1ԳլխավորԼուրեր

Հայաստանի եզդիներն այսօր նշում են իրենց Նոր տարին կամ ինչպես իրենք են անվանում՝ Տարեգլուխը

Աշխարհի  տարբեր  ծայրերում  ապրող  եզդիներն  այսօր  նշում են իրենց Նոր  Տարին, որը կոչվում է Տարեգլուխ (Սարսալ): Տոնի  մեկնարկ է համարվում  ապրիլի  13-ին  հաջորդող  առաջին  չորեքշաբթի  օրը: Այն սովորաբար  անվանում  են  «Տարեգլխի չորեքշաբթի»:  Ըստ  եզդիական  անվանդույթների,  հենց  այդ  օրն  Աստված  ավարտեց  աշխարհի  արարումը:

Եզդիները  հավատում  են,  որ  մի  քանի  հազար  տարի  առաջ  այս  օրը  Մալակե  Տաուսն  իջել  է  երկիր  ու  Աստծո  պատգամները հաղորդել է եզդիներին,  այդ  իսկ  պատճառով  չորեքշաբթին  իրենց  մոտ  սուրբ օր  է:  Ըստ  ավանդույթի,  Մալակե  Տաուսը  իջավ  նոր  ստեղծված  երկիր։ 

365news.am-ի  հետ  զրույցում  եզդի  համայնքի  ներկայացուցիչ,  Հայաստանի  վաստակավոր  լրագրող  Հասան  Թամոյանը  նշեց,  որ  եզդիների  մոտ  «Նոր  Տարի»  եզրույթ  չկա  ու  իրենց  մոտ  այդ  օրը  կոչվում  է  «Տարեգլուխ»։

«Այս  տոնը  հայաստանբնակ  եզդիները  երկար  տարիներ  չէին  նշում,  սակայն  մոտ  20  տարի  է, ինչ  սկսել  և  մինչ  այժմ  էլ  շարունակում  են  նշել։  Այն  ծեսերը,  որոնք  մեր  բնօրրանում  եղել  են  և  հիմա  էլ  կան,  այնքան  էլ  չեն  համընկնում  Հայաստանում  անցկավող  ծեսերի  հետ»,-նշեց  Թամոյանը։

Թամոյանի  խոսքով՝  չորեքշաբթի  օրը  եզդիների  մոտ  համարվում  է  սուրբ  օր ու  փորձում  են  այդ օրն ավելի  շատ  տրվել  հոգևոր  արժեքներին՝  կտրվելով  աշխարհիկ  կյանքից։

Մեր  զրուցակցի  ընդգծմամբ՝  ըստ  եզդիների  կրոնական  հիմների (Ղավլեր և Բեյթեր),  տարեգլխի  օրը  եզդիներն  այցելում  են  գերեզմանոց  և  այդ  օրը  նշում  են նաև որպես ննջեցյալների  տոն.  «Մենք  հավատում  ենք,  որ  հոգին  հավերժական  է,  և  ի  տարբերություն,  օրինակ, քրիստոնյաների՝  մենք  առաջինը  շնորհավորում  ենք  ննջեցյալների,  նոր  հետո՝  ողջերի  տոնը։  Մենք  հավատում  ենք,  որ  երբ  մենք  գնում  ենք  գերեզմանոցներ,  ննջեցյալների  հոգիներն  այդ  օրը  գալիս  են  տուն։ Ըստ  ավանդույթի,  գերեզմանոցում  մենք  հոգեհաց  ենք  տալիս,  ու  բոլորն օգտվում  են  այդ  բարիքներից»։

Нет описания.

«Երեքշաբթի օրը տան տիրուհին յոթը համից մեծ գաթա է թխում(կլոճ), որի մեջ դնում է սովարաբար սև ուլունք։ Չորեքշաբթի առավոտյան տան տերը ընտանիքի բոլոր անդամների ներկայությամբ կլոճը բաժանում է համապատասխան մասերի, ում բաժնում հայտնվեց ուլունք, տարվա հաջողությունը կապում են նրա հետ։ Այս ծեսը շատ է ուրախացնում հատկապես տան երեխաներին»,-նշեց Թամոյանը։

Нет описания.

Թամոյանի  խոսքով՝  օրինակ  Իրաքում,  որտեղ  կա  եզդիական  մի  քանի  սրբավայր,  երիտասարդներն  առավոտյան  գնում  են  դաշտ,  հավաքում  ծաղիկներ  ու  դրանցով  զարդարում  են  տների  պատուհաններն ու  դռները։ Իրաքում  եզդիներն  այդ  օրը  նաև  ձու  են  ներկում՝  հիմնականում  կանաչ,  կարմիր,  դեղին  և  թողնում սպիտակ։  Այդ  ձվերի  կեղևների  մի  մասը  հավաքում,  տանում  ու  տարածում  են  իրենց  հողատարածքներում՝  հուսալով,  որ  դա  բերրիություն  կբերի։

«Ապրիլ  ամսին  եզդիրները  կարծում  են՝  պետք  չէ  ճանապարհորդել,  ամուսնանալ,  քանի  որ  համարվում  է,  որ  ապրիլը  12  ամիսների  մեջ  «հարսն»  է»,-ընդգծեց  Թամոյանը։

Խոսելով  եզդիական  այլ  ավանդույթների  մասին՝  Հասան  Թամոյանն  ընդգծեց,  որ  եզդիները  պետք  է իրենց  տներում  աղոթեն՝ դեմքով  դեպի  արևելք  կանգնած։ 

Нет описания.

Անդրադառնալով  Հայաստանում  ապրող  եզդիական  համայնքին՝ Հասան  Թամոյանը  նշեց,  որ  վերջին  մարդահամարի  տվյալների  համաձայն`  Հայաստանում  ապրում  է  մոտավորապես  35,000  եզդի, ու  համարվում  են  Հայաստանում թվով  ամենամեծ  ազգային  փոքրամասնությունը.  «Մեծ թվով եզդիներ  ապրում  են  Արմավիրի  և  Արարատի  մարզերում,  սակայն  Հայաստանի  միայն  4  մարզում  է,  որ  եզդիներ  գրեթե  չեն  ապրում՝  Գեղարքունիքի,  Տավուշի,  Վայոց  Ձորի  և  Սյունիքի,  իսկ  Հայաստանի  մնացած  տարածքներում  եզդիներ  կան»։

Հասան  Թամոյանի  խոսքով՝  եզդիները  Հայաստանում  «Հանրային  ռադիոյի»  եթերում  ամենօրյա  75  րոպեանոց  ռադիոհաղորդում  ունեն,  որը  հիմնել  և  ղեկավարում  է  հենց  ինքը՝  Հասան  Թամոյանն,  ու  այդ  հաղորդումն  աշխարհում  իր  նախադեպը  չունի։ Դրանից  զատ՝ ունեն  եզդիերեն 1-12-րդ դասարանների համար նախատեսված դասագրքեր, որոնցով մոտ 6 տասնյակ դպրոցում դասավանդում են եզդիերեն և եզդի գրականություն,  6  համայնքում  եզդի  համայնքի  զավակների  անուներով  կան  դպրոցներ,  Հայաստանում  կան  եզդի  համայնքի  զավակների  անուններով  անվանակոչված  փողոցներ  և  այլն։ 

«Հայաստանում մեր ինքնապահպանության և զարգացման համար կան բոլոր հնարավորությունները», – ընդգծեց  Թամոյանը։

Մեր բանախոսը խոսեց նաև համայնքում եղած խնդիրների մասին՝ նշելով, որ ամենալուրջ խնդիրը լեզվի մոռացությունն ու դպրոցականների՝ անկանոն դպրոց հաճախելն է։

Նշենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին՝ եզդիական «Տարեգլխի» առթիվ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն էլ իր Թվիթերյան էջում շնորհավորել է Հայաստանի և աշխարհի եզդիներին` հատուկ  ուղերձ հղելով Հայաստանի եզդի ընտանիքներին, ովքեր ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում կորցրեցին իրենց սիրելիներին:

Մելինե  Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել