1ԳլխավորԼուրերԿարծիք

Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալը նշան էր, որ այդ երկիրը հնարավորության դեպքում դուրս կգա նաև Մոնտրոյի կոնվենցիայից․ թուրքագետ

Վերջին օրերին Թուրքիայում շուրջ 10 նախկին ծովակալ է ձերբակալվել այն բանից հետո, երբ այդ երկրի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտեցին իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու համար։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը 365news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի՝ Մոնտրոյի կոնվենցիայից հնարավոր հրաժարմանը, նշեց, որ Մոնտրոյի կոնվենցիայից դուրս գալու հարցը մշտապես եղել է Թուրքիայի քաղաքական օրակարգում՝ հիմնականում քողարկված․ «Թուրքիան այն բանից հետո, երբ քիչ, թե շատ կայունացրել է աշխարհաքաղաքական իր դերն ու կշիռը տարածաշրջանում, սկսել է աշխատանքներ տանել վերանայելու այն համաձայնագրերն ու պայմանագրերը, որոնք որ տարբեր իրավիճակներում կնքվել են, սակայն եղել են ոչ նպաստավոր Թուրքիայի համար։ Օրինակ՝ Մոնտրոյի կոնվենցիան, Լոզանի պայմանագիրը, սրանք այն փաստաթղթերն են, որոնք, ըստ էության, կնքվել են Օսմանյան կայսրության պարտության ստվերում»։

Թուրքագետի համոզմամբ՝ Մոնտրոյի կոնվենցիայի շուրջ ծավալվող քննարկումներն ունեն և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական նշանակություններ։

«Եթե խոսենք արտաքին քաղաքական հանգամանքի մասին, ապա պետք է նշենք, որ կոնվենցիայում ներգրավված են ոչ միայն Թուրքիան և այն երկրները, որոնք անմիջականորեն գտնվում են նեղուցների կողքին, այլ խոշոր հաշվով աշխարհաքաղաքական բոլոր դերակատարները՝ ԱՄՆ-ից սկսած, վերջացրած Չինաստանով։ Թուրքիան ազդանշաններ է ցույց տալիս, որ ինքն ուզում է վերանայել կոնվենցիայի որոշ դրույթներ, սակայն այդ վերանայումներն ավելի շատ կապված են աշխարհաքաղաքական դերակատարների հետ ունեցած պայմանավորվածություններով, ուստի՝ հիմա մի քիչ բարդ է կանխատեսումներ անել՝ Թուրքիան կոնվենցիայից դուրս կգա՞, թե՝ ոչ։ Ամեն դեպքում Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալը նշան էր, որ այդ երկիրը հնարավորության դեպքում դուրս կգա նաև Մոնտրոյի կոնվենցիայից»,- ընդգծեց թուրքագետը։

Գեղամյանի խոսքով՝ Մոնտրոյի կոնվենցիան վերանայելու համար Թուրքիան ևս մեկ ոչ ուղղակի փորձ էր անում, այսպես կոչված, «Ստամբուլի ջրանցք» նախագծի իրականացմամբ․ ««Ստամբուլի ջրանցքի» նախագծի հաստատումից հետո, եթե այդ շինարարությունը սկսվեց և բարեհաջող ավարտվեց, ի դեպ, դա ինքնին բավականին բարդ գործընթաց է, փաստացի Թուրքիան այդտեղ հաստատելու է բոլորովին այլ ռեժիմ՝ ոչ Մոնտրոյի կոնվենցիայով կարգավորվող ռեժիմն ու դա ինքնին հիմք կարող է հանդիսանալ Մոնտրոյի կոնվենցիան վերանայելու համար»։

Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ «Ստամբուլի ջրանցքի» նախագծի վերաբերյալ Թուրքիայի ներսում տարբեր կարծիքներ կան՝ մի կողմից իշխող ուժի և անձամբ Էրդողանի կողմից այս նախագիծը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական կարևորագույն նախագիծ, մյուս կողմից էլ նախագծի դեմ արտահայտվողները պնդում են, որ այդ նախագիծը Թուրքիայի ներկայիս իշխանության համար հարստանալու միջոց է։

Թուրքագետը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Վաշինգտոնի կողմից 2020թ. դեկտեմբերին Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին, որոնք կապված էին Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ, ու որոնք այսօր՝ ապրիլի 7-ին, ուժի մեջ էին մտնում, նշելով․ «Այդ պատժամիջոցներն այս պահին կոչված են Թուրքիային ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ բանակցություններում ավելի կառուցողական դարձնելուն։ Պատժամիջոցների իրական նպատակը ոչ թե իսկապես Թուրքիայի տնտեսական կամ քաղաքական կյանքի «հալածումն» է, այլ կոչված են Թուրքիային ստիպելու բանակցային սեղանին իր դիրքորոշումը փոխելուն կամ մեղմացնելու ու այս առումով մենք դեռևս կտեսնենք մի շարք գործընթացներ, քանի որ այն բավականին երկար ու բազմաբաղադրիչ է լինելու։ Ամեն դեպքում, չնայած ԱՄՆ-Թուրքիա լարվածությանը, անհամաձայնություններին, այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մնալ արևմտյան բլոկի բաղկացուցիչ մաս, հետևաբար Թուրքիայի արտաքին քաղաքական ցանկացած քայլ պետք է դիտարկել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության տրամաբանության մեջ»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել