1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը հետ կվերցնի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության դիմումը․ Ալեն Սիմոնյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

Պարոն Սիմոնյան, ի՞նչ հարց պետք է լուծի Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը։

– Կարծում եմ՝ անհատների անուններով պայմանավորել և հարց բխեցնելը ճիշտ չէ։ Խոսքն այն առաջարկի մասին է, որը հնչեցրել է վարչապետը, այն է՝ նոր խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներ սկսել։

․․․որն իրականում այն մասին է, որ վարչապետի հրաժարականի պարագայում Ծառուկյանի թիմը պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրե՞լ։

– ․․․որն իրականում այն բանի մասին է, որ բոլոր քաղաքական ուժերը ՀՀ-ն պետք է ցնցումներից զերծ պահեն և հասկանան, թե քաղաքական ընդվզման լուծումը որն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու վարչապետ Փաշինյանը, այսպես ասած, մարտահրավեր են նետել քաղաքական դաշտին, որն ամպագոռգոռ տարբեր հայտարարություններ է անում։ Վարչապետը նրանց առաջարկում է գնալ և հարցնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը լուծում կտա ստեղծված քաղաքական իրավիճակին։

Այսինքն, եթե Ծառուկյանը չի համաձայնվում վարչապետի առաջարկին, քաղաքական ցնցումնե՞ր են հնարավոր։

– Դե, գիտե՞ք ինչ, ոչ թե ցնցումներ են հնարավոր, այլ այն իրավիճակը, որը հիմա կա, միգուցե կշարունակվի։ Չեմ բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նաև «Լուսավոր Հայաստանի» հետ կարող է համաձայնության գալ, չեմ բացառում տարբերակ, որ ինքնուրույն կարող է որոշում կայացնել՝ գնալ կամ չգնալ ընտրությունների, և չեմ բացառում տարբերակ, որ կարող է ընդհանրապես ընտրությունների չգնալ, եթե քաղաքական դաշտի ամենաակտիվ դերակատարները դրան պատրաստ չեն և վախենում են, խուսափում են ՀՀ ժողովրդի հետ առերեսումից ու նախընտրում են առերեսվել միայն իրենց աշխատողների, իրենց համակիրների, հաճախ նաև «աջարակիցների» հետ։

Պարոն Սիմոնյան, իրականում քաղաքական դաշտում կան մեկնաբանություններ, որ Փաշինյանը պետք է խոսի «Իմ քայլի» հետ, որովհետև եթե Ծառուկյանը վարչապետի թեկնածու է առաջադրում, քվեարկողը, միևնույն է, «Իմ քայլն» է։

– Այնուամենայնիվ, «Իմ քայլն» ունի թեկնածու և այդ թեկնածուն արդեն իսկ վարչապետ է։ Եթե մենք նորից պետք է ընտրություն անենք և նորից պիտի Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրենք, հենա Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ է։ Եթե կա քաղաքական դիսկուրս, որն ամեն օր փորձում են ապացուցել, թե կա, ապա դրա հրահրողները գան ու ասեն, որ այդ քաղաքական դիսկուրսը լուծենք ժողովրդի մոտ։

Իսկ նրանք խուսափում են։ Իրոք նոնսենս է, որ ընդդիմությունը չի ուզում արտահերթ ընտրություններ, ընդդիմությունը չի ուզում ժողովրդին հարցնել, այլ անկապ գործողություններ է անում, հաճախ՝ իրար հետ չհամաձայնեցված։

Դուք ունե՞ք բացատրություն, թե ընդդիմությունն ինչո՞ւ կարող է չուզել։

– Այո, ունեմ բացատրություն։ Իրենց բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենք չունեն մարդկանց մոտ աջակցություն, որը թույլ կտա քաղաքական գունապնակում բան փոխել։

Հետևաբար ինչո՞ւ գնալ ընտրությունների, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ասում՝ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների։

– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մարտահրավեր է նետում ընդդիմությանը, որը հայտարարում է, որ քաղաքական դաշտում փոփոխություններ են պետք։ Եվ մենք չենք վախենում այդ մարտահրավերից։ Տեսնենք՝ ով այդ մարտահրավերին կպատասխանի։

Նիկոլ Փաշինյանն այդ մարտահրավերը նետեց Գլխավոր շտաբի՝ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելուց հետո։ Այս պահի դրությամբ վիճակը դեռ անորոշ է։ Կարո՞ղ ենք ասել, որ արտահերթ ընտրությունների անցկացման վերջնական որոշումն այսօր կախված է Օնիկ Գասպարյանի ճակատագրից։ Եթե նախագահը չի ուղարկում ՍԴ վիճարկելու Նիկոլ Փաշինյանի հրամանը, եթե ուժի մեջ է մտնում այդ որոշումը, միգուցե, այդ ընտրություններն իմաստ չունեն։ Հիմա ի՞նչ փուլում է մարտահրավերը։

– Նախ և առաջ դեմ եմ ասել բանակ-կառավարություն։ Բանակը մի քանի սպա չէ, բանակը մեծ կառույց է, որտեղ մեր երեխաներն են և մեր քաղաքացիների ընտանիքների ներկայացուցիչները։ Իսկ ես պնդում եմ, որ ՀՀ բնակիչների գերակշիռ մասը սատարում է գործող իշխանությանը։

Ուստի՝ ես չեմ ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ։ Երկրորդ՝ ինչ վերաբերում է Ձեր բերած օրինակին, Դուք ուզում եք ասել, որ եթե այդ դեպքը չլիներ, ընտրություններ չէին լինի։ Տեսեք՝ բոլոր իրադարձությունների մասին խոսելիս ՀՀ-ում, թե ՀՀ-ի շուրջ եղած, չի կարելի մեկ կամ երկու պատճառ բերել։ Մշտապես կան մի քանի պատճառներ, որոնք, իրար հետ միավորվելով, ինչ-որ իրավիճակ են դառնում։ Այսօր կարող է Օնիկ Գասպարյանի հարցը լուծվել, վաղը մեկ այլ խնդիր առաջանա, մյուս օրը կարող է ընդհանրապես որևէ խնդիր չլինել։

Մենք արեցինք առաջարկ, առաջարկը երկար ժամանակ բաց էր, հետո ընդդիմությունը չարձագանքեց դրան, ու մենք գնացինք ի սկզբանե հայտարարված ճանապարհային քարտեզով ու ասացինք, որ մինչև հունիս հակված չենք ընտրության, բայց, այնուամենայնիվ, առաջարկից չենք հրաժարվել։ Ու սա շատ կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք, որ նման հարցադրումներ չլինեն։ Եվ ես, գրեթե, բացառում եմ, որ Ձեր նշած հարցը չլուծվի, որովհետև օրինականության սահմաններում այդ հարցի լուծումն այլընտրանք չունի։

Չլուծվի ո՞ւմ օգտին։

– Օգուտն այստեղ Հայաստանի Հանրապետությանն է։

Հիմա, փաստորեն, ԱԺ դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, սպասողական վիճակ է, նրանք ասում են, որ իրենց հետագա քայլերը հստակեցնելու են երբ պարզ կլինի՝ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը վիճարկվելո՞ւ է ՍԴ-ում, թե՝ ոչ։ Հիմա ի՞նչ իրավիճակ է իշխանությունում, դուք ինչի՞ն եք սպասում։

– Ձեր ասածն իրականություն չէ։ Երբ ասում եք, որ Բաղրամյան պողոտայում սպասում են սրան, ես Ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև Բաղրամյան պողոտայում հավաքված մի քանի ուժեր մի նոր բանի են սպասում։ Քոչարյանն այլ բանի է սպասում, Ծառուկյանն այլ բանի է սպասում, Դաշնակցությունն այլ բանի է սպասում, իսկ Վազգեն Մանուկյանն արդեն որևէ բանի չի սպասում։

Հասկանո՞ւմ եք՝ այնտեղ չկա միատարր դիրքորոշում, միասնական դիրքորոշում, միասնական վերաբերմունք և մեկնաբանել խայտաբղետ որևէ գործընթաց, անշնորհակալ գործ է։ Ես հիմա մի բան կասեմ, կպարզվի, որ հեսա Վազգեն Մանուկյանը վեր կկենա, կհայտարարի, որ իրենք պետք է համախմբվեն Մասիվի ԲՇՏ-ի շուրջ և այնտեղ ինչ-որ իրադարձություններ սկսեն կատարվել և իմ մեկնաբանությունն այլևս տեղին չի լինի։

Պարոն Սիմոնյան, Օնիկ Գասպարյանի հարցն ի՞նչ փուլում է։ Հիմա թերթերը գրում են, որ Օնիկ Գասպարյանը չի պատրաստվում նահանջել և դիմել է Վարչական դատարան։ Այս լարվածությունն ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի։

– ԳՇ հայտարարությունն առ այն, որ Օնիկ Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է մնալ իր պաշտոնին, այսօր մարտի 9-ն է։ Երբ Դուք հարցնում եք, թե ինքն ի՞նչ է պատրաստվում անել, հնարավոր է՝ Օնիկ Գասպարյանը կուսակցություն էլ է պատրաստվում ստեղծել, որում ես վստահ եմ գրեթե, որ ինքը քաղաքականությամբ է զբաղվելու, որովհետև արդեն իսկ բոլոր գործողությունները քաղաքական են։

Օրենսդրական բոլոր լուծումները դրա համար կան։ Հիմա ինչ-որ մարդիկ փորձում են այլ մեկնաբանություններով կասկածի տակ դնել ժամկետները, չնայած ԳՇ-ի հայտարարությունը կա, չգիտեմ՝ այլ օրենքներ կամ այլ որոշումներ են փորձում մեջբերել, որպեսզի կապեն վարչապետի որոշման հետ։ Ես կասեմ հետևյալը՝ օրենքը կա, օրենքը գործում է ու օրենքը գործելու է խստագույնս, անկախ նրանից, թե ում է վերաբերում։

Հիմա հայտնի՞ է՝ Օնիկ Գասպարյանը պաշտոնավարո՞ւմ է, թե՝ ոչ, վարչապետի որոշումն ուժի մեջ մտե՞լ է, թե՝ ոչ։

– Ես Ձեզ ասացի արդեն, որ օրենքը շատ հստակ է և այլ մեկնաբանություն ուղղակի չի կարող լինել։ Նախագահը մինչև այս պահը վարչապետի որոշումը որևիցե ձևով չի բողոքարկել ու չի ստորագրել, իսկ օրենքը հստակ նշում է, որ այդ պարագայում օրենքն իրավունքի ուժով սկսում է գործել։ Նույն հաջողությամբ կարող են, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն անհրաժեշտ ստորագրություններ հավաքել, որպեսզի օրենքի ուժով ինչ-որ հանձնաժողով ստեղծեն կամ նիստ հրավիրեն, մենք ասենք, որ այդ նիստը չենք ճանաչում։

Բայց հիմա Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբում նստած է։ Ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու։

– Չգիտեմ՝ կարող է նստել, կարող է վեր կենալ, դուրս գալ, կարող է ընդհանրապես օրենք խախտել կամ անօրինական գործողություն անել։ Անօրինական գործողությունն իրենից բխեցնում է իրավապահների արձագանքը։ Ես իրավապահ չեմ, կարծում եմ՝ իրավապահները պետք է գնահատական տան։

Զուտ իրավական առումով կարելի՞ է ասել, որ մարտի 9-ի դրությամբ Օնիկ Գասպարյանն օկուպացրել է Գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը։

– Ես նման մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև մենք չգիտենք՝ Օնիկ Գասպարյանը հիմա ինչո՞վ է զբաղված և ի՞նչ է անելու այսօր կամ վաղը։ Եկեք տեսնենք։ Կա գիծ, որը չի կարելի անցնել և դա օրինականության գիծն է։ Ուզում է Օնիկ Գասպարյանը լինի, ուզում է Ալեն Սիմոնյանը լինի։

Ներողություն, Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է հետ վերցնել իր դիմումը։

– Ես նման բանի չեմ հավատում, անկեղծ ասած, որովհետև որոշումն ընդունված է։ Գիտե՞ք՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի առջև պատասխանատու մարդ է և ինքը արդեն ժողովրդի առաջ այդ որոշումը հնչեցրել է։ Չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա։

Հետևաբար եթե նախագահը դիմի ՍԴ, ինչպե՞ս եք պատկերացնում Նիկոլ Փաշինյան-Օնիկ Գասպարյան աշխատանքը։

– Ես ասում եմ, որ արդեն ՍԴ դիմելու ժամանակն անցել է։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close