1ԳլխավորԼուրերԿարծիք

Facebook-ից աննախադեպ արտահոսք, որը շրջանցել է Հայաստանի օգտատերերին

Օրեր առաջ ամբողջ միջազգային մամուլը ողողվեց ֆեյսբուքյան կես միլիարդ օգտատերերի տվյալներով։

Շուրջ 533 մլն օգտատիրոջ տվյալները հրապարակվել են հաքերների ֆորումներից մեկում։ Արտահոսք եղել է աշխարհի 106 երկրների օգտատերերի հաշիվներից։ Ամենաշատ արտահոսքը եղել է Եգիպտոսից (44 միլիոն), Թունիսից (39 միլիոն), Իտալիայից (35 միլիոն), ԱՄՆ-ից (32 միլիոն), Սաուդյան Արաբիայից (28 միլիոն), Մարոկկոյից, Թուրքիայից, Ֆրանսիայից (19 միլիոն), Իրաքից (17 միլիոն), Մեքսիկայից (13 միլիոն) և Մեծ Բրիտանիայից (11,5 միլիոն):

Արդյունքում հասանելի են դարձել հեռախոսահամարները, օգտագործողների լրիվ անունները, նրանց ծննդյան ամսաթվերը, կենսագրական տվյալները և սոցիալական ցանցի եզակի նույնականացման ցուցիչները:

Արտահոսքը հայտնաբերել են կիբեռանվտանգության «Hudson Rock» ընկերության մասնագետները: Ընկերության տեխնիկական տնօրեն Ալոն Գալի խոսքով՝ այս աննախադեպ արտահոսքը կարող է հանգեցնել կիբեռհանցագործությունների կտրուկ աճին։

«Hudson Rock»-ը արտահոսքը հայտնաբերել էր դեռևս հունվարին այն բանից հետո, երբ հաքերային ֆորումներից մեկի օգտատերերից մեկը սկսեց գովազդել Telegram-ի բոտ, որը թույլ է տալիս նվազագույն վճարով ձեռք բերել Facebook-ի օգտատերերի հեռախոսահամարները:

Ալոն Գալի համոզմամբ՝ արտահոսքի պատճառն այն է, որ Facebook-ն օգտատերերի տվյալներին անփութորեն է վերաբերվում։

Գալը հրապարակել էր նաև վերը նշված 106 երկրների ցանկը, որտեղ նշված է նաև այդ երկրներից կոտրած օգտահաշիվների քանակությունը:

Հետաքրքրականն այն է, որ տվյալներն ուսումնասիրելուց մենք հայտնաբերեցինք հետաքրքիր մի առեղծված՝ այն երկրների ցանկում, որտեղից որ արտահոսք էր եղել, Հայաստանը չկար, մինչդեռ տարածաշրջանային մյուս երկրները՝ Ադրբեջանն ու Վրաստանը կային։ Ի դեպ, Ադրբեջանից եղել է 99,472 օգտատիրոջ, իսկ Վրաստանից 95,193 օգտատիրոջ տվյալների արտահոսք։

Մեզ մոտ հարց ծագեց, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանից արտահոսք չի եղել: Անշուշտ, դա շատ լավ է: Բայց և այնպես… Ի՞նչ է՝ մեր կիբեռտարածությունն այդ աստիճանի պաշտպանվա՞ծ է:

Այս առեղծվածը հասկանալու համար 365news.am-ը զրուցեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանը կարողացել է խուսափել այս ցուցակում հայտնվելուց, փորձագետը պատասխանեց. «Դա որևէ երկրի հետ կապված չէ ու կոնկրետ արտահոսքը միայն Facebook-ից է եղել։ «Լոտո» խաղի նման է եղել, այսինքն՝ բախտի բան է եղել։ Հայաստանի՝ այդ ցուցակում չհայտնվելը չի նշանակում, որ մենք ապահոովագրված ենք կիբեռհանցագործություններից»։

Մարտիրոսյանի խոսքով՝ ամեն դեպքում չենք կարող հաստատ իմանալ՝ արդյո՞ք որևէ երկիր թիրախավորվել է, թե՝ ոչ, քանի որ դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչ է արվել ու ինչպես, բայց կարծում եմ՝ այս պարագայում ինչ կարողացել են, «քերել են» սկզբունքով է եղել։

Մեդիափորձագետն, անդրադառնալով Facebook-ի այն հայտարարությանը, որ հրապարակված տվյալները հին են ու դրանք հաղորդվել էին 2019 թվականին, իրենք այդ խնդիրը հայտնաբերել և շտկել են հենց 2019-ի օգոստոսին, նշեց. «Նման տվյալների արտահոսքի հետ, սովորաբար, նման կերպ է լինում, այսինքն՝ այսպես, թե այնպես դրանք ավելի ուշ են տարածվում։ Ինչ-որ հաքերային խումբ ինչ-որ ձևով տվյալները հավաքում է, բայց որոշ ժամանակ հետո նոր հանրայնացվում է։ Նորմալ է, որ ամենաթարմ տվյալները չեն հայտնվում համացանցում»։

Խոսելով արտահոսքերի հիմնական նպատակների մասին՝ Մարտիրոսյանն ընդգծեց. «Նպատակները տարբեր են լինում։ Լինում են, որ «վնաս» տալու համար են անում, ու այդ դեպքում տվյալները միանգամից հանրայնացվում են։ Դա հիմնականում ինչ-որ կոնֆլիկտային զոնաներում է լինում։ Օրինակ՝ ադրբեջանցիները հենց մի բան են կոտրում, միանգամից դրանք գցում են ցանց՝ ցույց տալու համար, որ նման բան են արել։ Լինում են դեպքեր, երբ արտահոսքի արդյունքները հաքերներն օգտագործում են այնքան, որքան որ իրենց է պետք և հետո՝ որոշ ժամանակ անց նոր հանրայնացնում են»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել