1ԳլխավորԼուրերՔաղաքականություն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ուրվագծվող թիմեր. «Հանուն Հանրապետության» և «Բարգավաճ Հայաստան»

Հայաստանում արդեն նշմարվում են ընդդիմադիր դաշտի այն կուսակցություններն ու դաշինքերը, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ 365news.am-ն արդեն անդրադարձել էր ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների՝ դաշինք կազմելու գործընթացի մեկնարկին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ձևավորվող կուսակցությունների դաշինքին և դրանց հնարավոր նախընտրական ցուցակներին։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությունը՝ որպես առանձին քաղաքական ուժ, հաստատել է նաև խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը»։ Ճիշտ է, դեռևս այս քաղաքական ուժն իր ցուցակների մասին չի խոսում, սակայն մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ, ինչպես միշտ, այդ հարցով անձամբ Գագիկ Ծառուկյանն է զբաղվում։ Չնայած որոշ ժամանակ առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ այս ընտրություններին ԲՀԿ կազմում այլևս չեն լինի Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, սակայն հիմա արդեն շրջանառվում է ամբողջապես այլ թեզ, ըստ որի՝ ամեն դեպքում այս անգամ էլ վերոնշյալ անձինք կներգրավվեն ԲՀԿ ցուցակում։ Բնականաբար, դժվար չէ կռահելը, որ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Կարծում ենք՝ այս անգամ ԲՀԿ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Իվետա Տոնոյանը, այնուհետև՝ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը։ Ամենայն հավանականությամբ, առաջատար տեղերում կլինեն Արման Աբովյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Կարինե Պողոսյանն ու Առուստամյան Նորան։ Հետաքրքիր է, որ որոշ տելեգրամյան ալիքներ (դժվար չէ պատկերացնել դրանց պատկանելությունը) պարոն Աբովյանին ներկայացնում են որպես փայլուն հռետոր, ինտելեկտուալ և ԲՀԿ ամենահզոր զենքը, որը կուսակցությունը կարող է հակադրել Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ներկայանում է որպես պահպանողական քաղաքական ուժ, հայտարարել է, որ ոչ մեկի հետ դաշինք չի կազմելու և ընտրություններին կմասնակցի առանձին։ Ստեղծումից ի վեր, ԲՀԿ-ն մասնակցել է բոլոր ընտրություններին, և հաստատապես կարող ենք ասել, որ այն ունի իր կայուն ընտրազանգվածը՝ թե՛ գումարի, թե՛ աշխատանքի դիմաց: ԲՀԿ հիմնական բաստիոն է համարվում Աբովյան քաղաքը և Կոտայքի մարզի մի մասը:

Հաջորդ քաղաքական ուժը, որը սպասվող ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել, Արման Բաբաջանյանի՝ համեմատաբար նոր ստեղծված «Հանուն Հանրապետության» կուսակցությունն է։ Կուսակցությունը ստեղծվել է հեղափոխությունից հետո և քաղաքական դաշտում դիրքավորվում է ազատական գաղափարախոսությամբ: Կուսակցության անդամներն իրենց համարում են թավշյա հեղափոխության իդեալների կրողներ և Փաշինյանի կողմից ժողովրդին տված, բայց չիրականացված խոստումների իրականացման ջատագով:

Այս քաղաքական ուժի ընտրական ցուցակներում ամենայն հավանականությամբ կլինեն կուսակցության ղեկավար խորհրդի անդամները՝ մասնավորապես ցուցակը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Արման Բաբաջանյանը, այնուհետև ցուցակում կլինեն Ռուբեն Մեհրաբյանը, Սարգիս Գրիգորյանը, Արտաշես Խալաթյանը, Ռոբերտ Ղևոնդյանը և այլոք։ Օրեր առաջ կուսակցությունը բավականին ուժեղ քայլ արեց և հայտարարեց, որ կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելու է նաև Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Հավանաբար, Սեդա Սաֆարյանը կուսակցության ցուցակում կլինի 1-ին կին թեկնածուն։ Տեղեկություններ էին տարածվում նաև, որ Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ևս Արման Բաբաջանյանից առաջարկ է ստացել, սակայն դեռևս վերջանական որոշում չի կայացրել։ Բացի դրանից՝ տեղեկատվություն է տարածվում, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությանը միանալու առաջարկ է ստացել նաև փաստաբան Տիգրան Եգորյանը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել