1ԱրտաքինԳլխավորԼուրերԿարծիքՔաղաքականություն

Հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համար քաղաքական առումով որևէ խոչընդոտ չկա․ Հովյան

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա իր ճեպազրույցի ժամանակ, խոսելով տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման մասին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Երևանի և Բաքվի մոտ դրական տրամադրվածություն է նկատում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակում։

365news.am-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանի հետ։

Հովյանը, խոսելով փոխվարչապետների մակարդակով անցկացվող հանդիպումների մասին, նկատեց, որ այդ մակարդակի հանդիպումների նպատակը հարցի տեխնիկական խնդիրների լուծումն է:

«Փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպումներն, ըստ էության, նպատակ են հետապնդում լուծելու խնդրի տեխնիկական մասը, այսինքն՝ ինչպես իրականացնել տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, իսկ բուն հարցը քաղաքական ենթատեքստում կարող է լուծվել միայն պետության ղեկավարների մակարդակով։

Քաղաքական մասով հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցը պահպանվում է, քաղաքական առումով որևէ խոչընդոտ չկա, կողմերը շահագրգռված են այն ավարտին հասցնել, ուստի, կարծում եմ՝ դրանով է պայմանավորված պաշտոնական Մոսկվայի գոհունակությունը»,- ընդգծեց նա։

Խոսելով ապաշրջափակման հնարավոր հաջող ավարտի մասին՝ փորձագետն ասաց, որ կողմերից յուրաքանչյուրն ունի իր շահերն, ու Ռուսաստանն այստեղ մի քանի խնդիր է հետապնդում․ «Ռուսաստանը տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրից մի քանի շահ է հետապնդում․ առաջին հերթին ծրագրի հաջող ավարտը կնպաստի իր հեղինակության ու միջազգային կշռի բարձրացմանը, քանի որ նրա ջանքերի շնորհիվ կհաջողվի լուծել այնպիսի մի խնդիր, որը երկար տարիներ չի լուծվում, բացի դրանից էլ տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման պարագայում հենց Ռուսաստանն է շահում, որովհետև արդյունքում ինքն Իրանի ու Թուրքիայի հետ կստանա ցամաքային հաղորդակցության ուղի։

Այս ամենից զատ այս պահին Դոմբասում իրավիճակը լարված է, ու Ռուսաստանին ընդհանրապես ձեռնտու չէ, որ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում պատերազմական իրավիճակներ լինեն, ու նա ամեն կերպ կփորձի, որպեսզի, գոնե, հարավային հատվածում խաղաղ միջավայր ստեղծվի»։

Հարցին, թե փորձագետն ամեն դեպքում ի՞նչ կանխատեսումներ ունի՝ կապված տարածաշրջանում ապաշրջափակման ծրագրի հետ, պատասխանեց․ «Այս հարցում ես դեռևս զգուշավոր լավատեսություն կցուցաբերեմ, քանի որ ինձ համար ընկալելի չեն էյֆորիկ այն տրամադրությունները, որոնք որ կան փորձագիտական որոշակի շրջանակների մոտ։ Լավագույն դեպքում պետք է զգուշավոր լավատեսություն ցուցաբերել հարցին, քանի որ 44-օրյա պատերազմից հետո, ցավոք սրտի, Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակն էլ ավելի է մեծացել, ու նրանք փորձում եմ մաքսիմալ օգտվել ներկա պահին իրենց համար ստեղծված դրական միջավայրից»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close