1ԳլխավորԼուրերՄիջազգային հարաբերություններ

Արդյո՞ք Բայդենի վարչակազմը կհասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը․ Դանիել Բայերի առաջարկները

ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Բայերը «Foreign policy»-ի կայքում «Բայդենը կարող է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն հաստատել: Ահա, թե ինչպես» վերտառությամբ հոդված է հրապարկել։

Բայերը ներկայացրել է 4 հիմնական քայլեր, որոնց միջոցով Վաշինգտոնը կարող է օգնել հակամարտող կողմերին հակամարտության վերջնական ավարտին հասնելու համար:

Առաջին հերթին Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի զինադադարի իրագործման ուղղությամբ՝ անդրադառնալով նաև կողմերի հաշվետվողականությանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ համաձայնագիր է ստորագրվել։ Չնայած այդ համաձայնագիրն իդեալական չէ, բայց առայժմ հրադադարի ռեժիմի պահպանման համար չկա կարճաժամկետ այլընտրանքային տարբերակ։

Ըստ համաձայնագրի՝ պետք է բոլոր կողմերի ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակում իրականացվեր, սակայն դա ավարտին չի հասցվել։

Վաշինգտոնը պետք է աջակցի, որպեսզի ԵԱՀԿ ներկայությունը տեղում ընդլայնվի և ակտիվորեն տեղեկատվություն տրամադրի ինչպես գործընթացի, այնպես էլ տարբեր բողոքների, մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ ԵԱՀԿ-ն պետք է նաև խորհրդատվություն տրամադրի տեղահանված անձանց փոխհատուցումների հարցում:

Երկրորդ՝ Վաշինգտոնը պետք է աջակցի մարդասիրական և վերաբնակեցման աշխատանքների հարցում: Շատ հաճախ, երբ զենքերը լռում են, ուշադրությունը տեղափոխվում է այլ խնդիրների ուղղությամբ: Հակամարտությունը չի կարող կարգավորվել, քանի դեռ մարդկանց խնդիրները չեն լուծվել: Հայկական կողմն անհանգստացած է նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության ճակատագրով, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ ու այդ հարցի լուծման համար ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Թուրքիայի վրա չի կարելի հույս դնել։

Երկու կողմերի մտահոգությունները փարատելու համար միջազգային հանրությունը կարող է փորձագիտական աջակցություն տրամադրել։ Հակամարտությունից հետո չպետք է թույլատրվի, որ նոր դժգոհությունների ալիքներ բարձրանան, ուստի՝ ԱՄՆ-ն պետք է աշխատի եվրոպացիների և այլոց հետ` աջակցելու քաղհասարակությանը և միջազգային կազմակերպություններին, որոնք կարող են մշակել ու ներդնել վստահության ամրապնդման որոշ միջոցներ:

Երրորդ՝ մշակել տարածաշրջանային տնտեսական զարգացման ռազմավարություն: Ապագա անդրսահմանային համագործակցությունը խթանելու ամենահավանական լծակը տարածաշրջանային տնտեսական նոր ռազմավարությունն է՝ ներառյալ ենթակառուցվածքների զարգացումը, որը կարող է ներգրավել միջազգային ներդրումներ` Հայաստանի, Ադրբեջանի և հարևան Վրաստանի տնտեսությունների ամրապնդման համար։

Վաշինգտոնը պետք է աշխատի Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների կառավարությունների հետ` տարածաշրջանային զարգացման ինչ-որ նոր շրջանակ մշակելու համար: Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի երկրների համար գոյություն ունեցող C5 + 1 մոդելի նման, որը մշակվել է Օբամայի վարչակազմի կողմից (և շարունակվում էր Թրամփի վարչակազմի կողմից) տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար։ Այս դեպքում կարող է ստեղծվել նոր «SC3 + 2» ֆորմատը, որում ներգրավված կլինեն երեք հարավկովկասյան երկրները, Միացյալ Նահանգները և ԵՄ-ն:

Չորրորդ՝ նոր թափ պետք է հաղորդել դիվանագիտությունը: Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը պետք է ունենա դեսպանի աստիճան: Վաշինգտոնը պետք է Մոսկվայի հետ բանակցություններ սկսի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ, որը կվավերացնի նոյեմբերի 9-ի զինադադարը և կոչ կուղղի լիարժեք խաղաղության համաձայնագիր կնքելու համար:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը շատերի համար անհնարին է թվում: Ըստ Դանիել Բայերի՝ խնդրի կարգավորմանը խթանելու ԱՄՆ լուրջ ջանքերը հնարավորություն են ցույց տալու, թե ինչպիսին է արժեքներով պայմանավորված արտաքին քաղաքականությունը:

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close