Համաձայնագրի լիարժեք վավերացումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար ազդարարում է գործընկերային նոր մակարդակ․ փորձագետ

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 2021 թվականի մարտի 1-ին ամբողջապես ուժի մեջ մտավ։ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկը տրվել էր դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում, իսկ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում համաձայնագիրը ստորագրվեց։
Համաձայնագրի կողմից ընձեռվող հնարավորությունների մասին 365news.am-ը զրուցեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Գոհար Հովհաննիսյանի հետ։
– «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջապես ուժի մեջ մտնելն ի՞նչ հնարավորություններ կտա Հայաստանին։
– Մինչ մարտի 1-ը համաձայնագիրը պայմանական կիրարկման փուլում էր՝ ուժի մեջ էր համաձայնագրի դրույթների շուրջ 80%-ը, որոնք վերաբերում էին Հայաստանի և ԵՄ ընդհանուր իրավասություններին (էներգետիկա, առևտուր, տրանսպորտ և այլն)՝ չառնչվելով ԵՄ առանձին երկրներին, իսկ ահա մարտի 1-ից այն լիարժեք ուժի կիրարկման փուլ է մտնում՝ ներառելով նաև դրույթների մնացյալ 20%-ը, որոնք հիմնականում այն հոդվածներն են, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակներում (ՏՏ ոլորտ, կրթություն, առողջապահություն և այլն)։
Հարկ է նշել, որ Հայաստանն արդեն իսկ եվրոպական կողմի հաստատմանն է ներկայացրել Համաձայնագրի՝ նոր ուժի մեջ մտած հատվածի ճանապարհային քարտեզը: Ընդհանուր առմամբ՝ ամբողջական ճանապարհային քարտեզը ենթադրում է շուրջ 300 միջոցառում՝ հստակ սահմանված իրականացման ժամանակացույցով։
ՀԸԳՀ լիարժեք վավերացման գործընթացի ավարտը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար ազդարարում է գործընկերային նոր մակարդակ: Ընդհանուր առմամբ՝ այն հնարավորություն կտա համակողմանիորեն և լիարժեքորեն կանոնակարգել երկկողմ համագործակցության արդյունքում ձևավորված երկխոսությունը ոլորտային այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական, արդարադատության, օրենքի գերակայության, անվտանգության, մարդու իրավունքների, տրանսպորտի, հաղորդակցության, շրջակա միջավայրի ոլորտները և այլն:
Համաձայնագիրը տնտեսական առումով ևս կարևոր է։ Ճիշտ է, այն չի սահմանում առևտրային որևէ արտոնյալ ռեժիմ, սակայն ՀԸԳՀ ամբողջական արդյունավետ կիրարկումը կարող է նպաստել Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև առևտրային և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանը:
– Համաձայնագրի ընդհանուր իրավական դրույթների կյանքի կոչման համար ընդունվել էր ճանապարհային քարտեզ, սակայն Հայաստանը որոշակիորեն թերացել էր այդ քարտեզի կյանքի կոչման գործում։ Հայաստանի թերացումներն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ։
– Ճանապարհային քարտեզով մինչև 2026 թվականը սահմանվել են հիմնական ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն ամենամյա կտրվածքով: Հատկանշական է, որ ՀՀ կատարողականի վերաբերյալ ԵՄ զեկույցի համաձայն՝ 2019թ. համար սահմանված 7 միջոցառումներն արդյունավետ են իրականացվել Հայաստանի կողմից, իսկ ահա 2020թ. համար նախատեսված միջոցառումների դեպքում եղել են իրականացման ժամկետների որոշակի խախտումներ, որոնք պայմանավորված են կորոնավիրուսային համավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով։
Ուշացումներ են եղել վարորդական իրավունքի վկայականների հետ կապված բարեփոխումների ծրագրում, հակակոռուպցիոն մարմինների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հարցում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործարկման հարցում։
Ինչ վերաբերում է հնարավոր հետևանքներին, ապա պետք է նշել, որ ընդհանուր առմամբ՝ դրանք էական ազդեցություն չեն ունենա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ համագործակցության վրա, քանի որ շատ հաճախ թերացումների հիմքում ընկած են եղել օբյեկտիվ պատճառներ։ Կարևոր է ընդգծել, որ հայկական կողմն ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ միջոցառումների հաջող ավարտի ուղղությամբ:
– Արդյո՞ք համաձայնագիրը կնպաստի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին։
– Նախ պետք է նշեմ, որ ՀԸԳՀ-ն չի նախատեսում ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացում, դրանք առանձին գործընթացներ են և որևէ կերպ ածանցված չեն միմյանց հետ։ Սակայն միանշանակ է, որ ՀԸԳՀ հաջող կիրարկումը կարող է նպաստել ԵՄ-ՀՀ միջև ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսության հաստատմանը: Թեև, այս հարցում ևս քիչ չեն օբյեկտիվ խոչընդոտները՝ կորոնավիրուսային համավարակ, ապաստան հայցողների խնդիրներ, ԵՄ միգրացիոն ճգնաժամ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել եվրոպական կողմի հետ աշխատանքները՝ հստակ արդյունքներ արձանագրելու համար:
Զրուցեց Մելինե Պետրոսյանը