1ԳլխավորԼուրերՄիջազգային հարաբերություններ

Արդյոք Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է ներխուժել Ուկրաինա. ինչպիսի՞ն են այսօր ռուս-ուկրաինական հարաբերությունները

Երկու օր առաջ Ուկրանիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ ունեցած իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական հնարավոր բախմանը և նշել, որ այս պահին ինքը չի արձանագրում, որ Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի հետ բաց ռազմական բախման կգնա, այնուամենայնիվ, իրադարձությունների նման զարգացման սպառնալիք կա ու ոչինչ բացառել չի կարելի:

«Արևելքում Ռուսաստանի ագրեսիան ութերորդ տարին է՝ շարունակվում է, և բացահայտ հարձակման սպառնալիքը 2014 թվականից ի վեր ոչ մի տեղ չի կորել: Կա՞ ուղղակի սպառնալիք, որ վաղն առավոտյան մենք կարթնանանք և պատերազմ կլինի, դեռևս չկա։ ՌԴ-ն վաղը դա չի անի, որովհետև դրա համար պետք է լինեն համապատասխան գործոններ ու գործողություններ պետք է իրականացվեն այդ երկրի կողմից այն տարածքում, որը ժամանակավորապես չի գտնվում մեր կառավարության վերահսկողության տակ։ Այսօր մենք չենք տեսնում այն ​​գործոնները, որոնք պետք է լինեն: Բայց, իհարկե, սպառնալիք կա: Եվ դա գոյություն ունի հիմնականում այն ​​պատճառով, որ Ռուսաստանը չի հրաժարվել իր ծրագրերից»,- իր խոսքում նշել էր Խոմչակը։

Հարցազրույցի հաջորդ օրն Ուկրաինայի ԳՇ պետը Գերագույն ռադային արտահերթ նիստի ժամանակ, ներկայացնելով սահմանային իրավիճակը, նկատել էր, որ Ռուսաստանը շարունակում է զենքի և սարքավորումների պաշարներ կուտակել Ուկրաինայի արևելյան գրավյալ հատվածներում, իսկ պահեստազորայինների զորավարժությունը շարունակվում է:

Խոմչակի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության տարածքից շարունակվում է, այսպես կոչված, «օկուպացիոն» վարչակազմերի նյութատեխնիկական աջակցությունը և տարեսկզբից Դոնեցկի ու Լուգանսկի մարզեր շուրջ 19 հազար տոննա վառելիք, 335 տոննա զինամթերք, 35 մեքենա, 3 տանկ, բազմաթիվ հրթիռային համակարգեր և սարքավորումներ են տեղափոխվել։

Բացի դրանից, ԳՇ պետը հայտարարել էր, որ մարտի 30-ի դրությամբ Ուկրաինայի պետական ​​սահմանի երկայնքով պահվում է ռուսական գումարտակի 28 մարտավարական խմբավորում և, ըստ Խոմչուկի խոսքերի, ևս 25 լրացուցիչ մարտավարական խմբավորումներ կավելանան, որն էլ արդեն ուղղակի սպառնալիք է Ուկրաինայի անվտանգության համար։

Ուկրաինայի ԳՇ պետի հայտարարությունից հետո, բնականաբար, ռուսական կողմն էլ իր հերթին տարբեր հայտարարություններով հանդես եկավ, մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսելով ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին, նշել է, որ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու օրոք հարաբերություններում դրական տեղաշարժ լինել չի կարող, քանի որ ուկրաինական կողմը չի կատարում Մինսկի պայմանավորվածությունները և «Նորմանդյան քառյակի» փարիզյան գագաթնաժողովի որոշումները, իսկ պայմանավորվածությունների չպահման պատճառների հարցը պետք է ուղղել Կիևի իշխանություններին։

Բացի դրանից, Պեսկովը շեշտել է, որ Մինսկի պայմանավորվածությունների փաթեթը մինչ այժմ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման միակ հիմքն է համարվում։

Հիշեցնենք, որ թե՛ ուկրաինական, և թե՛ ռուսական կողմի համար ակտիվ հայտարարությունների համար հիմք է հանդիսացել մարտի 26-ին Դոնեցկի շրջանի Շումի բնակավայրի տարածքում հրետակոծության պատճառով չորս ուկրաինացի զինծառայողների զոհվելու և ևս երկուսի վիրավորվելու փաստը։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close