ԺամանցԼուրերԿարևոր

«Շատ դժվար էր, որովհետև եզդիները երբեք բեմ չէին բարձրացել, բայց մենք հաղթահարեցինք». ինչպե՞ս ստեղծվեց եզդիական առաջին թատրոնը

Մեկ տարուց ավելի է՝ «Եզդիների կողքին» նախաձեռնության շնորհիվ ստեղծվել է եզդիական առաջին թատրոնը: Հիմնադիրը ՝ Գրետա Ալեքսանյանը պնդում է, որ կրթական ծրագիրը միտված է վեր հանել եզդիական մշակույթի գանձերը և ավելի հասանելի դարձնել: Թատրոնի առաջնախաղը եղավ «Կռիվ ու սեր» բեմադրությամբ, որը նվիրված էր Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Գրետան պատմեց, որ դերասանական կազմում Արցախյան պատերազմի մասնակիցներից էլ կային:

«Շատ կարևոր է, որպեսզի մեր թատրոնն ունենա կայուն խաղացանկ, պետք է լինեն նոր ներկայացումներ, հիմա ես աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի մեր դերասանները կրկին բեմ բարձրանան: Կունենանք ներկայացումներ նաև փոքրիկների համար, բայց այդ ամենը մի քիչ ժամանակ և ջանքեր է պահանջում, քանի որ չունենք պահպանված գրականություն: Պետք է նորը գրվի, թարգմանվի և հասանելի դարձնենք բոլորին»,- 365news.am -ի հետ զրույցում նշեց Գրետան:  

Նա ափսոսանքով նկատեց, որ դերասաններից մի քանիսը մեկնեցին արտասահման և խումբը ինչ-որ ձև կազմալուծվեց, բայց չի վհատվում, չի տխրում և վստահ է՝ մեծ աշխատանքների շնորհիվ կգտնի նվիրյալների, որոնք համարձակություն կունենան բեմ բարձրանալու: 

«Դերասաններից ոչ ոք թատերական կրթություն չունի, նրանք պարզապես իրենց գործի նվիրյալներ են, ովքեր համարձակություն են ունեցել բեմ բարձրանալու: Մենք սիրողական թատրոն ենք ստեղծել, բայց շատ դժվար էր, քանի որ եզդիները երբեք բեմ չէին բարձրացել և այդ ամենը հաղթահարել էր պետք: Այս ամենը մենք կարողացանք անել Էջմիածնի Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ Բաբախանյանի շնորհիվ, ով եռամյա դասընթաց իրականացրեց եզդիների հետ, և կարողացանք այս փուլը հաղթահարել պատվով: Մենք հասանք այն արդյունքին, որ Հայաստան աշխարհում ստեղծվի եզդիների կարևոր մշակութային տունը և եզդիական թատրոնը: Ինձ համար առաջնային նպատակ է, որպեսզի եզդիական մշակույթը հասանելի լինի, քանի որ ունենք խնամքով թաքնված արժեքներ, որոնք պետք է վեր հանել, որովհետև շատերը դրանց մասին տեղյակ չեն»,- ասաց նա: 

Գրետա Ալեքսանյանը «Եզդիների կողքին» նախաձեռնության շրջանակներում բազմաթիվ մշակութային միջոցառումներ է կազմակերպել. «Ունեցանք հայ-եզդիական մշակութային երաժշտական երեկո նույնպես, որի շրջանակներում ներկայացան հայ մտավորականները և եզդիական մշակույթի ներկայացուցիչները, ովքեր ունեցան հնարավորություն իրար հետ ծանոթանալու, ներկայացնելու իրենց արվեստը»: 

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել