1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Ընդդիմությունը չկարողացավ բանակի խաղաքարտն օգտագործել ի շահ իրեն․ կարծիքներ

ՀՀ վարչապետը մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությանը, նշեց, որ Օնիկ Գասպարյանի գործողություններն ուղղորդված են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ինչպես նաև ավելացրեց, որ իրենք ունեն նաև նախկին նախագահի և ԳՇ պետի հեռախոսազրույցը։

Հայտարարությունից հետո ընդդիմադիր դաշտն ակտիվորեն սկսեց պատասխանել ու արձագանքել վարչապետի հայտարարությանը՝ շեշտելով, որ այդ հեռախոսազրույցը ձայնագրվել է ամիսներ առաջ, ԱԱԾ-ի կողմից մոնտաժվել է ու որևէ կապ չունի ընթացող գործողությունների հետ։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը 365news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության բուռն արձագանքին, նկատեց, որ ընդդիմության արձագանքի պատճառները բավականին պարզ են, քանի որ ընդդիմությունը ի սկզբանե, երբ որ ԳՇ-ն հայտարարություն տարածեց, փորձեց ամեն կերպ օգտագործել դա հրապարակ լցնելու համար։

«Ընդդիմությունն ամեն կերպ փորձեց ԳՇ հայտարարությունն օգտագործել իր շահերի, փողոց լցնելու համար, սակայն այն պահից սկսած, երբ վարչապետն ինքը «վերցրեց» փողոցն ու ԳՇ հայտարարությունը կապեց պայմանականորեն նախկինների հետ, փորձեց առնվազն հեղինակազրել այն մարդկանց, ովքեր արել էին այդ հայտարարությունը։ Փաստացի վարչապետը վերցրեց և՛ փողոցը, որի հույսն ուներ ընդդիմությունը, և՛ փորձեց հեղինակազրկել այն մարդկանց, ովքեր իրենց հայտարարությամբ շանս էին տվել ընդդիմությանը»,- ընդգծեց քաղաքագետը։

Ըստ Քոչինյանի՝ ընդդիմությունը չկարողացավ բանակի խաղաքարտն օգտագործել ի շահ իրեն, ուստի՝ սկսեց ջղաձգվել։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով էլ ընդդիմության որոշ հատված անընդհատ փնտրում է նմանատիպ թեմաներ, որպեսզի կարողանա այդ թեմայի շնորհիվ քաղաքական դիվիդենտներ հավաքել, ու այս իրավիճակում վարչապետն իրենց լավ հնարավորություն տվեց թեման քննարկելու համար։

«Եթե վարչապետի նշանակած գլխավոր շտաբի պետն ուղղորդվում է այլ կենտրոնների կողմից, ապա դրանում առաջինը մեղավոր է հենց վարչապետը»,- նշեց Ղևոնդյանը։

Նրա համոզմամբ՝ այն մարդիկ, ովքեր աշխատում են սեփական շահերի համար և ընդդեմ այս իշխանությունների, ինչպես նաև զուգահեռաբար ընդդեմ ՀՀ պետականությանը, նրանք պետք է «խլեին» այս թեման ու դա զարգացնելով փորձեին դրա վրա սեփական քաղաքական շահերն իրացնել, ինչպես որ եղավ։

Խոսելով հավանական ուղղորդության մասին՝ Ղևոնդյանն ասաց․ «Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում դեռևս գործում է այն պետական կառավարման համակարգը, որը որ գործել է մինչև 2018 թվականը, համակարգային փոփոխություններ Հայաստանում տեղի չեն ունեցել, իսկ գիտենք, որ մինչ այդ թվականը սնող երակը կոռուպցիան էր, որի գլխին կանգնած էին իշխանության նախկին ներկայացուցիչները, ուստի՝ միանգամայն չենք կարող բացառել, որ նման ուղղորդում չի եղել։

Շատ հնարավոր է, որ այս ամենն ուղղորդված է եղել ու պարտադիր չէ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից եղած լինի, նախկին իշխանական բուրգի ցանկացած անձից հնարավոր էր լինեին ուղղորդումներ, բացի դրանից, Օնիկ Գասպարյանը և իր նման շատ պաշտոնյաներ հին համակարգից են եկել ու միգուցե մինչև հիմա իրենք փոխադարձ շահ ունեն, իսկ եթե փոխադարձ շահ կա, ուրեմն՝ ամեն ինչ էլ հնարավոր է լինի»։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close