1ԳլխավորԼուրերՀարցազրույց

Կրեմլը ընդունակ չէ առաջարկել որևէ դրական օրակարգ

Ռուս-ուկրաինական վերջին առճակատման և Արևելյան Ուկրաինայում լարված իրավիճակի վերաբերյալ 365news.am-ը զրուցել է Բանակի, կոնվերսիայի և զինաթափման հետազոտությունների կենտրոնի Հարավային Կովկասի (Թբիլիսի) գրասենյակի ղեկավար Վլադիմիր Կոպչակի հետ

– Պարոն Կոպչակ, ինչպիսի՞ն են այսօր ռուս-ուկրաինական հարաբերությունները:

– Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի որոշ հատվածների զավթումից հետո Ուկրաինան և Ռուսաստանը 8-րդ տարին է, ինչ փաստացի գտնվում են պատերազմական իրավիճակում: Ավելին ասեմ՝ պատերազմը «հիբրիդային» է: Հենց Ուկրաինայի դեմ Կրեմլի ագրեսիայի ձևաչափն էր, որ աշխարհին տվեց այդպիսի, ըստ էության, այդ հայտնի հասկացությունը: Ավելի քան 13 հազար զոհված ուկրաինացի…

Ներկայումս դիմակայության հիբրիդային բնույթը որոշում են հետևյալ պահերը. Ռուսաստանում հասկանում են, որ իրենք ի զորու չեն ռազմական ճանապարհով զավթել և, որ ամենակարևորն է, վերահսկել 40 միլիոն բնակչություն ու համապատասխան տարածք ունեցող պետությունը։ Ուկրաինայի՝ Մոսկվայի շահերի ուղեծրից հեռանալը փաստացի խափանում է ռուսական կայսերական նախագիծը, որը Կրեմլը փորձում է վերակենդանացնել, այսպես կոչված, «աշխարհաքաղաքական խոշոր աղետից» հետո (ԽՍՀՄ փլուզման մասին Պուտինի հայտնի մեմը, որը վերջին անգամ ի հայտ եկավ, ի դեպ, 44-օրյա պատերազմի արդյունքների և Հարավային Կովկասի նոր իրողությունների լույսի ներքո):

Ուստի՝ ՌԴ կողմից գործարկվել է տարատեսակ ճնշումների և ազդեցությունների համակարգ տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ ոլորտներում՝ Ուկրաինան իր շահերի ոլորտ վերադարձնելու համար։ Կամ էլ որպես միջանկյալ նպատակ քաոսի ստեղծում, որը պիտի ոչնչացնի ուկրաինական պետականությունը:

Պետք է խոստովանեմ, որ Կիևի հակադրությունը Կրեմլին նույնպես հիբրիդային բնույթ ունի: Պատճառները շատ են, որոնց նկարագրությունը հնարավոր չէ տեղավորել բլից հարցազրույցի ձևաչափի մեջ: Կրեմլի գործակալները շատ տարբեր ոլորտներում իրենց շատ հանգիստ են զգում Ուկրաինայում: Կիևն, իհարկե, պայքարում է ռուսական 5-րդ շարասյան հետ, սակայն այդ պայքարը դեռ չի կրում համակարգային բնույթ:

Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում լարվածության սրացումը:

– Պատճառները մի քանիսն են։ Մոսկվան չի տեսնում և սկզբունքորեն չի էլ ճանաչում Ուկրաինայի սուբյեկտայնությունը: Նման մոտեցումը վերաբերում է նաև Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին և այլն: Կարծում եմ, որ այսօր հայկական լսարանի համար իմաստ չունի բացատրել, թե ինչ է նշանակում այնպիսի հասկացություն, ինչպիսին է «հակամարտությունների կառավարումը»՝ հետխորհրդային երկրների վերահսկողության և ազդեցության համակարգ ստեղծելու նպատակով: Ուկրաինայի դեպքը (առաջին հերթին Վրաստանի և Մոլդովայի ֆոնի վրա) առանձնանում է նրանով, որ Կիևը շարունակում է պայքարել: Եվ բանակցային ու դիվանագիտական ​​ճակատում հրաժարվում է ընդունել կապիտուլյացիայի տարբերակը: Իսկ ՌԴ-ն միայն այդպես է տեսնում «հակամարտության խաղաղ կարգավորումը»: Մնացած ամեն ինչն ընդամենը հետևանքներ են, էմոցիաներ և անտուրաժ։

Մեկ այլ պահ է ռուսական ճնշումն ու շանտաժը «մկանների ճկման» միջոցով: Շանտաժի ենթարկելով ոչ միայն Կիևին, այլև Արևմուտքին ու առաջին հերթին՝ Վաշինգտոնին: Տարբեր ուղղություններով նպատակն է նախ համոզել, որ հետխորհրդային տարածքը (և ոչ միայն Ուկրաինան) ռուսական կալվածք է, Ղրիմի և Դոնբասի մի մասի օկուպացիայի համար պատժամիջոցների վերացումը, Վաշինգտոն–Պեկին նշմարվող աշխարհաքաղաքական դիմակայությունում իր դիրքերի ֆիքսումը և այլն։ Շատ հարցեր են շերտերով կուտակվել:

Մոսկվան հասկանում է, որ այլևս այս ամենից հենց այնպես հեշտությամբ դուրս չի գա: Դրան գումարած Մոսկվայի հիմնական «կայսերական» խնդիրը՝ Կրեմլը ընդունակ չէ էքսպանսիայի օբյեկտին առաջարկել որևէ դրական օրակարգ՝ միայն ուժային ճնշում: Իսկ այդպիսի էքսպանսիայի հետ չեն ցանկանում համակերպվել այս դեպքում Ուկրաինան և նրա մի շարք գործընկերներ՝ չնայած նրան, որ վերջիններիս անհամաձայնությունը դեռևս սահմանափակվում է ընդամենը «խորը մտահոգություն» արտահայտելով:

– Պարոն Կոպչակ, ըստ Ձեզ, արդյո՞ք ակտիվ ռազմական գործողություններ կսկսվեն:

Ռազմական գործողությունները, այսպես թե այնպես, արդեն 8-րդ տարին է՝ չեն դադարում: Տարեսկզբից ի վեր՝ նույնիսկ «զինադադարի ընթացքում», մենք ունեցել ենք ավելի քան 20 զոհ: Վերջերս, վերը նշված պատճառներից ելնելով, ՌԴ-ն փաստացի դուրս եկավ նաև զինադադարի այս ռեժիմից: Լայնամասշտաբ պատերազմ կարող է սկսել ցանկացած իսկ կայծից: Ձեր հարցն, ի դեպ, շատ լավ բնութագրում է ընթացիկ պահի առանձնահատկությունները: Եթե հարկ լինի հարձակվել, ապա հենց, այսպես ասած, «մեկնարկի» հետ էլ ռուսները խնդիր ունեն: Շատ դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է, ապահովել, այսպես կոչված, «նրանք այնտեղ չկան» ձևաչափը (ինչպես դա արվեց Ղրիմում և Դոնբասում), իսկ բացեիբաց արշավի համար Ռուսաստանին անհրաժեշտ է «նոր Գլեյվից» (Գլեյվիցում գերմանական ռադիոկայանի վրա լեհական հարձակման բեմադրություն, որը պատրվակ էր ստեղծում Լեհաստանի վրա գերմանացիների հարձակման համար), ինչի հետ նոււյնպես կան խնդիրներ:

Տեսեք՝ Կրեմլի բոլոր արտաքին հատուկ գործողություններն այս կամ այն ​​կերպ իրականացվում են քայլ առ քայլ միասնական բանաձևի համաձայն՝ «ստեր, շանտաժ և սադրանք»: Այժմ մենք ականատես ենք լինում ստի, անգամ ռուսական պրոպագանդայի չափանիշներով լայնածավալ, ակտիվացման: Օրինակ՝ «ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գրոհները Դոնբասի երեխաների դեմ», «Կիևը Թուրքիայի հետ միասին պատրաստում է ղարաբաղյան սցենար Դոնբասի համար», ՌԴ նախագահի օգնական Կոզակի բարձրաձայնած զուգահեռները Սրեբրեննիցայի հետ, այս ամենը ռուսական ստի տարբերակներն են: Եվ ամենակարևորը՝ այդ ստերի աբսուրդայնության աստիճանը ոչ մի կերպ չի նվազեցնում ռուսական սպառնալիքների մակարդակը, ընդհակառակը շանտաժը, ինչպես տեսնում եք, բոլոր ճակատներում է: Մենք հիմա գտնվում ենք «սադրանքի» սպասման փուլում, և եթե որոշում կայացվի գրոհելու մասին, այն, անշուշտ, կկազմակերպվի առանց հապաղելու, չկասկածեք։

Շատ փորձագետներ պնդում են, որ Ուկրաինան ռուս-ամերիկյան բախման նոր թատերաբեմ է: Արդյո՞ք համաձայն եք նման պնդման հետ:

– Չեմ կարծում, որ այսօր Հայաստանի կամ Ուկրաինայի լսարանը հետաքրքրված է լսել ռուսական քարոզչության մաշված կլիշեները: Ի դեպ, սա Ուկրաինայում ռուսական հինգերորդ շարասյան մեմերից մեկն է: Նրանք անընդհատ դեռ խոսում են «արտաքին կառավարման» մասին, որ «պատերազմը ձեռնտու է Արևմուտքին, որպեսզի քանդի Ռուսաստանը» և այլն: Իրականում յուրաքանչյուրը կարող է ունենալ շահ, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր ուկրաինացիներին սպանում են հենց ռուսները: Երկու օկուպացիոն բանակային կորպուս, որոնց շտաբները գտնվում են Դոնեցկում և Լուգանսկում, Նովոչերկասկում գտնվող 8-րդ բանակի հրամանատարական ուղղահայացի միջոցով մաս են կազմում հենց Ռուսաստանի զինված ուժերի, այլ ոչ թե ԱՄՆ-ի:

Ռուսական խմբավորումները կանգնած են արևելյան ուղղությամբ՝ գրավյալ Ղրիմի և Բելառուսի կողմից։ ԵՎ այս ամենը միայն այն պատճառով, որ ուկրաինացիների մեծամասնությունը չի ցանկանում «ռուսական աշխարհի» մասը կազմել։ Դուք հակամարտության մեջ եք ԱՄՆ հետ, բայց սպանում եք ուկրաինացիներին: Համաձայնեք՝ բավականին թերի տրամաբանություն է, ինչպես և նրանց դիրքորոշումը, ովքեր առաջարկում են ուկրաինացիներին հաշտվել այդպիսի տրամաբանության հետ:

Դուք առկա խնդիրների համար ինչպիսի՞ հանգուցալուծում եք տեսնում:

– Պարզ և արագ լուծում ես պարզապես չեմ տեսնում: Ուկրաինական ճակատում այժմ որոշվում են շատ երկրների ու տարածաշրջանների ճակատագրեր ու դա չափազանցություն չէ: Ռուսաստանի և/կամ Կրեմլի ներսում լրջագույն փոփոխությունները, որոնց շատերը սպասում են, բայց ոչ բոլորն են պատրաստվում, կարող են շատ տարբեր լինել։ Ռուսաստանի հնարավոր կազմալուծումը մարտահրավերների և ռիսկերի նոր կարգի համակարգ է:

Կրեմլը այս սցենարից խուսափելու համար կամ հենց սցենարի ընթացքում իր ավանդական թերի տրամաբանության պատճառով կարող է դիմել նոր էքսպանսիայի: Որպես Կրեմլի աշխատանքային սցենարներից մեկի՝ հետագա «անշլյուսի» (միացում/բռնակցում) պետք է պատրաստվեն Բելառուսն ու Հայաստանը։ Հարավային Կովկասը (կամ ինչպես ընդունված է կայսերական նարատիվում «Անդրկովկասը») պետք է կամ կործանվի, կամ ամբողջությամբ լինի ռուսական շահերի գոտում։ Միևնույն ժամանակ Մոսկվան կարող է գնալ առավել «անսպասելի» դաշինքների կամ խաղերի: Սա իմ կողմից ամենևին վտանգի ուռճացնել չէ, այլ սցենարներից մեկը, որին կարող է դիմակայել սուբյեկտայնությունը և պաշտպանվելու պատրաստակամությունը:

 Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close