ԱրտաքինԼուրերԿարևորԿարծիքՔաղաքականություն

Ցանկացած զորավարժություն կարող է վերածվել գործող զորքի․ ռազմական փորձագետ

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ եթե դիտարկենք մեր վերջին 30-ամյա պատմությունը, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել նոր պատերազմի՝ միաժամանակ շեշտելով, որ ամեն դեպքում այս պահին նման հարց բարձրացնելու, կամ նման միտք բարձրացնելու անհրաժեշտություն և տագնապ հաղորդելու կարիք չկա։

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը 365news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով փոխնախարարի հայտարարությանը, նշեց, որ առանձնապես նոր բան չի ասվել ու փոխնախարարի ասածը բոլորին էլ հայտնի է և խաղաղության միակ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է։

«Մենք գործ ունենք մի թշնամու հետ, որը նենգ է ու ամեն րոպե պետք է նրանից պատերազմական քայլեր սպասել։ Մենք երբեք չպետք է հանգիստ ու արխային լինենք՝ կարծելով, որ մեր թշնամին ինչ-ինչ պատճառներով չի գործի»,- նկատեց նա։

Հարցին՝ Ադրբեջանում սկսված զորավարժությունների համատեքստում ի՞նչ վտանգներ կարող են լինել, փորձագետը պատասխանեց․ «Մի երկրի հետ, որի հետ դու չունես խաղաղություն ու դեռևս գտնվում ես հրադադարի ռեժիմում, պետք է զգոն լինես ու հետևես նրա գործողություններին։ Ցանկացած զորավարժություն, ելնելով իր բնույթից, մասշտաբներից ու նպատակներից, կարող է վերածվել գործող զորքի»։

Ամեն դեպքում, հայ-ադրբեջանական կոնֆլիկտով պայմանավորված, ռազմական գործողությունների վերսկսում փորձագետը չի կանխատեսում, սակայն տարածաշրջանային մակարդակով՝ մասնավորապես Մերձավորարևելյան եռացող տարածաշրջանում ընթացող գործողությունների ֆոնին, որտեղ բախվում են գերտերությունների շահերը, Հարավային Կովկասում մեր հաշվարկներից դուրս ամեն ինչ էլ հնարավոր է։

Եղիազարյանի համոզմամբ՝ պատերազմից հետո, ցավոք սրտի, ինքը չի նկատել, որ աշխատանքներ են տարվում բանակի մարտունակությունը բարձրացնելու համար ու սա, իրոք, շատ մտահոգիչ է։

Անդրադառնալով մարտի 16-ից Հայաստանում կայանալիք զորավարժությանը՝ ռազմական փորձագետը նշեց, որ լավ կլիներ՝ զորավարժությանը ներգրավված լիներ նաև պահեստազորը․ «Կարծում եմ՝ այդ զորավարժությանում պետք է ներառվեն նաև պահեստազորայինները, քանի որ մենք փոքր երկիր ենք, շատ կարևոր է, որ ունենանք պատրաստված պահետազոր, որպեսզի Արցախյան երկրորդ պատերազմի սխալները չկրկնենք»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close