1ԳլխավորԼուրերԿարծիքՄիջազգային հարաբերություններ

Դեպի Բելառուս` գինի, մրգեր և, իհարկե՝ նավթ, դեպի Ադրբեջան` կաթ, միս և, իհարկե՝ սպառազինություն

Երեկ Բաքվում կայացել է Ալիևի ու Լուկաշենկոյի հանդիպումը: Հանդիպումը տևել է մոտ 5 ժամ և ավարտվել միայն կեսգիշերին: Ինչպես հաղորդում են, նրանք քննարկել են հիմնականում միջազգային գործերը:

Այսօր անցնում են երկու երկրների ղեկավարների արդեն պաշտոնական բանակցությունները: Օրակարգում են առևտուրը, զբոսաշրջությունը, առողջապահությունը և գյուղատնտեսությունը: 1994 թվականից ի վեր երկրների միջև գործում է ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիր:

Ավանդաբար, Ադրբեջանից Բելառուս են ներկրվում հյութեր, ընկույզներ, գործվածքներ, նավթաքիմիական նյութեր և ալկոհոլային խմիչքներ: Բելառուսն Ադրբեջանին մատակարարում է տրակտորներ, բեռնատարներ, վագոններ, միս և կաթնամթերք և, իհարկե, սպառազինություն:

Երկու երկրների առևտրի ծավալները Sputnik-ի պատրաստած հետևյալ ինֆոգրաֆիկայում՝

Սակայն, ի թիվս վերը նշված ապրանքների, 2021 թվականին Բելառուսը նախատեսում է նաև 1 միլիոն տոննա նավթ գնել Ադրբեջանից: Եվ, ամենայն հավանականությամբ, Բելառուսի համար այս, կարելի է ասել՝ ռազմավարական համագործակցությունն էլ ավելի է զարգանալու:

Այստեղ հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանը ևս մեկ հարցում է բացեիբաց հակադրվում Ռուսաստանին: Դժվար է գերագնահատել նավթաքիմիական արդյունաբերության կարևորությունը Բելառուսի տնտեսության համար: Այստեղ միավորվել են երկրի ամենամեծ և ռազմավարական կարևոր արդյունաբերական համալիրները, որոնք աշխատանք են ապահովում, այդ թվում՝ նաև այլ ոլորտներում:

Բելառուսն արտադրում է վառելիքի տարբեր տեսակներ՝ բենզին, կերոսին, դիզել և ամենաշատ քսանյութեր (մազութ, յուղեր, պարաֆիններ, որոնք պատրաստվում են հում նավթից: Որպես կանոն՝ այդ հում նավթը ներմուծվում է Ռուսաստանից, որը Բելառուսի համար սահմանելով հատուիկ ցածր գին՝ տարիներ ի վեր աջակցել է բելառուսական տնտեսությանը՝ ապահովելով վերջինիս արտադրանքի մրցունակությունը եվրոպական շուկաներում: Սակայն Ռուսաստանի և Լուկաշենկոյի միջև վերջին տարիների լարվածության արդյունքում վերջինս փորձում է դիվերսիֆիկացնել հում նավթի մատակարարման աղբյուրները: Եվ հենց այս հարցում էլ մի բռնապետին օգնության է գալիս մյուս բռնապետը՝ Ալիևը, որը, մատակարարելով իր հում նավթը, փաստորեն, օգնում է Լուկաշենկոյին նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: Թե ինչի՞ դիմաց է Ալիևը գնում այդ ռիսկերին, դա այլ խնդիր է, որը Բելառուսի դաշնակից Հայաստանը զգաց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ «Պոլոնեզ» համազարկային կրակի կայանքների տեսքով:

Անահիտ Փանոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close