1ԳլխավորԼուրերԿարծիքՄիջազգային հարաբերություններ

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը երկրորդ անգամ չկարողացան համաձայնության գալ ԵՄ միջնորդությամբ անցկացվող բանակցություններում

Մարտի 30-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ու ընդդիմությունը երկրորդ անգամ չկարողացան համաձայնության գալ ԵՄ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցություններում: ԵՄ միջնորդ Քրիստիան Դանիելսոնի առաջարկած փաստաթուղթը, որը վերաբերում էր Վրաստանում ընտրական և դատական բարեփոխումներին, ինչպես նաև առաջարկում էր համաներում իրականացնել 2019 թվականի հունիսի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի կասկածյալների և դատապարտյալների համար, կողմերը չեն ստորագրել:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը 365news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ միջնորդությամբ Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև ևս մեկ անգամ տապալված բանակցություններին, նշեց, որ բանակցությունների տապալման պատճառն ընդդիմադիր կուսակցությունների և իրենց ղեկավարների հստակ դիրքորոշումն է, ըստ որի՝ իրենք առաջին հերթին պահանջում են քաղբանտարկյալների համաներում, ինչպես նաև կրկնակի արտահերթ ընտրություններ, մինչդեռ իշխանություններն ընդհանրապես չեն ուզում քննարկել արտահերթ ընտրությունների հարցը։

«Կողմերը տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացրել, սակայն սկզբունքային հարցերի շուրջ զիջման չեն գնում, մասնավորապես, արտահերթ ընտրությունների հարցի շուրջ։ Ամեն դեպքում իշխանությունները որոշակի զիջումների պատրաստ էին գնալ, մասնավորապես, 2019 թվականի բողոքի ցույցերի կասկածյալների և դատապարտյալների նկատմամբ համաներում՝ Նիկանոր Մելիայի գլխավորությամբ։ Բացի դրանից, իմ կարծիքով, բանակցությունների տապալման պատճառներից մեկն էլ այն էր, որ Միխեիլ Սաակաշվիլու կողմից ուղղորդվող մի քանի քաղաքական ուժեր կոնստրուկտիվ չէին մոտեցել բանակցություններին, և այդ ուժերն ի սկզբանե ցանկություն չունեին այդ բանակցությունների միջոցով դրական արդյունքների հասնել»,- ընդգծեց փորձագետը։

Սակայն, Մելիքյանի համոզմամբ, ներկայացված փաստաթղթում կային կետեր, որոնց երկու կողմերն էլ իրենց համաձայնությունը տվել էին. «Ամեն դեպքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը փաստաթղթի որոշ կետերի շուրջ, գրեթե, համաձայնության եկել էին, մասնավորապես, ընտրական շեմի նվազման (բայց այս հարցի համար պետք է, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, որպեսզի ապահովվի սահմանադրական մեծամասնությունը), լիազորությունների բաշխման հարցի (ընդդիմությանն էլ ավելի շատ լիազորություններ պետք էր տրվեր), խմբակցությունների ձևավորման համար անհրաժեշտ պատգամավորների թվի իջեցման, դատական բարեփոխումների վերաբերյալ, ընտրական հանձնաժողովների ձևավորման հարցերի և այլն»։

Մեր զրուցակցի խոսքով՝ գործող վարչապետը մի կողմից ասում է, որ բանակցությունները շարունակելու կարիք արդեն չկա, մյուս կողմից էլ իշխող թիմի ղեկավարներից մեկն էլ ասում է, որ իրենք այն բարեփոխումները, որոնց շուրջ որոշակի կոնսենսուս արդեն կար ու իրենց խորհրդարանական մեծամասնությամբ կարող են իրականացնել, ապա իրենք դրանք իրականացնելու են։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close