Արտախորհրդարանական ընդդիմության ասելով չէ, որ վարչապետը պիտի գնա․ Արման Եղոյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը
– Պարոն Եղոյան, վարչապետ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկում է արտահերթ ընտրություններ, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը մերժում է։ Ինչպե՞ս եք դուրս գալու այս դիլեմայից։
– Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիներն այս կուսակցություններին խորհրդարան են ուղարկել ի թիվ մի շարք այլ ֆունկցիաներ կատարելու, նաև նման ճգնաժամերից ելքեր փնտրելու համար։ Ո՞վ, եթե ոչ խորհրդարանական խմբակցությունները պետք է նման իրավիճակներում իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը։ Եթե խորհրդարանը միասնական որոշում է կայացնում ինքնարձակվելու,-ինքնալուծարվել չեմ ուզում ասել, որովհետև ճիշտը արձակվելն է․․․
– Բայց բոլոր դեպքերում վարչապետի հրաժարականո՞վ․․․
– Դա տեխնիկայի հարց է արդեն։ Երկու դեպքում էլ վարչապետի պաշտոնակատարը թե՛ գործող Սահմանադրությամբ հրաժարականի դեպքում, թե՛ որևէ այլ նոր հնարավոր սահմանադրական փոփոխությամբ խորհրդարանն արձակելու որոշման դեպքում գործող վարչապետն է շարունակում մնալ վարչապետի պաշտոնակատար, մինչև նոր ընտրություններ։ Այլ մեխանիզմ չկա։ Այլ մեխանիզմ կնշանակի ոչ թե գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այլ գնալ վարչապետի փոփոխության։
– Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է ընտրությունները, որոնք տեղի են ունենում։ Ի՞նչ եք անելու։
– Հանրությունը պետք է գնահատական տա նման պահվածքին։ Ի՞նչն է բոյկոտում։ Բոյկոտում է Հայաստանում իշխանություն ձևավորելու գործընթա՞ցը։ Ի՞նչն է բոյկոտում։ Այսինքն՝ իրենք ուզում են իրենց կուսակցությունների ասելո՞վ Հայաստանում իշխանություն ձևավորվի։ Կներեք, ոչ մի մեկ կամ մի քանի, կամ շատ մեծ թվով կուսակցությունների ասելով չէ Հայաստանում իշխանություն ձևավորվում, այլ ժողովրդի քվեարկությամբ։ Եթե նրանք բոյկոտեն այդ ընտրությունները, կնշանակի՝ բոյկոտում են ՀՀ-ում իշխանություն ձևավորելու միակ սահմանադրական ճանապարհը։
– Ինչո՞ւ վարչապետը հրաժարական չի տալիս ու միանգամից գնում ընտրությունների թեկուզ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով, այլ անպայման փնտրում է խորհրդարանական ուժերի համաձայնությունը։
– Որովհետև դա քաղաքականապես ճիշտ չէ, որովհետև դրա համար պետք է խորհրդարանական ընդդիմության համաձայնությունը։
– Ի՞նչ վտանգ կա ընդդիմությունից հրաժարական տալու դեպքում։
– Վտանգը մեզ համար չէ, վտանգն իրենց համար է։ Դա կստացվի ընդդիմության ձայնի արհամարհում։ Այսինքն՝ պատկերացրեք մի իրավիճակ, որ ընդդիմությունը չի ուզում խորհրդարանն արձակել։ Իրենք էլ, չէ՞, մանդատ ունեն։
– Բայց իրավիճակը երկրում այնպիսին է, որ ես՝ վարչապետս, ուզում եմ հրաժարական տալ․․․
– Դա այլ հարց է, դրա համար պետք է երկու բան տարբերել իրարից՝ վարչապետի հրաժարականը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործի՞ք, թե՞ վարչապետի հրաժարականը որպես գործող վարչապետի քաղաքականությունից հեռացում և նոր վարչապետի ընտրություն։ Եթե նկատի ունեք որպես գործիք, ստացվում է մենք միանձնյա պետք է արձակենք ԱԺ-ն։
Կներեք, մենք տեխնիկապես ունենք նման հնարավորություն, բայց քաղաքականապես դա ճիշտ չէ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ, օրինակ՝ իշխանությանը հաճո չէ կամ ձեռնտու չէ որևէ ընդդիմադիր ֆրակցիայի ներկայությունն ԱԺ-ում, և ընտրություններից մեկ-երկու տարի հետո իշխանությունը տեսնում է, որ այդ ֆրակցիայի ռեյտինգն իջել է, իրենն աճել է, ձեր ասածի նման կամայական ասում է՝ եկեք մի հատ էլ ընտրություն անենք, ու դա այն նպատակով, որ այդ կուսակցությանը դուրս թողնի ԱԺ-ից։
Ինքն ուներ 50 տոկոս ձայն, տեսնում է՝ ռեյտինգը բարձրացել է, ուզում է 55 տոկոս քվե ստանալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ դա իշխանության ձեռքին կդառնա գործիք։ Մի ժամանակ, երբ մենք նախագահական համակարգում էինք, և նախագահն ուներ նման լիազորություն շատ քիչ հանգամանքներով սահմանափակված, նախագահն էր երբեմն ԱԺ-ին որոշումներ պարտադրում, ասում էր, եթե չանեք, ԱԺ-ն կարձակեմ։ Ստացվում է, որ նույն գործիքն ուզում եք տալ վարչապետին։ Գործիքը կա։ Բայց ստացվում է, որ ուզում եք նույն գործիքը վարչապետը կիրառի։ Այդպես լինի՝ ամեն վարչապետ, երբ իր համար տհաճ որևէ գործընթաց ծավալվի ԱԺ-ում, անընդհատ նոր ընտրություններ կկազմակերպի։ Դա քաղաքականապես ճիշտ չէ։
– Իբրև քաղաքական քայլ ճիշտ չի՞ լինի, որ վարչապետը հանդիպի արտախորհրդարանական ընդդիմության հետ։
– Նրա առաջարկը բոլորին է ուղղված։ Հրապարակային կոչ արեց։ Հեռախոսո՞վ հրավիրի։ Վարչապետը միշտ էլ կողմ է բաց, երկխոսության ճանապարհով արտահերթ ընտրություններ կազմակերպելու գաղափարին։
– Եթե մերժում են, փակուղի է, ճի՞շտ է։
– Ո՞ւմ համար։ Իրենց համար՝ այո։
– Երկուսիդ համար էլ։
– Մեզ համար՝ ոչ։ Մեզ համար փակուղի չէ, ուղղակի լարված իրավիճակ է։ Բա ի՞նչ են առաջարկում։ Այսինքն՝ փակուղի ասելով ի՞նչ ենք հասկանում․․․
– Իրենք ուզում են, որ վարչապետը գնա․․․
– Իրենց ասելով չէ, որ վարչապետը պիտի գնա։ Ես էլ եմ շատ բան ուզում։ Բայց դա իմ կամ իրենց ուզելով չէ, որ նման համապետական նշանակության հարցեր են լուծում։ Ո՞նց է եկել վարչապետը։ Վարչապետին ընտրել են, ճիշտ է՝ խորհրդարանական կառավարման համակարգով, բայց վարչապետն ընտրվել է քվեարկության արդյունքների բերումով։ Մենք այստեղ խորհրդարանում չենք ընտրել մեր քվեարկությամբ, վարչապետը ժողովրդական քվեարկության ուժով դարձել է վարչապետ, որովհետև, ըստ մեր Սահմանադրության, նախագահն անմիջապես իրեն այդ տոկոսների դեպքում նշանակում է վարչապետ։
Ճիշտ է՝ մենք կարող էինք այս դահլիճում, օրենքը մեզ թույլ է տալիս, բայց ինչքանո՞վ ազնիվ կլինի մեր ընտրողների հանդեպ, ինչքանո՞վ ազնիվ կլինի թեկուզ ընդդիմության ընտրողների հանդեպ, ընդդիմադիր խմբակցությունների ընտրողների հանդեպ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրողները՝ 103 հազար մարդ, վարչապետի թեկնածու տեսել է Գագիկ Ծառուկյանին։ Հիմա «Բարգավաճ Հայաստանը» եկել մեզ ասում է՝ գիտե՞ք ինչ, եկեք Վազգեն Մանուկյանին ընտրեք։ Այդ 103 հազար հոգուն իրենք ասե՞լ էին, որ կարող է այնպես լինի, որ ընտրությանն ընդհանրապես չմասնակցած թեկնածուին մենք առաջադրենք վարչապետի թեկնածու։
Կամ Էդմոն Մարուքյանի դեպքում։ 80 հազար մարդ Էդմոն Մարուքյանին տեսել է վարչապետի թեկնածու, ճի՞շտ է։ Բայց այս դեպքում ինչքանո՞վ ազնիվ կլինի «Լուսավոր Հայաստանի» ընտրողների հանդեպ, որ մենք մեծությամբ 3-րդ խմբակցության ղեկավարին․․․ Պատկերացրեք, էլի, մտավարժանք անենք, ինչքանո՞վ է իրենց առաջարկած լուծումն ազնիվ թեկուզ իրենց ընտրողների հանդեպ, էլ չեմ ասում՝ մեր ընտրողների հանդեպ։ Այսինքն՝ իրենց առաջարկած լուծումը քաղաքականապես ճիշտ չէ ու չի տանում քաղաքական իրավիճակի հանգուցալուծմանը։
– ՀՀ նախագահն իր կարգավիճակով մարդ է, որը պետք է ապահովի հանրային համերաշխությունը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նա չի կարողանում այդ համերաշխությունն ապահովել։
– Դա Ձեր գնահատականն է, որ չի կարողանում։ Ուղղակի բարդ իրավիճակ է ստեղծվել։ Հասկանում եք, որ իրավիճակը որոշակիորեն լարված է և նախագահի գործողությունները մինչ այս պահը, կարծում եմ, հավասարակշռված է։ Չգիտեմ, թե ինչ կլինի սրանից հետո։
– Ձեր ասած հավասարակշռության մե՞ջ է մտնում Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության դիմումը չստորագրելը։
– Կիսատ ասացիք՝ չստորագրելը և այդ դիմումը ՍԴ չուղարկելը։ Այդ ամբողջը։ Այսինքն, այո, դա բավականին հավասարակշռված մոտեցում էր իր տեսանկյունից և իմ գնահատմամբ, թեպետ, իմ կարծիքով, ճիշտ կլիներ ստորագրել, որովհետև ԳՇ պետն ուղղակիորեն ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ, ինչը, գիտեք, ոչ մի քաղաքակիրթ երկրում չի կարող համարվել ողջունելի։ Պատկերացրեք՝ այս վարչապետը չլինի, այս ԳՇ պետը չլինի, բայց սա պետություն է, չէ՞։
Վաղն ուրիշ վարչապետ կլինի, Գլխավոր շտաբի ուրիշ պետ կլինի։ Միշտ չէ, որ և ամենևին բոլոր երկրներում չէ, որ ԳՇ պետը կարող է համամիտ լինել վարչապետի այս կամ այն որոշման հետ։ Բայց դա հրապարակային քննադատության առարկա չպետք է դառնա։ Եթե ռազմական մասով կան որոշակի ասելիքներ, դրա համար գոյություն ունի Անվտանգության խորհուրդ, գոյություն ունեն ԱԺ-ի փակ քննարկումներ, գոյություն ունի ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողով՝ էլի փակ ֆորմատով քննարկումներ, և եթե իրավիճակն իսկապես լուրջ է, որ իրենք նպատակահարմար են գտել հանդես գալ նման հայտարարությամբ, դա նշանակում է, որ այդ խնդիրները պետք է տեսած լինեն մի շարք այլ մարմիններ ևս։
Կներեք, բայց ես ամենևին չեմ կարող կիսել այդ տեսակետը ու դա համարում եմ շատ վտանգավոր, և ինչքան շուտ Գլխավոր շտաբի մեր բարձրագույն դասի սպաները գիտակցեն այս իրավիճակի վտանգավորությունը, այնքան ավելի լավ։ Էլ չասած, որ բանակը միայն բարձրագույն սպայական կազմը չէ, բանակը նաև ավագ սպայական կազմն է, այսինքն՝ մայորից մինչև գնդապետներ, բանակը նաև կրտսեր սպայական կազմն է՝ ենթասպաներն են, զինվորներն են․․․
– Բայց նրանք ենթականեր են․․․
– Ու հենց դրա համար էլ, այդ փաստի բերումով է, որ այդ կանոնը կա բանակի համար, որ իրենք չեն կարող խառնվել քաղաքականությանը, որովհետև այդ մարդիկ՝ ենթակաները, նույնիսկ եթե այդ ենթական գնդապետ է․․․ Մենք տեսանք, որ մոտ երկու տասնյակ գնդապետ էր ստորագրել ԳՇ հայտարարության տակ։ Այսինքն՝ հասկանում եք, չէ՞, որ երբ այդ թուղթը դնում են իր առաջ, նա հայտնվում է երկնընտրանքի մեջ՝ կատարել հրաման ու մտնել քաղաքականություն և չկատարել հրաման ու փաստացի խախտել Զինվորական ծառայության մասին օրենքը։
Այսինքն՝ դա պետք է գեներալներն իրենք հաշվի առնեն, որ չի կարելի ենթակային դնել նման վիճակի մեջ։ Ավելին ասեմ՝ նույնիսկ գեներալ-լեյտենանտի ու գեներալ-մայորի միջև գոյություն ունի սուբորդինացիա։ Եվ տվյալ դեպքում նաև՝ գեներալ-գնդապետի և գեներալ-լեյտենանտի ու գեներալ-մայորի միջև։ Հիմա Օնիկ Գասպարյանը կոչումով ամենաբարձր զինվորականն է, ոչ միայն պաշտոնով։ Մենք ընդամենը 6 գեներալ-գնդապետ ենք ունեցել, միայն Օնիկ Գասպարյանն է գործող ու չի կարելի այդ կոչումն օգտագործել իրենից ցածր ամբողջ սպայական կազմին նման վիճակի մեջ դնելու համար, հասկանալի պատճառով, որ նրանք չեն կարող ու իրավունք էլ չունեն իրենց քաղաքացիական կեցվածքն արտահայտել։
– Վարչապետը մեկ տարի առաջ ասում էր, որ կիսանախագահական համակարգը ձախողված է ու անպատասխանատու։ Հիմա ի՞նչ փոխվեց, որ ուզում է կիսանախագահական համակարգ լինի։
– Մեկ տարի առաջ վարչապետն ասում էր, որ չի կարելի անընդհատ Սահմանադրություն փոխել։ Առանց այն էլ մենք այս 30 տարվա ընթացքում 10 տարին մեկ փոխել ենք Սահմանադրությունը։ Սահմանադրությունը սովորական օրենք չէ, որ պետք է թույլ տաս, որ այդ մեխանիզմը աշխատի, պետական համակարգը դրան ադապտացվի ու ինստիտուտները կայանան։ Բայց այս Սահմանադրությամբ,-դա ընդամենը վարկածներից մեկն է, վարչապետը չի պնդում, հիմա էլ չի պնդում, որ կիսանախագահականի անցումը ճիշտ է,-բայց էն բոլոր ճգնաժամերը, որ մենք տեսանք,-և՛ Սահմանադրական դատարանի հետ կապված, և՛ հենց հիմա Գլխավոր շտաբի պետի հետ կապված, և՛ խորհրդարանի արձակելու հետ կապված․․․ Ո՞վ է տեսել, որ տեխնիկապես բեմադրեն խորհրդարանի արձակում, երբ արդեն քաղաքական որոշումը կա։
Սահմանադրությունը պետք է այնպես լինի, որ քաղաքական որոշում կայացնողները առանց որևէ տեխնիկական հնարքի իրենց որոշումներն ի կատար ածեն։ Այսքան ձայնով, այնքան ձայնով։ Եթե նախագահական երկիր է, այս և այս դեպքերում, նախագահի և այս, և այս մարմինների որոշմամբ, միջնորդությամբ։ Այնպես չպետք է լինի, որ երկրում բոլոր քաղաքական ուժերը եկել են մի ընդհանուր հայտարարի, ինչպես 18 թվականին, երբ խորհրդարանը պետք է արձակվի ու գործիք չկա խորհրդարանը արձակելու, դա ինչքանո՞վ է նորմալ։ Այս Սահմանադրություն գրողները դա ո՞նց են հաշվարկել։
– Այսինքն՝ վարչապետն այդ իրավիճակները չէր կանխատեսել մեկ տարի առաջ։
– Բոլորը չէր կանխատեսել։ Մենք մինչև այդ մեկ ճգնաժամ էինք ունեցել ընտրությունների հետ կապված, բայց ՍԴ ճգնաժամը դեռ այդքան չէր հասունացել, ԳՇ ճգնաժամը, և նաև պատերազմի ընթացքում էլ ես ենթադրում եմ, որ պատերազմի ընթացքում էլ գիտեք էդ բանավեճը՝ ռազմական դրություն է, թե պատերազմական դրություն է, պատերազմ է, թե պատերազմ չէ․․․ Այս բառախաղն անընդհատ լարման մեջ է դնում ոչ միայն հանրությանը, այլև փորձառու իրավաբաններին էլ։ Մենք այս երեք տարում տեսանք, որ մեր նախորդ Սահմանադրությունները ինչ դժվար իրավիճակներ են հաղթահարել չափավոր ցնցումներով։ Բայց երեք տարվա մեջ այսքան պրոբլեմների բախվել՝ դատական համակարգում տեսնում եք ինչքան խնդիրներ կան, դա ես այդքան էլ չեմ կապում Սահմանադրության հետ, բայց այս Սահմանադրությունն արդեն քանի դեպքով ցույց է տալիս, որ նույնիսկ հոդվածներն են իրար հակասում, ինչպես ԳՇ պետի հետ կապված այս դեպքում 103 հոդվածը առերևույթ հակասության մեջ է 155-ի հետ։
Բազմաթիվ նման նրբություններ կան՝ տարբեր օրենքներ ՍԴ ուղարկել-չուղարկելու հարցը, սահմանադրական փոփոխությունը ՍԴ ուղարկել-չուղարկելու հարցը։ Բացեր կան, որոնց լուծումը տրված չէ Սահմանադրությունում, ուրիշ օրենք էլ չկա, որ այդ հարցերին պատասխանի։ Սա խնդրահարույց է։
Զրուցեց Մհեր Արշակյանը