ԼուրերԿարևորՀարցազրույցՔաղաքականություն

Վարչապետն իր առջև հեռանկարային ծրագրեր չի դնում․ քաղաքագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթի ընթացքում նշեց, որ պիտի աշխատեն՝ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունեն նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Նաև ընդգծեց, որ եթե խորհրդարանական ուժերը ընդունեն դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպած իր առաջարկը, իրենք կհամաձայնվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն, անդրադառնալով վարչապետի հայտարարություններին, նշեց, որ ինքը վարչապետի հայտարարություններին լուրջ չի վերաբերվում, քանի որ մի քանի օր հետո վարչապետը կարող է այլ բան հայտարարել, մեկ շաբաթ հետո՝ ամբողջապես այլ բան։

«Վարչապետն ուղղակի այս պահին նմանօրինակ հայտարարություններով ուզում է ստեղծված խնդիրները լուծել՝ կարծելով, որ նման հայտարարությունները կլիցքաթափեն լարվածությունը։ Ուստի շատ հնարավոր է՝ վաղն այլ հայտարարություն անի, որն ուղղակիորեն կհակադարձի երեկվա հայտարարությանը։ Հնարավոր է՝ 3 օր հետո հայտարարի այն մասին, որ իրեն զեկուցել են, որ հանրությունը չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների»,-ընդգծեց Բաղդասարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ վարչապետն իր առջև հեռանկարային ծրագրեր չի դնում, ու այդ պահին, ըստ իրեն, ինչը կլիցքաթափի լարվածությունը դա էլ հայտարարում է։

«Չեմ կարծում՝ պետք է համարել, որ վարչապետը պատրաստ է վերջանականպես արտահերթ ընտրություններին գնալուն, առավելևս, որ հրապարակի ընդդիմությունից էլ նման ցանկություն չունի։ Բացի դրանից, երեկվա հանրահավաքից հետո պարզ դարձավ, որ վարչապետն ընդհանրապես դեմ չէ վարչական ռեսուրսի կիրառմանն, ու մեծ հավանականություն կա, որ նույնը կանեն ընտրությունների ժամանակ»,- նշեց Բաղդասարյանը։

Ամեն դեպքում, քաղաքագետը վստահ է, որ Հայաստանը երկար ժամանակ լարվածության այս պիկին չի կարող դիմանալ, ուստի անհրաժեշտ է շատ արագ գտնել որևէ հանգուցալուծում։

«Պետք չէ Հայաստանի ներքաղաքական օրակարգը կապել վարչապետի ինչ-որ հայտարարությունների հետ, որոնք կարող են ժամեր անց հերքվել, ու տրամագծորեն հակառակ բան ասվի։ Հայաստանի քաղաքական խնդիրները բոլորովին այլ են, ու Մարտի 1-ին ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներով հանգուցալուծում տեղի չունեցավ։ Պետական ինստիտուտները չեն գործում, դրա համար էլ մեր բոլոր խնդիրները մնացել են»,-եզրափակեց քաղաքագետը։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել