1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Նախագահի աթոռին նստելը դեռևս չի նշանակում ընտրություններում հաղթանակ տանել․ քաղաքագետը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ռուսական ԶԼՄ-ների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք թեմաների մասին՝ մասնավորապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, իր՝ քաղաքականություն վերադառնալու ու դրանում երբևէ պարտություն չունենալու մասին։

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը 365news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երկրորդ նախագահի հարցազրույցին, նշեց, որ այն հիմնված էր մանիպուլյացիաների վրա, սակայն դա նորություն չէ, քանի որ Ռոբերտ Քոչարյանի նախորդ հարցազրույցներից հետո էլ իր հայտարարությունները հետագայում հերքվում են կամ փաստերով ապացուցվում են, որ սխալ են։

«Ամեն դեպքում հետաքրքրական ու ուշագրավ էր այն փաստը, որ երկրորդ նախագահի երեկվա հարցազրույցով ներքաղաքական օրակարգ չձևավորվեց, բարձր մակարդակով քննարկման առարկա չդարձավ»,- նկատեց Հարությունյանը։

Խոսելով պատերազմի պարտության վերաբերյալ Քոչարյանի մեղադրանքների մասին՝ քաղաքագետը նշեց, որ դրանք մի կողմից ուղղված էին ներքին լսարանին, որպեսզի ներքաղաքական կրքեր բորբոքեին, մյուս կողմից Ռուսաստանին՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանի վրա մեղքը չի բարդում ու սպասում է նրանցից կանաչ լույսի՝ քաղաքական դաշտում ակտիվանալու համար։

Քաղաքագետի կարծիքով՝ Քոչարյանի այն հայտարարությունը, որ ինքը քաղաքական դաշտում պարտություն չի կրել, ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագահի աթոռին նստելը դեռևս չէր նշանակում ընտրություններում հաղթանակ տանել։

«Բոլորս էլ գիտենք, թե նախկինում ինչպես են կազմակերպվել ընտրական գործընթացներն ու, նմանատիպ ընտրությունների միջոցով իշխանության գալով, չի կարելի հպարտանալ՝ ասելով, որ երբևէ պարտություն չի ունեցել»,- ընդգծեց քաղաքագետը։

Հարցին՝ արդյո՞ք նախկին նախագահը քաղաքական դաշտ վերադառնալու համար ունի անհրաժեշտ հասարակական աջակցությունը, քաղաքագետը պատասխանեց․ «Ըստ իս՝ չունի, սակայն ամեն ինչ ցույց կտա ընտրությունները»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close