«Որևէ օտարերկրացու մուտքն Արցախ չի կարող համաձայնեցվել Ադրբեջանի հետ»․ Ռուբեն Ռուբինյան

365news-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը
-Երեկ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ու ներդրողներին հրավիրել է Զանգեզուրի միջանցք` ներդրումներ կատարելու։ Նախ, իսկապե՞ս լուծված է Ղարաբաղի հարցը։
-Նախ պետք է հասկանանք, թե ինչից է սկսվել Արցախյան հակամարտությունը։ Այն չի սկսվել 94 թվին կամ 94-ի հրադադարից հետո։ Արցախյան հակամարտության աղբյուրը 7 շրջանները չեն կամ դրանց պատկանելությունը։ Այդ հակամարտությունը սկսվել է արցախցիների անվտանգության բացակայությունից կամ պակասից և արցախահայերի ինքնորոշման իրավունքի իրացումից, որը չի ընդունել Ադրբեջանը և ապա հարձակվել է Արցախի վրա։ Այս հանգամանքները լուծված չեն։ Այսինքն, հակամարտության աղբյուրը՝ Արցախի ինքնորոշումը, Արցախի կարգավիճակը, արցախցիների անվտանգությունը, լուծում չեն ստացել, հետևաբար, իհարկե, հակամարտությունը լուծված չէ։ Այո, թեև 7 շրջանները հիմա ադրբեջանցիների վերահսկողության ներքո են, բայց Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, և 94-ից հետո բոլոր բանակցային ֆորմատներում խոսվել է ինչպես տարածքային ամբողջականության մասին, այնպես էլ ազգերի ինքնորոշման մասին, անվտանգության մասին և փախստականների մասին։ Ադրբեջանն ու Հայաստանը որպես հիմք էին ընդունել Մադրիդյան սկզբունքները, իսկ այդ սկզբունքներից ոչ բոլորն են կիրառվել։ Եվ, հետևաբար, հակամարտությունը լուծված չէ։ Ինչ վերաբերում է Ալիևի մյուս հայտարարությանը Զանգեզուրի միջանցքի մասին, նախ Զանգեզուրի միջանցք գոյություն չունի։ Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրում հղում կա միայն մեկ միջանցքի՝ Լաչինի միջանքին։ Այո, ըստ հայտարարության՝ պետք է տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, և Ադրբեջանը պետք է տրանսպորտային կապ ստանա Նախիջևանի հետ, ընդ որում ՝ չի մասնավորեցվում, թե այդ կապը պետք է լինի Սյունիքի մարզով՝ Մեղրիով, թե այլ ուղղությամբ, բայց որևէ խոսք չկա միջանցքի մասին։ Այսինքն, ՀՀ տարածքով ցանկացած ճանապարհ և ցանկացած քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ է և լինելու է ՀՀ վերահսկողության տակ։ Եվ Ադրբեջանը չի կարող որևէ մեկին հրավիրել օգտվել որևէ միջանցքից, որը նախ գոյություն չունի, երկրորդ՝ նախատեսված չէ։ Բայց բնականաբար մենք կողմ ենք տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Գիտեք, որ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ հանձնաժողով է գործում, որը պետք է զբաղվի այս հարցերով։
-Պարոն Ռուբինյան, Մինսկի խմբի ակտիվություն Դուք նկատո՞ւմ եք։
-Որոշակի առումով՝ այո։ Եվ կարծում եմ՝ կա միջազգային կոնսենսուս, որ Արցախի կարգավիճակի շուրջ հետագա բանակցությունները այդ ֆորմատով պետք է տեղի ունենան։
-Հայաստանն ի՞նչ ռեսուրս ունի, որպեսզի կարողանա ճնշել Ադրբեջանին և կարողանա Արցախի համար կարգավիճակ կորզել։
-Ես կարծում եմ, որ որևէ կողմ որևէ կողմին չպետք է ճնշի, ոչ Հայաստանը պետք է ճնշի Ադրբեջանին, ոչ էլ Ադրբեջանը՝ Հայաստանին։ Պետք է նախ կայունություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը պետք է հրաժարվի իր ագրեսիվ հռետորաբանությունից, ագրեսիվ գործողություններից, և պետք են քաղաքական քննարկումներ։ Փաստ է, որ արցախցիներն ունեն ինքնորոշման իրավունք, արցախցիներն ինքնորոշվել են, և Արցախի կարգավիճակի հարցը, որը եղել է բանակցությունների անօտարելի մաս, պետք է քննարկվի և լուծում ստանա։
-Պարոն Ռուբինյան, եթե չեմ սխալվում, հիմա Ղարաբաղ գնացող օտարերկրացիները դժվարություններ են ունենում այդ երկիր մտնելիս։ Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացիների մուտքը Ղարաբաղը ռուսական զորքերը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Այդպե՞ս է, թե ոչ։
-Որևէ օտարերկրացու մուտքն Արցախ չի կարող համաձայնեցվել Ադրբեջանի հետ։ Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հստակ բխում է, որ Լաչինի միջանցքով կապ պետք է լինի Հայաստանի ու Արցախի միջև, և Ադրբեջանը պետք է երաշխավորի ցանկացած ուղևորափոխադրում երկու կողմերով։ Այս առնչությամբ Արցախի իշխանությունները նույնպես հայտարարություն են արել։
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ալիևն ասում, որ Ադրբեջանում այլևս գերիներ չկան։
-Ադրբեջանը փորձում է ձգձգել գերիների վերադարձը և դրանով փորձել ճնշման լծակ ստանալ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա։
-Ինքը Հայաստանից հնչող հայտարարությունների հիման վրա չի՞ անում գերիներին վերաբերող հայտարարությունները։
-Ես այդքան հեռու չէի գնա։ Պարզ տրամաբանություն է, նա փորձում է ձգձգել հարցը և ճնշման լծակ ստանալ։ Բայց կրկին ակնհայտ է, որ կա միջազգային կոնսենսուս, որ հայ ռազմագերիները պետք է շուտափույթ վերադարձվեն, և կարծում եմ՝ մենք կհաջողենք մեր գերիների և ոչ միայն գերիների, այլև այլ պահվող անձանց, այդ թվում կանանց վերադարձնելու հարցում։
-Հիմա, երբ որոշակի չէ Ղարաբաղի կարգավիճակը, և մեծ հաշվով բանակցություններ որպես այդպիսին չկան, իր ներսում Ղարաբաղն ի՞նչ կարգավիճակ ունի։
-Արցախն ունի նույն կարգավիճակը, որն ուներ պատերազմից առաջ։
-Այսինքն, Արցախի Հանրապետությո՞ւն է։
-Այո, Արցախի կարգավիճակը պատերազմից առաջ ինչպիսին կար, իր բոլոր ինստիտուտներով հանդերձ շարունակում է մնալ նույնը։
-Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանն ավարտված համարում այս հակամարտությունը։
-Որովհետև Ադրբեջանը կուզեր հակամարտությունը ավարտված համարել այն առումով, որ Արցախը չստանար միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ։ Բայց բոլորը գիտեն, որ հակամարտության աղբյուրը հենց Արցախի ինքնորոշումն է, և քանի դեռ այդ հարցը լուծված չէ, չի կարող հակամարտությունը ավարտված համարել։ Եվ այստեղ մի հանգամանք էլ նշեմ։ Լավ կլիներ, որ հակամարտությունը ռազմական առումով ավարտված լիներ։ Այս առումով ես նույնպես կուզեի, որ հիմա հակամարտությունն ավարտված լիներ, ու դրա նախադրյալները կան, եթե խոսքը ռազմական դիմակայության մասին է։ Բայց հարցի քաղաքական բաղադրիչով, ասինքն, եթե սա համարենք հակամարտություն և ոչ թե բանակցություն, իհարկե ավարտված չէ։
-Երկու օր առաջ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ դուք մեր կրած պարտության համար պետք է ծնկաչոք ներողություն խնդրեք ժողովրդից։ Պե՞տք է ներողություն խնդրեք ժողովրդից։
-Ես Քոչարյանի ասածներին լուրջ չեմ վերաբերվում, և կառավարությունը Քոչարյանի պես անձի հորդորով չէ, որ պիտի ժողովրդից ներողություն խնդրի կամ չխնդրի։ Եթե Դուք հետևել եք մեր վերջին հանրահավաքին, վարչապետ Փաշինյանը ժողովրդից ներողություն է խնդրել և՛ մեր կառավարության շրջանում արածների ու չարածների համար, և՛ բոլոր կառավարությունների։
-Եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան, իսկ 17-ը բոյկոտի այդ ընտրությունները, նույն փակուղու առաջ չե՞ք կանգնելու, երբ իշխանությունը լեգիտիմ է, բայց փողոցում ընդդիմություն ու նրա կողմնակիցներ կան։
-Չեմ կարծում, թե կկանգնենք։ Ի վերջո, եթե ընտրությունները տեղի ունենան, իսկ կարծում եմ՝ մեր ժողովրդի մեծամասնության մոտ որևէ կասկած չկա, որ մեր իշխանության օրոք անցկացվելիք ընտրություններն անցնելու են արդար, բաց և թափանցիկ, շատ դժվար է լինելու դրանց արդյունքները։
-17-ը դա բոյկոտում է ոչ թե մասնակցելով ու արդյունքները չճանաչելով, այլ բոյկոտում է չմասնակցելով, ասելով, որ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները։
-Ես չեմ կարծում, որ բոլոր 17 կուսակցությունները կբոյկոտեն ու չեն մասնակցի։ Նույն Ձեր նշած անձը, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ կմասնակցի։ Արթուր Վանեցյանը՝ նույնպես։ Եթե չմասնակցեն ընտրություններին, չեմ կարծում, որ Հայաստանի ժողովուրդը մեծ բան կկորցնի դրանից։
Զրուցեց Մհեր Արշակյանը