1ԳլխավորԼուրերՔաղաքականություն

Ընդդիմադիր դաշտում ուրվագծվում են քաղաքական ուժերի թիմերը

Հայաստանում արդեն նշմարվում են ընդդիմադիր դաշտի այն կուսակցություններն ու դաշինքերը, որոնք պատրաստվում են ակտիվ հայտ ներկայացնել գործող իշխանությանը հեռացնելու գործում: Սակայն այդ ուժերի քաղաքական թիմերը դեռ նոր են ձևավորվում, ոմանք դեռ չեն էլ սկսել: Այս պահին, բացի ԲՀԿ-ից, այդ դաշտի երկու կարևոր բևեռներն են երկրորդ նախագահի շուրջ ձևավորվող դաշինքը և մնացածը՝ «Հայրենիքն» ու ՀՀԿ-ն:

Ռոբերտ Քոչարյանն արդեն հայտարարել է, որ ինքն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքով, և ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի երկու կուսակցություն։ Օրեր առաջ մամուլում տարածվեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած նախընտրական ցուցակի հնարավոր առաջին տասնյակում ընդգրկված անձանց անունները։ Ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ տեղը կզբաղեցնի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Երրորդը հավանաբար կլինի արդարադատության նախկին նախարար, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը։

Չորրորդ-հինգերորդ տեղերում կլինեն գեներալներ՝ Սեյրան Օհանյան և Յուրի Խաչատուրով։ Ցուցակի հաջորդ կին թեկնածուն կլինի ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։ Երկրորդ նախագահի ցուցակում կլինի նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանը։ Հաջորդիվ կլինեն Ռոբերտ Քոչարյանի վաղեմի աշխատակիցները՝ Արմեն Գևորգյան, Վահե Հովհաննիսյան և Էլինար Վարդանյան։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը, Էլինար Վարդանյանը, որը 2012 թ.-ին համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, եղել են անկուսակցական և նրանց գաղափարական հայացքները հայտնի չեն։ Մինչդեռ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, ենթադրվում է, պետք է որ դավանի սոցիալիստական գաղափարներ: Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության գաղափարական հայացքներին, ապա դրանք դեռևս պարզ չեն, և չի բացառվում, որ բացի բոքսի ռինգի գաղափարախոսությունից, այդ կուսակցությունը, լինելով Սյունիքում ձևավորված քաղաքական ուժ, դավանի նաև Գարեգին Նժդեհի ուսմունքը:

Նախընտրական շրջանի տրամաբանության մեջ իրադարձություններն արագ են զարգանում, և երեկ ականատես դարձանք արդեն մի քանի օր սպասվող իրադարձության՝ ՀՀԿ-ն հայտարարեց արտահերթ ընտրություններին մասնակցելու և Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ նախընտրական դաշինք ձևավորելու գործընթացի մեկնարկի մասին: Ենթադրաբար, բացի «Հայրենիքի» Արթուր Վանեցյանից, Արսեն Բաբայանից, Խաչիկ Գալստյանից, դաշինքի ցուցակում կընդգրկվի ՀՀԿ՝ քիչ, թե շատ ինտելեկտուալ հատվածը, այսպես կոչված «խոսող գլուխներ» Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև միքայելմինասյանական թևի ներկայացուցիչներ Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը, չի բացառվում նաև «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդավար Աբրահամ Գասպարյանը:

Կարծում ենք, կարիք չկա անդրադառնալ դաշինքի մաս կազմող ՀՀԿ-ի գաղափարախոսության մասին, այն բոլորին հայտնի է, 20 տարին բավական էր ծանոթանալու համար: «Հայրենիք» կուսակցության գաղափարական հիմքը դեռևս անհայտ է, պարզելու մեր փորձերն ապարդյուն անցան՝ անդամներից ոմանք տեղյակ չէին և խորհուրդ տվեցին դիմել մամուլի խոսնակին, որի հետ կապվել այդպես էլ չհաջողվեց: Մնում է միայն կռահել՝ կընդունի՞ «Հայրենիքը» դաշինքի գործընկեր ՀՀԿ-ի «կարգո կուլտը»՝ Գարեգին Նժդեհին, թե՞  կառաջարկեն իրենց սեփական գաղափարախոսությունը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել