1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Ես ավելի շատ ձայն եմ հավաքել, քան որոշ կուսակցություններ 2018 թվականին. Նիկոլայ Բաղդասարյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը

Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի։ Դուք ուզո՞ւմ եք վերարտադրվել, պարոն Բաղդասարյան։

– Ես չեմ ուզում ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի անձի կողմից ներկայացված որևէ բան մեկնաբանել։

Նա, հավանաբար, նկատի ունի, որ դուք իշխանության համն առել եք ու այլևս չեք զիջի։

– Չեմ կարող ասել, բայց ես չեմ ցանկանում այդ մարդուն գործոն տեսնել ու նրա ասածները մեկնաբանել։

Իսկ ձեզ չի՞ վախեցնում այն փաստը, որ հանրապետական Արմեն Աշոտյանը «Հայրենիք» կուսակցության ցուցակով մասնակցելու է խորհրդարանի ընտրություններին։

– Երբվանի՞ց է Արմեն Աշոտյանն ինչ-որ մեկին վախեցնում։ Ես չգիտեմ, թե ում է վախեցրել նրա առաջադրվելը, բայց տվյալ սուբյեկտը երբևիցե իր կյանքում ոչ մեկին չի վախեցրել։

Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատար լինելն այդքան աղմուկ հանեց։

– Սոցիալական ցանցերում կան անձինք, այդ թվում՝ ֆեյքերի տեսքով, որոնք վարձատրվում են մեծ աղմուկ հանելու համար։ Ցավոք սրտի, լրատվամիջոցները չունեն այսօր այն ներուժը, որպեսզի կարողանան հակադարձել սոցցանցերում տիրող իրավիճակին և սոցցանցերում հնարավոր է մեկ ֆեյք ավելի մեծ լսարան ունենա, քան բավականին լուրջ ներդրումներ ունեցող զանգվածային լրատվամիջոցը։

Եվ բավարար է ֆեյքի կողմից ինչ-որ բան տարածել սոցիալական ցանցերում,-հիմնականում «Ֆեյսբուք»-ում,-այն անմիջապես մեծ տարածում է ունենում մեր հասարակության մեջ ու այդպիսով այդ ընկալումն իրենք էլ իրենց հերթին են տարածում ու դիսկուրս սկսում։ Սա է եղելությունը, որը, ցավոք սրտի, ԶԼՄ-ների ու լրագրողների բացթողումն է։ Այդ օրակարգով ես, օրինակ, չեմ ուզում շարժվել։

Սակայն այդ դիսկուրսի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը 2018-ին ասաց, որ հրաժարական տված Սերժ Սարգսյանը պաշտոնակատարի կարգավիճակով պաշտոնավարումը շարունակելու իրավունք չունի։ Դուք համաձա՞յն եք նրա հետ։

– Այո, համաձայն եմ։ Իմ կարծիքով՝ այն ժամանակ դա եղել է այլ օրենսդրական իրավիճակում, և ոչ թե՝ գործող, խոսքը վերաբերում է նրան, որ, այո, Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն իրավունք ուներ պաշտոնավարել հրաժարականից հետո, սակայն որպես վարչապետ այդ իրավունքը,-կուզեք ասեմ նաև՝ բարոյական,-չուներ։ Էլի եմ կրկնում՝ այն ժամանակ այլ իրավական ակտեր են գործել, հիմա այլ իրավական ակտեր են գործում, թեպետ, Սահմանադրությունը նույնն է, բայց կարգավորումներն այլ են եղել։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կարող էր պաշտոնավարել, ուղղակի բարոյական պատճառներով չպաշտոնավարե՞ց։

– Այն ժամանակ այլ որոշումներ պետք է կայացվեին։ Այո, իր պաշտոնանկությունից հետո Սերժ Սարգսյանը կարող էր պաշտոնավարել, ինչպես իր հրաժարականից հետո պաշտոնավարեց Կարեն Կարապետյանը։ Այսինքն՝ պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Կարեն Կարապետյանը կարող է պաշտոնավարել, ուրեմն՝ Սերժ Սարգսյանն էլ կարող էր։ Եթե խոսքը վերաբերում է իրավունքին։ Եթե խոսքը վերաբերում է իրավունքին փոխաբերական իմաստով, կարծում եմ, ճիշտ է արել Սերժ Սարգսյանը, որ վարչապետի պաշտոնը փոխանցել է Կարեն Կարապետյանին։ Պետք է արձանագրենք, որ Կարեն Կարապետյանը ևս նկատառումներ է ունեցել այդ պահին, հետևաբար ինքն է վերցրել պետության ղեկավարի ղեկը։

Սերժ Սարգսյանը Արթուր Վանեցյանի հետ, ըստ լրատվամիջոցների, քննարկել է բոլոր դետալները, թե ինչպես ձայներ բերեն «Հայրենիք» կուսակցությանը։ Փաստորեն, ձեր իշխանության օրոք հետ է բերվում ձայներ կորզելու հանրապետական մեթո՞դը։

– Չեմ կարող ասել, թե որտեղից է այդ տեղեկությունը։ Չեմ կարող ասել, որ այդ մասին գրող լրագրողը եղել է Սերժ Սարգսյանի կողքին, երբ այդ հարցը քննարկել են։

Բայց իրենք մասնակցելու են ընտրություններին։

– Բայց Ձեր ասածով իրենք պայմանավորվել են հանցավոր գործունեություն իրականացնել, և Ձեր ասածն այն է, թե մենք համաձա՞յն ենք, որ մեր իշխանության օրոք նրանք իրականացնեն հանցավոր գործունեություն։ Ես կարող եմ վստահեցնել և հավաստիացնել, որ անցյալին հետադարձ չի լինելու ու չի էլ կարող լինել, որովհետև մենք ոլորտ առ ոլորտ փոխում ենք համակարգերը, բարելավում ենք ոլորտները, բացառում ենք ռիսկերն օրենսդրական մակարդակում։

Մենք իրական կյանքում ի՞նչ ենք տեսել՝ կային հարյուրականներ, կային հիսնականներ, կային տասնյակներ, որոնք վերահսկվում էին, փողերը բաժանվում էին, ու մի խոսքով՝ ամեն ինչ վերահսկելի էր։ Հիմա այս բուրգը չի կարող աշխատել, որովհետև իրավական ակտերն են փոփոխվել, երկրորդ՝ իրենք չունեն այն գործադիր կարգադրիչ ֆունկցիաները, որոնք ժամանակին ունեցել են։ Առանց դրանց չի ստացվի։

– Իսկ եթե ես ընտրակաշառք եմ բաժանում, դուք ինձ ձերբակալում եք, գործս ուղարկում եք դատարան, դատարանն ինձ արդարացնում է, չի՞ ստացվում, որ բուրգն աշխատեց։

– Դուք այլ կոնտեքստում եք հարցնում։ Դուք ասում եք՝ արդյո՞ք կգործի կաշառք բաժանելու մեխանիզմով իշխանություն վերադարձնելը, ես էլ ասում եմ՝ ոչ։

Այսինքն՝ ինքնին միայն կաշառք բաժանելը չէր գործում այն ժամանակ, պետք էր վերահսկել, որ կաշառքից հետո անձը գնա ու իր քվեն տա տվյալ կուսակցությանը։ Հիմա այդ տրամաբանությամբ անտրամաբանական է կաշառք բաժանելը։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցադրմանը, այսօր գլխավոր դատախազը պատասխանել է, որ դրա պատասխանատուն ինքն է։ Այսինքն, երբ դատարանները չեն ընտրում խափանման միջոց կամ ոչ օրինաչափ են ճանաչում ձերբակալման արձանագրությունը, դրա օրինականության վրա վերահսկում է Գլխավոր դատախազությունը։ Այսինքն՝ ինքը պետք է բողոքարկի այդ դատական ակտերը, պատգամավորը չի կարող։

Դուք նկատե՞լ եք, որ ձեր մրցակիցները նախկիններն են։ Ու դուք սա ձեր հաջողությո՞ւնն եք համարում, թե՝ ձեր ձախողումը։

– Մրցակիցներին թերագնահատել չի կարելի, դա սխալ մոտեցում է, երբ թերագնահատվում է որևէ կուսակցություն և քաղաքական ուժ։ Սա շատ սխալ է, բոլորն էլ ունեն մեկնարկային հավասար պայմաններ։ Ես լուրջ ուժ եմ համարում Արման Բաբաջանյանի քաղաքական ուժին, Նորայր Նորիկյանի քաղաքական ուժին, ՔՈ-ն, որը համեմատաբար նոր է քաղաքականության մեջ։ Եվ ոչ մի կերպ չեմ թերագնահատում նույն «Լուսավոր Հայաստանին», նույն դաշնակցականներին, նույն ՀՀԿ-ին։

Բայց նոր ուժերը հների փողերը չունեն։

– Փորձ ունենալով ընտրական պրոցեսում, մասնակցելով նախորդ ընտրություններին, հեղափոխության գործընթացներին՝ ասում եմ, որ թյուր ըմբռնում է, թե փողը մեծ դեր է խաղում։ Մեծ դեր են խաղում լիդերի հեղինակությունը և կատարած նախապատրաստական աշխատանքները։

Թյուր ըմբռնում է, որ կարելի է ընտրություններից մեկ շաբաթ առաջ բացել կուսակցություն ու այդ կուսակցությունը գա ու քվե հավաքի։ Նման բան չի կարող լինել, լիդերը, կուսակցության անդամները նախապատրաստական աշխատանքներ են կատարում, համայնք առ համայնք շարժվում են, շփվում են ժողովրդի հետ, յուրաքանչյուր համայնքում ունեն համախոհներ, և այդ համախոհներն ընտրություններից առաջ ձևավորում են իրենց ընտրական զանգվածը։ Եթե դու այդ տնային աշխատանքը չես կատարել ու քո տպավորությունն այն է, թե դու առանց համայնք առ համայնք շրջելու, առանց այդ մարդկանց հետ հանդիպելու, նրանց հոգսը հասկանալու, փորձում ես հրապարակային ելույթներով հավաքել ձայներ, չի ստացվելու։

Ես ինքս ստացել եմ 9300 ձայն, բայց դա չի նշանակում, որ ես շփվել եմ այդ 9300-ի հետ։ Բայց ես շփվել եմ 20 հազար մարդու հետ ընտրական պրոցեսից շատ առաջ, երբ ավագանու ընտրություն է եղել, ես նրանց մեծ մասին անձամբ ճանաչում եմ, այդ մարդկանց մեծամասնության բնակարանում եղել եմ, նրանց հետ թեյ եմ խմել, գիտեմ իրենց երեխաների, թոռների պրոբլեմը, գիտեմ՝ արտասահմանում ինչ խնդիր ունեն։ Այսինքն՝ ես հավաստիացնում եմ, որ իմ ընտրական տարածքում 10 հազար հոգու անձամբ ճանաչում եմ ու շփվել եմ։

Այսինքն՝ այդ մարդիկ ինձ վստահելով գիտեին ինչ խնդիր եմ լուծում, իմ հեռախոսահամարն իրենց մոտ կա, ես նրանց հետ նկարներ ունեմ։ Ես ավելի շատ ձայն եմ հավաքել, քան որոշ կուսակցություններ 2018 թվականին։ Այս աշխատանքն է այսօր արդյունք տալիս։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ՀՀ վարչապետն այսօր բազմաթիվ անձանց հետ շփված, բազմաթիվ անձանց անձնական խնդիրներն իմացող, իրենց ընտանիքը մտած անձնավորություն է։ Իսկ այն մարդիկ, որոնք ուզում են գալ ու խոսում են ազգային արժեքների մասին․․․ Իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչ է ազգային արժեքը, խոսում են քրիստոնեությունից, իրենց թվում է, թե կարող են գնալ հեռուստացույցով հարցազրույց տալ ու դրանով քվե հավաքել։

Չի ստացվելու, այդպես քվե չեն հավաքում։ Այսօր Հայաստանի իրականությունն այն է, որ «Իմ քայլի» պատգամավորներից շատ-շատերը, որոնք ընտրվել են ռեյտինգային ընտրակարգով, տեղերում ահագին աշխատանք ունեն կատարած և այդ պատգամավորին քվե տվածները անձամբ ճանաչելով, անձամբ նրա հետ կապի մեջ եղած մարդիկ են։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել