1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Պատերազմին խանգարելու համար ռազմական մեր կարողությունները բավարար չեղան․ Անդրանիկ Քոչարյան

365news.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ

Պարոն Քոչարյան, Վայոց ձորի բնակիչների հետ հանդիպմանը վարչապետն ասաց, թե ինչ զիջումների էլ պատրաստ լինեինք, պատերազմն անխուսափելի էր։ Ինչո՞ւ էր անխուսափելի։

– Համաձայն եմ այդ տեսակետի հետ։ Պատերազմն անխուսափելի էր և պատերազմի անխուսափելիությունն արդեն տևական ընթացք ուներ, բայց մենք այդ ընթացքին խանգարելու որևէ ձևաչափ չգտանք այս ընթացքում իշխանափոխությունից հետո։ Եվ ինչ տեսակետ էլ ասեինք, քաղաքական ինչ ձևակերպում էլ անեինք, տարիներ շարունակ ձևակերպված մոտեցումները, ՄԱԿ-ի բանաձևերը տարիներ շարունակ մեզ հետապնդում էին։

Եվ խնդիրը, գոնե, հակառակորդի համար պարզ էր, եթե ինքը կուտակում է ռազմական կարողություններ, դա միայն սպառազինությունը չէ, դա կանոնավոր բանակի կառուցումն է, որի մեջ դրա կառավարմանը միտված ջանքերն են՝ հանձին սպայակազմի, որն իր կրթությունը ստացել է ոչ միայն ՌԴ-ում, այլև թուրքական ռազմական ակադեմիաներում, բազմաբնույթ տարբեր կառույցներում, ու ինքն ունեցել է հնարավորությունների ավելացում, կառավարման աջակցություն՝ հանձին Թուրքիայի ու նրա Զինված ուժերի։

Այսինքն՝ բանակցային ոչ մի զիջում չէ՞ր կանգնեցնի պատերազմը։

– Դե, բանակցային բոլոր զիջումների քննարկումները հասել էին ավարտական փուլին, հակառակորդը սպասում էր պատեհ պահի, հարմար առիթի թե՛ եղանակային պայմանների առումով, թե՛ աշխարհում տիրող իրավիճակի առումով, տարածաշրջանում նոր դասավորությունների առումով։ Վերջին հաշվով վերջնական որոշումը կայացվում է մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, ու եթե ամեն ինչ հատվում է մեկ կետում, մնում է միայն որոշում կայացնել։ Որոշումը կայացված էր և այն ի կատար ածվեց։ Ուրիշ բան, որ այդ որոշմանը խանգարելու համար ռազմական մեր կարողությունները բավարար չեղան։ Բայց դա բավարար եղավ, որ 44 օր կռիվ անենք։

Այսինքն՝ կարող էր ավելի վատ լինե՞լ։

– Ես Ձեզ ասեմ՝ 44 օր կռվելը մեզ տվեց քաղաքական հեռանկարի հնարավորություն։ Վերջին հաշվով պարզ դարձավ, որ Ադրբեջանը,-և դա երևաց «Հաղթանակի պուրակի» բացումով,-ցույց տվեց, որ հայատյացությունը նրանց նպատակների ու ծրագրերի մեջ դրված է գենետիկորեն։ Եվ ակնհայտորեն Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ու այդ խնդիրը պետք է լուծում ստանա անհնարինության առումով, անհնար է, որ հայերն ապրեն Ադրբեջանի տարածքում։

Ձեր ասածի պայմաններում ինչպե՞ս է հնարավոր Զանգեզուրի միջանցք բացել, հյուսիս-ադրբեջանական ճանապարհ գործարկել։

– Դրանք հաղորդակցության միջոցներ են, ոչ թե՝ միջանցք։ Վերջին հաշվով նմանատիպ միջանցքներ բացվում են նաև մեզ համար, որոնք փակված են եղել, դեպի Թուրքիա, դեպի Ռուսաստան, այսինքն, այս տարածքների ապաշրջափակման գործընթաց պետք է գնա, որն, ամենայն հավանականությամբ, պետք է մեղմացնի հարաբերությունները, որովհետև շատ կարևոր գործոն կարող են դառնալ տնտեսական առաջնահերթությունները։ Բայց, միևնույն է, ինչքան էլ միջանցքներ բացվեն, կոմունիկացիաներ աշխատեն, հարաբերությունները գան ինչ-որ մի մակարդակի, շատ կարևոր է՝ մենք միասնական անվտանգային համակարգի մե՞ջ ենք, թե՝ ոչ։

Հիշենք՝ խորհրդային տարիներին բացառվում էին ազգամիջյան պատերազմները ԽՍՀՄ տարբեր ազգերի միջև, որովհետև մենք միասնական անվտանգային տարածքի մեջ էինք, կար զսպող գործոն, բայց հակասությունները տարբեր ժողովուրդների մեջ կային, չէ՞։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց կամ արդեն թուլացած վիճակում էր, այդ հակադրությունները գլուխ բարձրացրեցին ու վերածվեցին ամենադաժան պատերազմի։ Նույնիսկ Ռուսաստան-Չեչնիա, և հետագայում, երբ Ռուսաստանը սկսեց վերականգնել իր ռազմական կարողությունները, իր տարածքում սկսեցին սառել բոլոր ազգամիջյան խնդիրները, որոնք տաք էին մնում ԽՍՀՄ այլ պետությունների միջև, ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, Վրաստանի ու Աբխազիայի դեպքում։

Դրանք դեռ կգնան այնքան ժամանակ, քանի դեռ միասնական անվտանգային համակարգը չի զսպում այդ ամենը և ձևակերպում խաղի այն կանոնները, որոնք երկրներին կտեղափոխեն համագործակցության դաշտ առանց սահմանների, ինչպես Եվրամիության դեպքում է։

Այսինքն՝ Հայաստանին ու Ադրբեջանին պետք է միասնական անվտանգային համակա՞րգ։

– Եթե մենք հայտնվենք միասնական անվտանգային համակարգի մեջ, դա կարող է լինել ՀԱՊԿ-ը, բնականաբար, այդտեղ պատերազմի հնարավորությունները կսառեցվեին։ Բայց մինչև սառեցվելը խնդիր կա, և այդ խնդիրը տասնամյակների խնդիր չէ, սա հարյուրամյակների, հազարամյակների խնդիր է։ Մեր Կովկասի տարածքում կամ պատերի տակ անընդհատ տարբեր շահեր գալիս բախվում ու հետ են գնում, գալիս է Ռուսաստանը, գալիս է Պարսկաստանը, դրանից առաջ գալիս է Թամերլանը, մի տեսակ մոգական խնդիր կա, ինչպես Երուսաղեմն է աշխարհի համար որպես հոգևոր կենտրոն։

Չգիտեմ՝ ինձ միշտ թվացել է, որ Արցախը մեր Երուսաղեմն է, որի համար մենք դատապարտված ենք անընդհատ կռվելու։ Բայց մեր ամենակարևոր խնդիրն է, որ հայ մարդն ապրի մեր պապենական հողի վրա, որովհետև այդ տարածքի վրա մենք հետքեր ենք թողել, սերունդներ են ծնվել, հետագայում մեծ հայեր են դուրս եկել նույն Արցախի տարածքից, որոնք գնացել են աշխարհի տարբեր երկրներում մեր անունը, մեր պատիվը բարձր են պահել անհատապես, թե՛ գիտության մեջ, թե՛ ռազմական գործում, անընդհատ լեգենդներ են պտտվում նրանց անվան շուրջ։ Արցախը ոնց որ փղերի ծննդավայր լինի։ Հայաստանը պետք է դառնա փղերի ծննդավայր։ Մեր ամբողջ պոտենցիալը պետք է ներգրավել այն տարածքում, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Եվ ՀՀ-ն է մեր ամբողջ աշխարհով սփռված հայերի անվտանգության երաշխիքը։ Մենք պետք է դա գիտակցենք և առաջնահերթ պետք է ոչ թե դավաճաններ ու դավադրություններ փնտրենք կամ ստեղծենք այդպիսի միջավայր, այլ պետք է ապագային միտված քայլերը ձևակերպենք։

Երկրագնդի վրա բազմաթիվ ազգեր են եղել, որոնցից շատերն այսօր չկան։ Իսկ մենք կանք, մենք բացառիկ ենք, եթե կանք, ուրեմն՝ ի վերուստ մի բան կա մեր մեջ, որը պետք է լինելու երկրագնդի վրա ապրող ցանկացած այլ ժողովրդի։

Դուք ի՞նչ եք կարծում ընդդիմադիրների այն դիտարկման մասին, որ պատերազմը տեղի չէր ունենա, եթե Նիկոլ Փաշինյանը բանակցությունները չսկսեր սեփական կետից։

– Գիտե՞ք ինչ՝ ընդդիմադիրների տեսակետը շատ տարաբնույթ է, բազմաշերտ է։ Եվ այդ տեսակետի մեջ կան մեր երկիրը կառավարած երեք նախագահներ՝ առաջին, երկրորդ, երրորդ, որոնք ունեցել են բացառիկ հնարավորություն իրենց կառավարման տարիներին այս խնդիրը լուծելու։ Հարց է առաջանում՝ ինչի՞ չեն լուծել։ Երեքն էլ ունեցել են այդ հնարավորությունը։ Ի՞նչ է՝ պետք է անընդհատ բանակցեի՞նք։ Բանակցելով մենք հզորանո՞ւմ էինք, թե՝ թուլանում։ Բոլոր բանակցությունների շարունակականության ժամանակային տիրույթում մենք մաշեցրել ենք առաջին պատերազմի հաղթանակները։ Բանակցում էինք ինչի՞ վերաբերյալ՝ տալու, չէ՞։

Եթե տալու վերաբերյալ ես բանակցում, բնականաբար,-փոխզիջումներ, բան, դնենք մի կողմ,-Մադրիդյան, Լավրովյան բոլոր պլաններում գրավյալ տարածքների վերադարձն իմպերատիվ էր։ Եթե դա այդպես էր, դա բերել է նրան, որ առաջնագծի մեր ինժեներական կառույցների վրա լուրջ ներդրումներ չենք արել։ Դա ճակատագրական եղավ երրորդ մեծ պատերազմի ժամանակ։ Ընդդիմադիր դաշտի մեր գործիչները, որոնցից շատերը տասնամյակներ ղեկավարել են մեր երկիրը, վերջին փուլում ձևավորեցին արտախորհրդարանական համակարգ, որի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր, որը եղել է ՀՀ առաջին վարչապետն ու ՊՆ պաշտոնակատարն էր։ Ու ինչո՞վ են նրանք հիմա զբաղված։ Տեսեք, որ նրանք չկան։ Ոնց հայտնվեցին, այնպես էլ լուծարվեցին գնացին, հայտարարեցին մարզային այցեր ու Սևանից հետո ոնց որ խեղդվեցին ու գնացին։ Չկան։

Պարոն Քոչարյան, ձեզ մեղադրում են նաև, որ հաճախ եք վկայակոչում նախկիններին՝ արդարանալու համար։ Այսօր ինչի՞ համար են մեղավոր նախկինները։

– Նախկիններին մեղադրելու սահմանը գծվեց 44-օրյա պատերազմով։ Մենք հիմա ոչ թե պետք է խոսենք նախկինների կատարած սխալների մասին, որի վերջնական պտուղը մեր պարտությունն էր, մենք այսօր պետք է խոսենք ապագայի մասին, ու նախկիններն իրենց սխալների համար պետք է պատասխան տան իրավական դաշտի կարգավորմանը համահունչ։

Ի դեպ, ԼՀԿ-ն այսօր Գևորգ Գորգիսյանի բերանով հայտարարել է, որ նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանին։ Դուք սա նկատե՞լ եք։

– Նախկինների մերժվածությունն այնքան խորքային է, որ ընտրություններին նրանց մասնակցությունը, լինել-չլինելը ես պարզապես չեմ կարողանում ընկալել։

Պարոն Գորգիսյանը նկատի ունի, որ վարչապետն այսօր ուժեղ է նախկինների գոյությամբ։

– Հարց է առաջանում՝ պարոն Գորգիսյանը, իր քաղաքական թիմը և մնացած բոլոր քաղաքական հավակնություններ ունեցող ուժերը, եթե նրանք կան, ինչո՞ւ այս ընթացքում չձևավորեցին քաղաքական այնպիսի հեռանկար, որպեսզի ժողովուրդը այսօրվա իշխանություններին մրցակից տեսնի։ Նրանք մրցակից չեն, նրանք մերժված են, դաշտը բաց է մնացել մնացած բոլոր ուժերի համար։ Բայց իրենք չկարողացան ձևակերպել այն հեռանկարը, որը պետք է հեղափոխության հայտարարած արժեհամակարգի մրցակիցը լիներ։

«Լուսավոր Հայաստանն» ասում է՝ ընտրեք մեզ, որպեսզի ո՛չ նախկինները լինեն իշխանության, ո՛չ էլ Փաշինյանը։

– Որպեսզի ես իրենց ընտրեմ, իրենք մեր ժողովրդի համար պետք է լինեն ընկալելի թե՛ սրտով, թե՛ բանականությամբ։ Երկուսում էլ իրենք չեն տեղավորվել։ Հիմա ընտրությունները ցույց կտան՝ այս 2,5 տարվա ընթացքում ժողովուրդն ընկալե՞լ է իրենց, ո՞ր տիրույթում են նրանք՝ անցյալի, ներկայի, ապագայի, փեսայի։ Ո՞ր տիրույթում են նրանք։ Որովհետև իրենց վերջին մեկշաբաթյա գործունեությունը երբ ես նայում եմ, այնտեղ սեփական օրակարգ չեմ տեսնում, ոնց որ ինչ-որ տեղ պատրաստեն հարցեր, հետո այդ հարցերի պատասխանները հնչեցնելու համար ձևակերպված արձագանքներ ծնվեն։

Որպեսզի իրենք այսօրվա իշխանություններին ընդդիմադիր ուժ դառնան ու հավակնեն իշխանության, պետք է իրենց օրակարգը հստակեցնեն ու այդ օրակարգի կրողների կերպարները պետք է շատ ընկալելի լինեն մեր ժողովրդի համար։ Ամեն ասած չէ, որ ընկալվում է այնպես, ինչպես իրենք կցանկանան։ Նրանց ասածների մեջ պետք է լինեն այնպիսի բաներ, որոնք ժողովրդի սրտից են ծնվում։ Այ էդ սիրտը ոնց որ թե իրենք առայժմ դեռ չեն գտել։

Մհեր Արշակյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close