Հարց է՝ Դաշնակցությունը կուզի՞, որ Ռոբերտ Քոչարյանն իր ցուցակով մասնակցի ընտրություններին․ Անդրանիկ Քոչարյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը
– Ռոբերտ Քոչարյանը երկու օր առաջ ասել է, որ արցախյան վերջին պատերազմում մեր պարտությունը ծրագրված էր։ Ըստ Ձեզ՝ նրան որտեղի՞ց այդ տեղեկությունը։
– Ռոբերտ Քոչարյանին մեկնաբանելն ինձ համար մի քիչ տհաճ է առաջին հերթին այն պատճառով, որ ստացվում է Անդրանիկ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ռոբերտ Քոչարյանն ինձ համար արժեք չի ներկայացրել երբեք, ինքն իրենից արժեք չի ներկայացրել նաև Արցախում, այդ պատճառով Արցախում պարտվեց Արթուր Մկրտչյանին, որից հետո Արթուր Մկրտչյանը սպանվեց։
Նա 4 անգամ ընտրություններում պարտվել է Դեմիրճյան ընտանիքին, սկզբից Կարեն Սերոբիչին, հետո Ստեփան Կարենիչին։ Նա ասում է, որ սովոր չէ պարտվել։ Ոչ թե սովոր չէ պարտվել, այլ նրա ներկայությունը մեր երկրի համար պարտություն է միշտ, որովհետև այդ անհասկանալի կերպարը չգիտես՝ ինչու, չգիտես՝ ոնց դարձավ մեր երկրի համար վատ առումով վճռորոշ կերպար։ Նրա առումով որևէ լավ բան հիշելը դժվար է։ Երբ ես իր մասին խոսում եմ, հիշում եմ միշտ այն սպանված առյուծին, որի վրա նա թառել էր ու քաշքշում էր ականջները։
Իրեն դա հարիր է, ինքը միշտ փորձում է դիակների ականջներից քաշել։ Ու հիմա երբ նա խոսում է բանակը քաղաքական գործընթացներին ներքաշելու վերաբերյալ, ինքը խոսում է իր նախկին տեսակետների դեմ։ Երբ իրեն հարմար է, նա բանակը տեսնում է իշխանությունը պահպանելու գործիք։ Բոլորը հիմա կախվել են բանակի փեշից, պիտի լիներ Օնիկ Գասպարյանի խնդիրը, որ իրենց թափ տային։ Բանակի փեշերից կախվածները հիմա պետք է թափվեն այդ փեշերից, որպեսզի բանակը զբաղվի իր բուն խնդիրներով։ Բայց իրենք ԳՇ-ում գտան մարդկանց, որոնք դարձան այս գործընթացի մաս։
Եթե ուշադիր նայենք, այս գործընթացն իրականում ավելի վաղ է սկսվել, դեռ պատերազմի ընթացքում, երբ նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, շունչները պահած, սպասում էին անհաջողությունների։ Ոչ թե մասնակցում էին մեր հաջողությունների կերտմանը․․․ Հիմա բոլորն ասում են՝ մենք բանակի կողքին ենք։ Կա՞ մեկը, որ բանակի կողքին չէ։ Այստեղ կա բարձրագույն հրամանատարական կազմի մի մասի հայտարարությունը, ընդ որում՝ այդ մասն էլ կառավարել է ռազմական գործողությունները, որի արդյունքում մենք պարտություն ենք կրել։
Հիմա, երբ իրենց պետք է, ասում են՝ Նիկոլը դավաճան է, բայց մինչև այդ հայտարարությունը նրանք ասում էին, որ դավաճան է նաև բանակի բարձրագույն սպայակազմը։ Հետո տարանջատեցին։ Հետո երբ կադրային հարց լուծելու պրոցես եղավ, ԳՇ պետին պաշտոնանկ անելու իրավական խնդիրների հետ կապված (Արմեն Սարգսյանը մի պահ իրենց համար ցանկալի չէր, Բագրատյանն առավոտից իրիկուն մեկ տարուց ավել է՝ Արմեն Սարգսյան է քլնգում), եղավ մի պահ, երբ բոլորն ասացին՝ չէ, մենք Արմեն Սարգսյանից ակնկալիք ունենք։ Երբ վարչապետի դիմումը հետ ուղարկեց, ասացին՝ կեցցե Արմեն Սարգսյանը։ Հիմա այս մարդկանց պետք է ասել՝ դուք քաղաքականությա՞մբ եք զբաղվում, թե՞ խարդավանքներով։
Իրենք քանի որ չեն պատկերացնում իշխանության գալու այլ մեխանիզմ, քան ստեղծված իրավիճակից օգտվել Զինված ուժերի օգնությամբ, ես հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է երկիրը տանել ցնցումների Վազգեն Մանուկյանի ձեռքով, ինչպես եղավ հոկտեմբերի 27-ի հայտնի խմբի գործողություններից հետո իրենց պահվածքը թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի՝ որպես ԱԱԾ ղեկավարի, թե՛ Վազգեն Մանուկյանի։ Այդ բոլորը չի մոռացվելու։ Մենք այսօր Վազգեն Սարգսյանի ծնունդն ենք նշում և նրա ներկայությունն այսօր էլ ակտուալ ու անհրաժեշտ է, նույնիսկ մահացած վիճակում նա թույլ չի տալիս, որ մեր երկրի հեռանկարը մարի։
– Հիմա մենք Վազգեն Սարգսյան ունե՞նք։
– Հիմա եթե մենք Վազգեն Սարգսյան ունենայինք այսօրվա Զինված ուժերում, ո՞նց կպարտվեինք։ Իհարկե չունենք։ Պարտադիր չէ Վազգեն Սարգսյանը, բայց պատերազմի ընթացքում բանակում պետք է այդ լիդերը երևար։ Դուք հիշո՞ւմ եք, որ պաշտպանության նախարարը կամ որևէ բարձրաստիճան զինվորական երևար իր ամբողջ կեցվածքով։ Դուք անընդհատ Երկրորդ համաշխարհայինի մասին ֆիլմեր եք նայում, տեսնում եք բոլոր զորավարներին՝ Ժուկով, Ռոկոսովսկի, Վատուտին, բոլորին կտեսնեք, նրանց գործողությունները նկարագրված են։
Այ, շատ լավ կլիներ մեր սպայակազմի գեներալիտետն այդպիսի հիշողություններ նկարագրեր։ Ասենք՝ նման բան աներ հարավային գործողությունների միասնական ղեկավար Տիրան Խաչատրյանը, նախկին դաշնակցական, նկարագրեր այն գործողությունները, որոնց համար արժանացել է Ազգային հերոսի կոչման։
– Պարոն Քոչարյան, ընդդիմությունն ասում է, որ պատրաստ է դիմել կտրուկ գործողությունների, Վազգեն Մանուկյանը նկատում է, որ այդպիսի գործողությունների պատրաստ 5 հազար երիտասարդ կա։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ կտրուկ գործողությունների չեն դիմում։
– Ես նախ կուզեի տեսնել, թե այդ ի՞նչ 5 հազար հոգու մասին է խոսքը, պատերազմի ընթացքում այդ 5 հազարն իր ներկայությունն ապահովե՞լ է մեր Զինված ուժերի կառուցվածքի մեջ։ Վազգեն Մանուկյանն այդ 5 հազարը որտե՞ղ է հաշվառել։ Ինքն այդ 5 հազարին կրկին տեսնում է պետական կառույցները գրավելու մե՞ջ։ Վազգեն Մանուկյանը վարչապետի պաշտոնը թողնելուց միառժամանակ հետո իր հրապարակային գործունեությունը տեղափոխեց փողոցներ, մեր առաջին իսկ տարածքային անհաջողությունից՝ Արծվաշենից հետո նույն քաղաքական իրողություններն էին, որից հետո քաղաքական լարվածությունը թուլացնելուն միտված Վազգեն Մանուկյանին հանրապետության այն ժամանակվա նախագահն առաջարկեց պետնախարարի պաշտոնակատարի պաշտոն, որին Մանուկյանն անմիջապես համաձայնվեց և փողոցային պայքարն ավարտվեց։
Երևի, Վազգեն Մանուկյանի մեջ այդ հիշողությունները դեռ թարմ են ու անընդհատ այդ սցենարն է տեսնում իշխանության գալու համար։ Երբ «Ղարաբաղ» կոմիտեն եկավ իշխանության, նրան վարչապետի պաշտոն տվեցին կատարյալ լիազորություններով։ Այդպիսի լիազորություններ ոչ մի վարչապետ հետագայում չի ունեցել։ Նրան տրված էր նախարարներ նշանակելու լիազորություն առանց Գերագույն խորհրդին հաշվետու լինելու։ 6 ամիս նրան տրված էր բռնապետին հավասար լիազորությունները։ Հետո ինքը խնդիր դրեց, որ այսպես չի լինի՝ կամ ես, կամ՝ Լևոնը, գնանք նախագահի ընտրությունների։ Ու այդ ընտրություններում պարտվեց։
Դրանից հետո Վազգեն Մանուկյանը «կերտել» է միայն պարտություններ ու ծրագրեր, որոնք համահունչ չեն մեր երկրի քաղաքական զարգացմանը։ Այդպես է եղել 1996-ը, հոկտեմբերի 27-ից հետո իր պահվածքը, այդպես եղան Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունները։ Պարզվեց՝ իդիոտի կարգավիճակն իր երազած կարգավիճակն է, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներն իր երազած տարիներն էին։ Հիմա ասում է՝ մենք պետք է մեր երազած երկիրը կառուցենք։ Այն ժամանակ ինքը չէր պայքարում ընտրակեղծիքների, ոստիկանական բռնությունների աննկարագրելի ծավալի դեմ, ինքը բավարարված էր Հանրային խորհրդի աշխատավարձով, գրասենյակով ու ամեն ինչ նորմալ էր։
Հիմա ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը դարձավ միասնական թեկնածու, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նրա միջոցով երկիրը տանեն ցնցումների։ Իրենք իրենց վրա չեն վերցնի ցնցումները։ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը երբեք չեն ասի՝ եկեք գրավենք Ատոմակայանը ու իշխանություններին ուլտիմատում ներկայացնեն։ Ու այդ պատճառով ես ասացի՝ իշխանությունները պարտավոր են այդպիսի դեպքում կիրառել օրենքով իրենց վերապահված ուժ։ Որովհետև նոյեմբերի 9-ին մենք բոլորս ականատես եղանք Հոկտեմբերի 27-ի կրկնությանը։
– Մի քանի օր առաջ ընդդիմությունն ԱԺ-ի դիմաց բեմականացրեց Չաուշեսկուի ու նրա կնոջ գնդակահարությունը։ Վախեցած չե՞ք։
– Ոչ, բայց ինձ մտահոգեց այդ բեմադրությունը։ Չաուշեսկուի ու նրա կնոջ գնդակահարության բեմականացումը ցինիզմ է և խոսում է ընդդիմության այդ թևի հեռուն գնացող նպատակների մասին: Ըստ իս՝ կողմնակի հանդիսատեսը այդ «գնդակահարվածների» կերպարում կարող էր ճանաչել ում ասես՝ ներառյալ Ռոբերտ Քոչարյանին ու իր կնոջը, Վազգեն Մանուկյանին ու իր կնոջը։ Ես չգիտեմ, թե ովքեր էին «գնդակահարվածները», բայց ես վստահ եմ, որ ժողովրդի ընտրած իշխանությունը և նրա ղեկավարն իր կնոջ հետ այդ կերպարի մեջ չեն տեղավորվում։
– Ռոբերտ Քոչարյանը ձեզ կոչ է անում․․․
– Ո՞ւմ՝ ձեզ․․․
– Ձեզ կոչ է անում արցախյան վերջին պատերազմում կրած պարտության համար ժողովրդից ներողություն խնդրել։ Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել։
– Ես ասացի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի բոլոր առյուծների ու բիզոնների համար, որոնց ապօրինի գնդակահարել է և մեր ժողովրդի համար։ Նաև Զինված ուժերի առաջ, որովհետև Զինված ուժերի կարողությունը գտնվում է իր ընտանիքի ու նրա անդամների հաշիվների վրա։ Բոլորը պետք է ներողություն խնդրեն Հոկտեմբերի 27-ից հետո մեր երկիրն այս վիճակին հասցնելու համար։ Անվտանգության գոտու շուրջ բանակցային պրոցեսի համար։ Եվ մեր առաջնագծի բոլոր ինժեներական կառույցների նման վիճակի համար։ Չոքեչոքը քիչ է։
Ռոբերտ Քոչարյանը նախ պետք է դատարանում պատասխան տա, թե ինչպե՞ս Զինված ուժերն օգտագործեց մարտի 1-ին։ Ինչո՞ւ է դատաքննությունը հետաձգում։ Հենց դրա համար, որ չերևա, թե ԳՇ այս հայտարարությունը ստորագրող գեներալներից քանի՞սն են մասնակցել մարտի 1-ին։ Եթե գեներալը չի գիտակցում իր արժեքը, ուրեմն՝ ժամանակն է, որ նա իր տեղը զիջի այն զինվորականներին, որոնք այս պատերազմում լուռ ու մունջ իրենց զինվորների հետ կարողացան իրենց դիրքերը պահպանել։
– Պարոն Քոչարյան, առաջիկա ընտրություններին դուք և Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, միասին եք մասնակցելու։
– Ոչ, ոչ․․․ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի, թեպետ, ուզում է մասնակցել։ Ժողովուրդը նրան վաղուց է մերժել։
– Դաշնակցության ցուցակով գուցե։
– Այ հարց է՝ Դաշնակցությունը կուզի՞, որ Ռոբերտ Քոչարյանն իր ցուցակով մասնակցի ընտրություններին։
– Հանրապետականի ցուցակով, որովհետև միայնակ չի կարող մասնակցել ընտրություններին։
– Ես վստահ չեմ, որ Սերժ Սարգսյանի ու իր գլուխները մեկ կաթսայի մեջ կտեղավորվե՞ն։ Այդ դեպքում Աշոտյանը դեմ կլինի։ Կասի՝ ս․․․, Քոչարյան Ռոբերտ։
– Իսկ Վանեցյանի ցուցակում պատկերացնո՞ւմ եք։
– Դե, ես լավ չեմ պատկերացնում, թե ովքեր են նրանց ձայն տալու։ Այդ պատճառով են սկզբից ուզում իշխանություն, հետո նոր ընտրություններ։ Իհարկե, թող մասնակցի ընտրություններին։ Հաջորդ ընտրությունները նույնպես կլինեն թափանցիկ, ինչպես նախորդը։
Զրուցեց Մհեր Արշակյանը