Իրանի միջուկային ծրագրի իրագործումը նաև Ռուսաստանի շահերից է բխում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի մեկնաբանությունների ձայնագրությունը լայն քննարկման առարկա է դարձել և՛ Իրանում, և՛ Իրանից դուրս, քանի որ բացի նրանից, որ Զարիֆն այդ ձայնագրությունում քննադատում է Իսլամական հեղափոխության կորպուսի «Ալ-Քուդս» էլիտար ջոկատի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, նա նաև Ռուսաստանին մեղադրում էր այն բանում, որ Մոսկվան փորձել է տապալել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրագործումը, քանի որ Արևմուտքի և, մասնավորապես, Միացյալ Նահանգների հետ Իրանի հարաբերությունների բարելավումը և դրա հիմքը համարվող միջուկային գործարքը ձեռնտու չէին Ռուսաստանին։
Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցել է քաղաքագետ Վահրամ Հովյանի հետ, որը համակարծիք չէ, որ Ռուսաստանը դեմ է իրանական միջուկային ծրագրի կյանքի կոչմանը։
«Ռուսական կողմի վարած քաղաքականությանը հետևելու պարագայում պարզ է դառնում, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, շահագրգռված է իրանական միջուկային ծրագրի կյանքի կոչմամբ։ Իրանի միջուկային ծրագրի իրագործումը նաև Ռուսաստանի շահերից է բխում և բխել։ ՌԴ-ն այսօր, սուր հակասություններ ունենալով Արևմուտքի հետ, ունի դաշնակիցների կարիք, իսկ Իրանը կարևոր դաշնակից է իր համար»։
Փորձագետի խոսքով՝ բացի նրանից, որ Ռուսաստանի համար Իրանը կարևոր դաշնակից է, այդ երկրին ձեռնտու չէ նաև տարածաշրջանում ևս մեկ ապակայունացում՝ այն էլ իր սահմաններին մոտ. «Իրանին կարելի է համարել Ռուսաստանի հարավային սահմաններին մոտ գտնվող պետություն, որտեղից եկող ապակայունությունը կարող է վնասել Ռուսաստանին, հետևաբար ՌԴ-ն ամեն կերպ ձգտում է, որ, ի վերջո, գործնականում կյանքի կոչվի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Զարիֆի ասածի տրամաբանությամբ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման ծրագիրն իրականում ևս Ռուսաստանին ձեռնտու չէ, քանի որ դրա արդյունքում տեղի կունենա Հայաստանի և տարածաշրջանի երկրների հարաբերությունների որոշակի կարգավորում ու Մոսկվան կփորձի քողարկված տապալել այդ ծրագրերը, Հովյանը պատասխանեց. «Ապաշրջափակման հարցում դեռևս պետք է ցուցաբերել զգուշավոր լավատեսություն։ Այս պահին միանշանակ դժվար է ասել, որ ապաշրջափակման ծրագիրը կիրականացվի։ Սակայն այդ հարցի տապալումը, որը բավականին հավանական է, կապված կլինի ոչ թե Ռուսաստանի հետ, այլ թուրք-ադրբեջանական նկրտումների հետ։
44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական ախորժակն ավելի է բացվել ու նրանց նկրտումներն էլ ավելի են ավելացել ու փաստացի այդ ամենի պատճառով տարածաշրջանում ոչ թե իրավիճակի լիցքաթափում է եղել, այլ ընդհակառակը՝ ճգնաժամն ավելի է խորացել։ Այս ամենի համատեքստում էլ ես վստահ եմ, որ ապաշրջափակման ծրագրի իրագործման գլխավոր խոչընդոտը ոչ թե ռուսական քաղաքականությունն է լինելու, այլ թուրք-ադրբեջանական նկրտումները»։
Մելինե Պետրոսյան