դրան հակազդել:

«Երբ մենք տեսնում ենք, թե ինչպիսի քարոզչական մեխանիզմներով են սուտ, կեղծ լուրերը տարածվում, մենք կարող ենք ոչ միայն գործել անհատապես, այլև համատեղ պայքարել մարդկանց ճշմարտությունն հասցնելու համար, այդ թվում՝ նաև Ռուսաստանում կամ Չինաստանում։ Մեզ մտահոգել է ռուսական զինված ուժերի կուտակումն Ուկրաինայի սահմանների մոտ, «Նովիչոկ»-ով Ալեքսեյ Նավալնիին թունավորելը, դա արդեն ոչ միայն մարդու իրավունքները խախտելու, այլև քիմիական զենք կիրառելու հարց է:

Դրանից զատ կիբերհարձակումները, որոնք նաև Չինաստանն ու Իրանն են կատարում, մենք և մեր դաշնակիցներն ամենայն ուշադրությամբ ենք քննարկում այդ ամենը: Բրիտանիան տեղեկատվական ոլորտում նվաճումները և հզոր կարողությունները կտրամադրի իր ու դաշնակիցների թվային դիմադրողականությունը խթանելու գործի համար»,- հայտարարել է Ռաաբը:

Նշենք, որ նախկինում Մեծ Բրիտանիան Ռուսաստանին ճանաչել էր որպես իր անվտանգության ամենամեծ սպառնալիքը, իսկ Չինաստանը Լոնդոնում դիտվում է որպես երկարաժամկետ մրցակից՝ ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում: Բրիտանացիները, ինչպես նաև ամերիկյան ղեկավարությունը վերջին ամիսներին բազմիցս անհանգստություն են հայտնել Մոսկվայի և Պեկինի միջև փոխգործակցության ամրապնդման կապակցությամբ: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեղադրել են Ռուսաստանին և Չինաստանին այն բանի համար, որ փորձում են անվստահություն ստեղծել Արևմուտքում կամ արևմտյան դաշնակիցների միջև COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների առաջընթացի ու իրենց կողմից ստեղծված պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ:

Աշխարհի խոշորագույն արդյունաբերական երկրների ղեկավարների միջև հանդիպումներ անցկացնելու գաղափարն առաջացել է 1970-ական թվականներին՝ տնտեսական ճգնաժամի և ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի ու Ճապոնիայի միջև տնտեսական ու ֆինանսական հարցերի շուրջ հարաբերությունների սրման համատեքստում։

Արդեն 1975 թվականին գաղափարն իրականություն դարձավ և Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ ձևավորեցին «վեց» երկրների խումբ, սակայն 1976-ին «վեցյակը» դարձավ «յոթը»՝ նրանց միացավ նաև Կանադան, իսկ 1991-2002 թվականների ընթացքում ձևաչափը քայլ առ քայլ «7+1» սխեմային համաձայն վերափոխվեց «ութնյակի» (G8) ՝ Ռուսաստանի մասնակցությամբ:

Սակայն 2014 թվականի ուկրաինական իրադարձություններից և Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանին հեռացրին «Մեծ ութնյակ»-ի կազմից և 2014 թվականից այն կրկին գործում է«Մեծ յոթնյակ»-ի ձևաչափով:

2020 թվականի հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ Ռուսաստանին այդ հարթակ վերադարձնելու առաջարկով, սակայն խմբի մյուս անդամ երկրները չսատարեցին այս առաջարկին:

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել