1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Վազգեն Մանուկյանն էլ ի՞նչ է ուզում սարքի Հայաստանում, ուզում է՝ արյան գետե՞ր հոսեն․ Արթուր Մանուկյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը

Պարոն Մանուկյան, այսօր Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ «պարտված կառավարությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից»: Պատրաստվո՞ւմ եք ծնկաչոք ներողություն խնդրել:

– Ցանկացած մեկը, ով սխալներ ունի, պետք է ներողություն խնդրի իր սխալների համար։

Չէ, պարտության համար պատրաստվո՞ւմ եք ծնկաչոք ներողություն խնդրել։

– Գիտե՞ք՝ ինձ համար իմ արժեհամակարգից ցածր է Ռոբերտ Քոչարյանի՝ ճիշտ ու սխալ կամ որևէ այլ բնույթի խոսքը քննարկելը։ Ես այդ մարդու խոսքը ո՛չ լսում եմ, ո՛չ մտածում եմ նրա ասածների մասին, ո՛չ էլ պատրաստվում եմ անդրադառնալ իրեն։

Բայց ինքն ընդդիմության գործիչներից է, որի ասուլիսին ներկա են գտնվել ռուսական լրատվամիջոցները։

– Դե, թող ռուսական լսարանն էլ մտածի իր խոսքերի մասին, հիանա կամ մերժի։

Այսինքն՝ մտածելու բան չէ՞ նրա մյուս միտքը, որ «պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը»:

– Դե, այդ մարդը տգետ է, բացի այն ամենից որ ինքն է, նաև տգետ է։ Եթե նույնիսկ գիրք չի կարդում, թող մեկ-մեկ կինո նայի, եթե դա էլ չի անում, թող մուլտիկ նայի։ Մի բան անի, որ գիտելիք ունենա։ Բացի նրանից, որ ինքն առյուծներ, բան է սպանում, ուղիղ վնաս է տալիս բնությանը, թող ինքնակրթությամբ զբաղվի։

Իր հայտարարության մեջ տեսնո՞ւմ եք թաքուն կոչ, որ գեներալները դիմեն ռազմական հեղաշրջման։

– Իր անձի ու գոյության մեջ ես մենակ շրջապատին ուղղված բռնություն և վնաս եմ տեսնում։ Ուրիշ ոչինչ չեմ տեսնում ու շատ ցավում եմ, որ ինքը դեռ ազատության մեջ է։

Դուք համաձա՞յն եք, որ Սարգսյանը փորձում է դառնալ կայունացնող գործոն Հայաստանում, բայց չունի անհրաժեշտ ազդեցություն հասարակության լուրջ բևեռացման պայմաններում:

– Ես համաձայն եմ, որ ՀՀ-ն քաղաքական խնդիր ունի, չկան բևեռներ, դիսկուրս չկա, փոխարենը կան մեղադրանքներ, զազրախոսություն, տհաճ, զզվելի մթնոլորտ այս ծանր պարտությունից հետո, պատերազմից հետո։

– Երեկ ընդդիմությունը վիրավորված էր այն փաստից, որ ԱԺ պատուհաններից իրենց ուղղությամբ դիպուկահարներ են տեղակայվել։ Ճի՞շտ է վարվել իշխանությունը։

– Այսինքն՝ ընդդիմություն ասելով նաև Վազգեն Մանուկյանի՞ն նկատի ունեք, որ տարիներ առաջ չորեքշաբթի օրն ԱԺ նիստին կառավարությանը գլխատողներին ասում էր ռոմանտիկներ։ Այդ մարդը, որ հանցագործ չէր ասում, ոչինչ չէր ասում, ասում էր ռոմանտիկներ։ Այդ մարդը չի հասկանում, թե ինչ է կատարվել Հայաստանում։ Այդ մարդն ընդհանրապես հասկանո՞ւմ է, որ Հայաստանում կառավարություն է գլխատվել, լավն էին, վատն էին, հաճելի էին, տհաճ էին, ՀՀ-ն այդպիսի պրակտիկա է ունեցել ու դրան պետք էր պատրաստվել հատկապես ամենօրյա ու ամենժամյա բռնության կոչերից հետո։

Եվ իր շրջապատում կգտնվեին ռոմանտիկներ, որոնք կփորձեին ռոմանտիկ քայլեր անել, «ռոմանսներ» երգել ԱԺ ներսում, ինչը տեսել ենք։ Այսինքն՝ իրեն ի՞նչն է զարմացնում, այն, որ ԱԺ-ն պետք է պաշտպանված լինի՞։ Եթե ՀՀ-ում կա պաշտպանելու ենթակա պետական օբյեկտ, մեկը ԱԺ-ն է, որովհետև այնտեղ հոկտեմբերի 27 է եղել, որտեղ Արարատ Միրզոյանին են ծեծել, մյուս պատգամավորին են ծեծել, վարչապետի նկատմամբ մահափորձ է եղել։

Եթե այս ամենը Վազգեն Մանուկյանի համար քիչ է, բա ի՞նչն է շատ։ Հոկտեմբերի 27 տեսած հանրապետությունում ի՞նչն է այս մարդու համար շատ, էլ ի՞նչ է ուզում սարքի, ուզում է՝ արյան գետեր հոսե՞ն, ի՞նչ է ուզում։ Մենք լավն ենք, վատն ենք, ճիշտ ենք, սխալ ենք, կարող ենք, անկարող ենք, դրա լուծումն օրենքներով ու Սահմանադրությամբ գրած է, կգա պատասխան տալու ժամը, քաղաքական պատասխանը կտանք ժողովրդի առաջ, ժողովուրդը կորոշի՝ ընտրե՞լ, թե՞ չընտրել, կարո՞ղ էինք, անկարո՞ղ էինք, ժողովուրդը կասի։

Իրենք ժողովրդի փոխարեն որոշելու բան չունեն։ Իսկ եթե ուզում են այդպես, թող գնան իրենց համար առանձին պետություն ստեղծեն, որտեղ իրենց բռնության քարոզները կանեն։ Հարցն այն չէ, որ ես պաշտպանում եմ կամ չեմ պաշտպանում մեր կառավարությանը։ Հարցն այն է, որ բռնության քարոզն է զզվելի։

Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Ընդդիմությունն արդեն ասել է, որ սա քաղաքական հետապնդում է: Ինչո՞ւ եք հետապնդում մարդուն:

– Այսինքն, եթե ընդդիմության առաջնորդը մարդասպանության կոչեր է անում, Չաուշեսկուի գնդակահարություն է բեմադրում ու այդ ամենի համար կանչում են Քննչական կոմիտե հարցեր տալու համար․․․Մարդը քրեական հանցագործության շեմ է խախտել։ Ի՞նչ կապ ունի՝ նա ընդդիմության առաջնո՞րդ է, թե՞ ընդդիմության չառաջնորդն է։ Որևէ քաղաքացի իրավունք չունի քրեական շեմն անցնելու։

Հարցն այն է, որ մարդիկ ամեն ինչ շատ լավ տեսնում են ու շատ լավ հասկանում են։ Այս պատերազմին Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվել են երկար տարիներ, անհնար է երկու տարում կամ երկու ամսում պատերազմի պատրաստվել։ Մենք ունենք մեր բացթողումները, որոնք կքննենք ու կհասկանանք։ Բացի նրանից, որ դիմացը եղել են անհաղթահարելի ուժեր՝ Թուրքիան, Ադրբեջանն իր նավթադոլարներով, նաև չեմ ժխտում, որ մենք էլ ենք ունեցել սխալներ՝ կազմակերպչական և այլն։ Ինչքան ես եմ հասկանում՝ ռազմական գործողությունների կազմակերպիչը գեներալներն են․․․

Որոնք այսօր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

– Իսկ իրենց հրաժարականն ո՞վ պիտի պահանջի։ Եթե պատերազմում գեներալները չեն պարտվում, բա ո՞վ է պարտվում։ Հարմա՞ր է ամբողջ պատասխանատվությունը դնել Նիկոլ Փաշինյանի վրա։ Նիկոլ Փաշինյանը կրում է քաղաքական պատասխանատվություն, իսկ իրենք ռազմագետներ են, ռազմի գիտության մասնագետներն իրենք են, իրենք պիտի կազմակերպեին պատերազմի գործողությունները։

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական պատասխանատվությունը կկրի ընտրությունների ժամանակ, կգա, կկանգնի ժողովրդի առաջ, ժողովուրդը կասի՝ դու պատերազմ ես պարտվել, էլ քեզ չենք ընտրում, դու պատասխանատու ես այդ պարտության համար։ Իսկ կոնկրետ մասնագետներն ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Այ սա հարց է։ Եվ այդ պատասխանատվության ենթարկվելը լուրջ հարց է դարձել Հայաստանի համար։

Մենք արդեն երկու օր է՝ քննարկում ենք դատավորների հարցը, ու ես ցավում եմ ՀՀ արդարադատության համար, ցավում եմ, որ մեր երկրում արդարադատությունը ոչ մի կերպ չի կայանում, ցավում եմ, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անում է այն, ինչ անում է, ու դա բոլորը լավ հասկանում են։ Չմեկնաբանեմ այն, ինչ բացահայտ է, մարդը բացահայտ քաղաքական գործունեությամբ է զբաղված, քաղաքական էլ չէ, կա փող աշխատելու, նաև փողի իշխանությունը պահելու խնդիր։

Հայաստանում զզվելի է ապրել փողի իշխանության պատճառով, ուրիշ ոչ մի պատճառ չկա Հայաստանում չապրելու։ Որովհետև կա փողի իշխանություն, ոչ թե մտքի իշխանություն, ոչ թե քաղաքական տեքստի իշխանություն, ոչ թե մշակույթի իշխանություն, ոչ թե Աստծո իշխանություն, ոչ թե դեմոկրատիա, ոչ մի կրատիա չկա, բացի փողի իշխանությունից։ Իսկ փողը Հայաստանում դիզվել է անօրեն միջոցներով։ Թովմա Աքվինացին ասել է․ «Միշտ նայեք, թե որտեղից է մարդու իշխանությունը։ Որտեղից գալիս է՝ նրան էլ ծառայում է»։ Նա խոսում է տիրոջից ու ծառայից։ Եթե թագավորի իշխանությունը գալիս է Աստծուց, ուրեմն՝ ինքը պիտի ծառայի Աստծուն, իսկ եթե մարդու իշխանությունը գալիս է ժողովրդից, ուրեմն՝ ինքը ծառայում է ժողովրդին։ Ու այն պահին, երբ ինքը չի ծառայում ժողովրդին, ժողովուրդն իրեն փոխում է, սա է դեմոկրատիան։ Իսկ այն պահին, երբ իրենք չեն ծառայի փողին, փողն իրենց կփոխի։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close