Լուրեր

ԿԳՄՍ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-չինական հարաբերությունների զարգացման: ԿԳՄՍ նախարարը խոսել է համատեղ ծրագրերի կարևորությունից և դրանք հետևողականորեն խորացնելու պատրաստակամություն հայտնել. «Հաշվի առնելով կորոնավիրուսի և հետպատերազմական շրջանի հարուցած դժվարությունները՝ այժմ ավելի է ընդգծվում միջպետական ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների՝ Չինաստանի լավագույն բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու հնարավորությունը: Մասնագիտական պահանջարկով և առաջնահերթություններով պայմանավորված՝ համապատասխան մասնագետների պատրաստումը կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Մեր երկրների արդյունավետ փոխգործակցության հիանալի դրսևորում են նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում Կոնֆուցիուսի ինստիտուտը և Հայ-չինական բարեկամության դպրոցը, որը միջպետական համագործակցությամբ նմանատիպ հաստատությունների ստեղծման գերազանց օրինակ է»:

Դեսպան Ֆան Յոնգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Հայ-չինական հարաբերությունները զարգանում են կայուն և առողջ ուղով, մեր երկրներին կապում է դարավոր պատմությունը: Պատրաստ եմ համագործակցության և վստահ եմ, որ կստանամ Ձեր աջակցությունը»,- ասել է ՉԺՀ դեսպանը և նշել, որ համատեղ ծրագրերն ընդլայնելու համար կան անհրաժեշտ նախադրյալներ:

Կողմերը քննարկել են նաև սպորտի ոլորտում համագործակցելու հնարավորությունները: Նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության մարզահամալիր ստեղծելու, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչին ՉԺՀ դեսպանը դրական է արձագանքել՝ նշելով, որ պատրաստ են առավել կոնկրետ քննարկումների:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ: Դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության կայացմանը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել