Ինչքան շուտ լինեն արտահերթ ընտրություններ, այդքան շուտ այս վիճակը կլիցքաթափվի. Վարդան Մալխասյան

365news.am-ի զրուցակիցն է ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը
– Պարոն Մալխասյան, 17 ուժերը շարունակում են իրենց հանրահավաքները՝ պահանջելով առանց ընտրությունների ձևավորել ժամանակավոր իշխանություն, որը պարտավորվելու է երկրի կայունացման որոշակի փուլից հետո անցկացնել ընտրություններ: Ի՞նչ եք կարծում՝ իրենց կհաջողվի՞ դա:
– Վազգեն Մանուկյանին ճանաչում եմ 30 տարուց ավել, մարդու մի տեսակ կա, երբ որ ինքն իրեն սիրահարվում է, այդ մարդու մոտ սկսում են անկումային գործընթացները, շատ խայտառակ բան է, երբ մարդն իր մասին շատ մեծ կարծիք ունի, նա 1996թ.-ից հետո շատ նեղացկոտ դիրք գրավեց ու ինքը հենց այդ ժամանակահատվածից սկսած սկսեց իր նեղացկոտությունն ու ատելությունը, ատելությունը «Ղարաբաղ» կոմիտեի և նրա իշխանության նկատմամբ, այսինքն՝ դա խոսում է այն մասին, որ մարդը փառամոլ է, իշխանամոլ, իշխանությունը ձեռքից առար, ոնց է, որ երեխայի ձեռքից կոնֆետն առնում ես, սկսում է լաց լինել, նույնը ինքը, և այդ օրվանից սկսած նա անընդհատ ատելությամբ է լցվել և՛ ժողովրդի, և՛ իշխանության նկատմամբ:
Ինքը բազմաթիվ ընտրությունների մասնակցել է և իր ձայների ամենաբարձր ցուցանիշը 1%-ն է եղել, հիմա ինքը լավ հասկանալով, որ ազատ, արդար ընտրությունների ճանապարհով այլևս իշխանության չի կարող գալ, ցանկանում է օգտվել այս պահից և իշխանությունն ուղղակի խլել ժողովրդից, դրանք կոչվում են ռևանշիստներ:
– Ո՞րն է այդ դեպքում իրենց նպատակը:
– Պատերազմում կրած պարտությունից, կորուստներից, անհաջողություններից հետո պետության, ժողովրդի նկատմամբ ծանր հանցանքներ կատարած ռևանշիստներն այսօր ամբողջ թափով ծավալվել են մի նոր գործընթացի՝ նախկիններին ապահրեշտակացրած գործընթացի, այսինքն՝ դեմ են եղել նախկին ռեժիմի մեղքերի մեջ թաղվածներին, հիմա էլ ուզում են հրեշտակներ սարքեն: Բայց ես զարմանում եմ, թե ինչպե՞ս կարող են նրանք այդ գործընթացը կյանքի կոչել, որովհետև 20 տարի շարունակ սպանություններով, ծեծ ու ջարդով, զանգվածային թալանով իրենց գոյությունը հայ ժողովրդին դաժանաբար պարտադրել էին:
– Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ասուլիսով, որտեղ խոսել է ներքաղաքական իրավիճակի և պատերազմում պարտության մասին, նա նաև հայտարարել է, որ վերադառնալու է մեծ քաղաքականություն, ի՞նչ եք կարծում, եթե ընտրություններ լինեն, ժողովուրդն իրենց ձայն կտա՞:
– Քոչարյանը մի օր թույլ է տվել այսպիսի արտահայտություն՝ «Մի հատ փխկ անեմ՝ էս երևանցիք փախչելու են»: Սա գալիս է փաստելու, որ Քոչարյանը, Վազգեն Մանուկյանը և նրա նմանները գենետիկորեն տարբեր են երևանցիներից և դրա համար երևանցիները վերջնական որոշում են կայացրել՝ մեկընդմիշտ ազատվել սրանցից, բայց հիմա նրանք համառորեն գալիս են, օգտագործում են իրենց հին կապերը, ամենակարևորը՝ փողերը, ամբողջ մեդիադաշտը վերցրել են իրենց հսկողության տակ, սադրանքների ու տարբեր մեթոդների են դիմում և իրենց նպատակին հասնելու համար ոչ մի միլիոնի առաջ խտրականություն չեն դնում, միայն թե իշխանությունը զավթեն:
Իրենց համար հոգ չէ, որ այդ ժամանակ Հայաստանում կարող է քաղաքացիական պատերազմ լինել, երկիրը կորցնի իր պետականությունը, նրանց ցանկությունը իշխանությունը վերցնելն է, թեկուզ Հայաստանը կորցնի իր պետականությունը և դառնա ռուսաստանահպատակ ինչ-որ մի երկիր: Բայց Քոչարյանն ինչո՞ւ է սարսափում իրականության բացահայտումից, որովհետև ինքը տիտանական ջանքեր է գործադրում, որ դատաքննության փուլը չսկսվի, որովհետև իրականության դեմքը սարսափելի է՝ բռնակալների, ծանր հանցանքների մեջ թաղվածների համար, նրանք սարսափում են իրականությունից և աշխատում են իրականությունից հնարավորինս հեռու փախչել:
Նրանք չեն ցանկանում, որ դատաքննություն տեղի ունենա, որ չպարզվի՝ ով ինչ դերակատարում է ունեցել Մարտի 1-ի, Պողոս Պողոսյանի սպանության և մյուս գործերով, նրանք նաև իրենց փողերն ու միջոցները գործի դրեցին, որ դատական համակարգը կարողանան կառավարելի դարձնել:
– Նշեցիք Ռոբերտ Քոչարյանի դատաքննության մասին, արդեն բավականին ժամանակ է, ինչ դատական նիստերն ընթանում են, բայց որոշումներ չկան և, կարծես, մոտ ապագայում էլ չեն լինելու, որո՞նք են հետաձգման գլխավոր պատճառները:
– Եթե հիշում եք Գառնիկ Իսագուլյանին, որ երկու-երեք օր կալանքի էին վերցրել, նա դուրս եկավ կալանքից ու ասաց՝ «Ժողովուրդ ջան, մեր երկրում կայացած միակ ինստիտուտը դատական համակարգն է, մեր բոլոր ուժերը պետք է գործի դնենք այդ համակարգին թիկունք կանգնելու և փրկելու համար», որովհետև դատական համակարգն անցել էր ռևանշիստների կողմը և հիմա էլ նրանց կողմից է: Բայց նրանք ոչ մի հաջողություն չեն ունենալու, մենք չենք թողնի, որ բռնի ուժով իշխանություն զավթեն, նորից ընտրություն է լինելու և նոր իշխանություն կձևավորվի ու այս նույն իշխանությունն այդ ամենը անալիզի կենթարկի և հետևություններ կանի, կձևավորի այնպիսի մի համակարգ, որը կգա և այդ դատական համակարգի հանցագործների խնդիրները կպարզի:
Հիմա այսպիսի քաոսի մեջ ենք ընկել, բայց դուրս կգանք, արտահերթ ընտրություններ լինեն, ինչպես ասում են՝ «Բոլոր տեսակ բարիքները չարիքների միջից են ծնվում»:
– Խոսեցիք արտահերթ ընտրությունների պահանջից, ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ պետք է անցկացվեն ընտրություններ: Նաև նշեցիք, որ նոր իշխանություն պետք է ձևավորվի, ըստ Ձեզ՝ ո՞ր ուժերն են այսօր պատրաստ ստանձնել իշխանությունը:
– Ես դեմ եմ, որ ժողովուրդը մի ուժի վրա է կենտրոնանում՝ միաբևեռ Ազգային ժողով է ստեղծում, այդպիսի Ազգային ժողովը հետո անկառավարելի է դառնում՝ «հաբրգում» է, դրա համար ես կողմնակից եմ, որ բազմաբևեռ խորհրդարան լինի: Հիմա տեսադաշտում շատ լավ ուժեր կան, հնարավոր է՝ նրանք քարոզարշավի ժամանակ կարողանան ժողովրդին բացատրել, իսկ ժողովուրդն անձերի փոխարեն թող առավելություն տա գաղափարներին, ծրագրերին, մոտեցումներին, մարդկանց կենսագրությանը:
Օրինակ՝ հիմա Բաբաջանյանը նոր ուժ է ձևավորել, Նորիկ Նորիկյանը արդար մարդ է, ով նույնպես նոր ուժ է ձևավորել, էլի շատ ուժեր կան՝ Բաբկեն Սարգսյանի եղբայրը, Հայ ազգային կոնգրեսը, վերջինս ամենաինստիտուտցիոնալ կառույցն է այսօր Հայաստանում: Հայ ազգային կոնգրեսն ինչ ասում էր երեք-չորս տարի առաջ՝ սրանք նոր խելքի են եկել:
Շատ բան կախված է նաև ընտրությունների քարոզարշավի ընթացքից, եթե հեռուստացույցով մեր մոտեցումները բացատրվեն ժողովրդին, նախկին ընտրություններին Կոնգրեսն անցողիկ ձայները չհավաքեց, որովհետև ժողովուրդը գնում էր ընտրությունների հախուռն՝ առանց մտածելու, հիմա թող այս ամենից հետևություններ անեն՝ գնան ընտրությունների մտածելով, հիմա էլ «Իմ քայլը» քվեներ կստանա, բայց ոչ նախկինի չափ: Ինչքան շուտ լինեն արտահերթ ընտրություններ, այդքան շուտ այս վիճակը կլիցքաթափվի:
Ալինա Դավթյան