ԼուրերՏնտեսություն

Կվերանայվեն 2022 թվականի պետական բյուջեի սոցիալական ոլորտի հատկացումները

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  ապրիլի 7-ի նիստում քննարկվեց ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրերի վերաբերյալ» հարցը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մինչ նիստը կանանց և աղջիկներին շնորհավորեցին  Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է որոշ փոփոխություններ կատարել հաջորդ տարվա պետական բյուջեի սոցիալական ծախսերի հոդվածներում: Նախատեսվում է որոշ ծրագրերի իրականացումը դադարեցնել, մի քանի հոդվածներում էլ ավելացնել ֆինանսական միջոցները: Ընթացիկ տարում  սոցիալական ոլորտի  ծախսերը նախատեսված է իրականացնել 503 մլրդ դրամի  շրջանակում, իսկ 2022-ի համար նախնական հայտը կազմում է մոտ 550 մլրդ դրամ: Առաջարկները պայմանավորված են շահառուների թվի փոփոխությամբ:

Մասնավորապես, նախատեսվում է փոփոխել անապահով սոցիալական խմբերի աջակցության բյուջեն: Նախարարը տեղեկացրեց, որ այժմ շրջանառության մեջ է «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման պարագայում «Փարոս» համակարգում ընդգրկված  բազմազավակ ընտանիքները սոցիալական աջակցությունները կստանան այդ օրենքի շրջանակներում նախատեսված համակարգով: Մոտ 6.5 մլրդ դրամով կավելացվի սոցիալական ոլորտի բյուջեն, որը կուղղվի ժողովրդագրական վիճակի բարելավմանը:

Նախարարությունն իրականացրել է զբաղվածության ապահովման ծրագրերի գնահատում և դադարեցրել 5 ծրագիր, որոշ ծրագրեր էլ վերանայվել են:

Գալիք տարում էապես կավելացվեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աջակցության միջոցները, ինչը հնարավորություն կտա իրականացնելու ավելի հասցեական և որակյալ ծառայություններ: «2 մլրդ դրամ՝ 900 մլնի փոխարեն»,-հստակեցրեց նախարարը:

Հանրապետության որոշ մարզերում կստեղծվեն վերականգնողական ծառայություններ իրականացնող 6 կենտրոններ, որոնցում առողջությունը կվերականգնեն զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ստացած անձինք: Այժմ Երևանում գործում է նման 2 կենտրոն:

Սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու համար Կառավարությունը  յուրաքանչյուր տարի նախատեսում է հատկացնել 2 մլրդ դրամ: Խոսքը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք չունեն հիմնական բնակության վայրեր: Նախատեսվում է ծրագիրն իրագործել գալիք տարվանից:

Հանձնաժողովը Կառավարության զեկույցն ընդունեց ի գիտություն:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել