1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Յուրաքանչյուրը փորձում է իր ձևով այս ճգնաժամին տալ լուծումներ․ քաղաքագետը՝ նախագահի գործելաոճի մասին

Փետրվարի 25-ին Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որին հետևեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը առ այն, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն աշխատանքից պետք է ազատվի։

Նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց չստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկը։ Նախագահն ակտը չի ուղարկել Սահմանադրական դատարան, սակայն բարձր դատարան դիմել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։

Ամեն դեպքում, ըստ մասնագետների, Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով կազատվի պաշտոնից:

Ավելի վաղ նախագահը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նա չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ և փաստացի ընդդիմացավ վարչապետի առաջարկը ստորագրել, դրան էլ հետևեցին հանրահավաքներ և ստեղծվեց լարված իրավիճակ: Տարբեր քաղաքական ուժեր իրենց համակիրներին հրավիրեցին հրապարակներ և վերջին օրերին բոլոր քաղաքական ուժերի օրակարգը կառուցվում էր Գլխավոր շտաբի հայտարարության և նախագահի կողմից հարցի լուծման ձգձգման շուրջ:

Եթե, ի վերջո, Օնիկ Գասպարյանն ազատվում է աշխատանքից, հետևաբար ո՞րն էր ձգձգելու և չստորագրելու պատճառը:

365news.am-ը հարցի շուրջ զրուցեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ:

Քաղաքագետը նշեց՝ չի կարծում, որ դրանով խառնաշփոթ ստեղծվեց. «Խառնաշփոթը դրանից առաջ էր ստեղծվել և առկա էր, ուղղակի սա ևս մի քայլ էր ընդդեմ բևեռացման, որը հանգեցրեց էլ ավելի մեծ լարումների»:

Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախագահի որոշման ձգձգումը, Պետրոսյանն ասաց, որ սա ընդամենը մի փոքր հատված էր ամբողջ մոզայկայից և պետք չէ դիտարկել կոնտեքստից դուրս:

«Սրանք հետևանքներ են այն խորքային ճգնաժամի, որը մենք ունենք, և յուրաքանչյուրը փորձում է իր ձևով այդ ճգնաժամին տալ լուծումներ, իսկ թե որքանով է հաջողվում, կամ չի հաջողվում, մենք ինքներս ենք տեսնում, սա որպես խորքային երևույթ պետք չէ դիտարկել, որովհետև անձամբ ես նախագահի ինստիտուտից շատ ավելի շուտ և շատ ավելի այլ քայլեր էի ակնկալել՝ ուղղված քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը: Նույն ԳՇ-ից ես շատ ավելի շուտ կսպասեի, օրինակ՝ նոյեմբերի 9-ին, և ոչ թե հիմա, երբ որ խնդիրը վերաբերեց միայն անձերի և, այսպես ասած, լցրեց բաժակը»,- ընդգծեց նա:

Ըստ քաղաքագետի՝ սա մի ամբողջ, մեծ, խորքային ճգնաժամի հետևանքն է և այստեղ չի կարելի ենթադրել՝ պե՞տք էր ստորագրել, թե՝ ոչ. «Մենք տեսնում ենք, որ հանրահավաքներն ու հայտարարություններն էական ոչ մի օգուտ չեն տալիս, չենք լուծում մեր առջև ծառացած խնդիրները: Մենք հիմա կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, որոնք ինքներս չենք պատկերացնում, մենք կանգնած ենք քաղաքական համակարգի խորքային քայքայման առաջ, որի համար մեզ պետք են ոչ թե տարիներ, այլ, երևի, տասնամյակ: Հիմա կորցրած ամեն մի օրը հետագայում մեզ վրա ամիսներ ու տարիներ է նստելու»,- նկատեց մեր զրուցակիցը:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ նշեց. «Ամենակարևոր պահին նախագահը, որը Սահմանադրության գլխավոր պահապանն է, երկիրը կայունացնելու փոխարեն, իր այդ չստորագրելով, ժամանակ ձգելով, Սահմանադրական դատարան ուղարկելով, ավելորդ լարվածություն է առաջացրել, ինչը իմ և շատերի կողմից անընդունելի է:»

Հարցին՝ ո՞րն էր որոշման ուշացման պատճառը, պատգամավորը պատասխանեց, որ նախագահը չի առարկել երկրորդ անգամ, չի վիճարկել Օնիկ Գասպարյանի հեռացումը, բայց նաև չի ստորագրել, ինչը նշանակում է, որ համապատասխան օրը լրանալուն պես Օնիկ Գասպարյանը կազատվի իր պաշտոնից:

«Ես տեղյակ չեմ՝ ինչի է սպասում կամ ինչի համար է ձգձգում, բայց այս ամեն ինչը, իմ կարծիքով, արհեստական լարվածություն, արհեստական կրքեր բորբոքելու փորձ էր նախագահի կողմից, ինչն անընդունելի է»,- ասաց պատգամավորը:

Վերջինս ընդգծեց, որ քանի չի լսել նախագահականից բացատրություններ՝ ինչո՞ւ այսպես եղավ, չի կարող ենթադրություններ անել, բայց նաև չի կարծում, որ դա այնպիսի հարց է, որի շուրջ կարելի է մտածել արդեն վեցերորդ օրը:

Ալինա Դավթյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close