Կարծես թե մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ խորհրդարանական կառավարման անցնելուն․ Հրաչյա Հակոբյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը
– Պարոն Հակոբյան, Վազգեն Մանուկյանը հանրահավաքում ասում է, որ բանակը ժողովրդի կողքին է։ Սա ձեզ մտահոգո՞ւմ է։
– Ոչ, որովհետև իրականում, այո, բանակը ժողովրդի կողքին է։
– Բայց բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
– Գենշտաբի մի քանի բարձրաստիճան սպաներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց դա չի նշանակում, որ ժամկետային կամ պայմանագրային զինծառայողները դուրս կգան ժողովրդի դեմ։ Մի քանի սպայական անձնակազմից սպաներ են նման պահանջ ներկայացրել։
– Հիմա, երբ ԳՇ-ն Նիկոլ Փաշինյանի դեմ է, իսկ Փաշինյանն էլ ուզում է գնալ ընտրությունների, չկա՞ վտանգ, որ բանակը Փաշինյանին քվե չի տա։
– Ոչ, քիչ առաջ ասացի պատճառները։ Մի քանի տասնյակ բարձրաստիճան սպա, այո, կարող են չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, բայց դա չի նշանակում, որ մեր զինծառայողների վրա չպետք է հույս դնել, ու որ նրանք չեն քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին։
– Ի դեպ, Վազգեն Մանուկյանը մյուս ուժայիններին նույնպես կոչ է անում միանալ բանակին։ Ձեր իշխանությունն ուզում են ուժայիններից պոկել․․․
– Մենակ չենք մնում, որովհետև ժողովուրդը մեզ մենակ չի թողնի, կարևորը ժողովրդի դերակատարությունն է։ Մի հայտարարությամբ մի ամբողջ ուժային կառույց հանել ժողովրդի դեմ, որովհետև այդ հայտարարությունն ուղղված չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, այդ հայտարարությունն ուղղված է լեգիտիմ, ազատ, արդար ընտրություններով ընտրված իշխանության ներկայացուցչի դեմ։ Հետևաբար այդ հայտարարությունն ուղղված է այն մարդկանց դեմ, որոնք ընտրել են ու մինչև օրս Նիկոլ Փաշինյանին տեսնում են երկրի ղեկավար։
– Փաշինյանը երեկ խոսեց այն մասին, որ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա իր պաշտոնից, իսկ Օնիկ Գասպարյանը չի հեռանում։ Ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի այս հարցը։
– Ժամանակը կհանգուցալուծի։ Իսկ ինչո՞ւ պիտի հեռանա Օնիկ Գասպարյանը, որովհետև արվել է քաղաքական հայտարարություն և իր ձեռամբ։
– Նախագահը ոնց որ թե ձեզ հետ համաձայն չէ։
– Կարծես թե մի քանի օրվա հարց է, մեկ կամ երկու օրվա հարց է, տեսնենք, թե ինչ ընթացք կստանա այս գործընթացը։
– Ձեր խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը չստորագրող նախագահի կեցվածքը հիմք է տալիս, որպեսզի մտածեն նրա պաշտոնանկության գործընթացը սկսելու մասին։
– Նման մոտեցում արտահայտել են մի քանի անձինք, իմ կարծիքը հետևյալն է, որ դրա կարիքը դեռևս չկա։
– Դուք միանո՞ւմ եք կիսանախագահական համակարգի անցնելու Փաշինյանի հայտարարությանը։
– Այո։ Եվ պատճառներն ինձ համար ավելի, քան համոզիչ են։ Խորհրդարանական մոդելն այս ընթացքում որոշ հարցեր է առաջացրել, որոնք պատասխան չեն ստացել ու որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են երկրի կառավարմանը։ Այնպես որ կարծես թե մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ խորհրդարանական կառավարման անցնելուն։ Կարծես, պետք է կիսանախագահականով կառավարվի երկիրը։
– Այսինքն, եթե կիսանախագահական լինի, բանակը ռիսկ չի՞ անի պահանջել նախագահի հրաժարականը։
– Կարծում եմ՝ այս իրավիճակում, եթե յուրաքանչյուր երկրում լինեն այսպիսի սպաներ, որոնք կնախընտրեն հանդես գալ քաղաքական հայտարարությամբ, չեմ կարծում, թե նրանց համար խոչընդոտ կլինի կիսանախագահականը կամ նախագահականը, որովհետև դա անձից է կախված։ Եթե սպա ես, ծառայում ես ՀՀ-ին, ծառայում ես հայրենիքիդ, պետք է առաջին հերթին զբաղվես քո սահմաններով, ոչ թե քաղաքականությամբ։
– Մեկ տարի առաջ Փաշինյանն ասում էր, որ կիսանախագահական համակարգը ձախողված ու անպատասխանատու համակարգ է։ Ի՞նչ փոխվեց այս ընթացքում։
– Քիչ առաջ արդեն ասացի՝ Փաշինյանի հայտարարությունները լավ կլինի, որ մեկնաբանի իր մամուլի խոսնակը։
– Դուք մամուլում նկատում եք, որ հաճախ են թիրախավորում Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին։ Ինչո՞ւ հենց նրան։
– Բոլոր հնարավոր ձևերով փորձում են Նիկոլ Փաշինյանին իրենց պատկերացմամբ թուլացնել, այդ ճանապարհները տարբեր են, թիրախավորում են «Իմ քայլին», թիրախավորում են կառավարության տարբեր անդամներին, թիրախավորում են ընտանիքի անդամներին՝ փորձելով վարկաբեկող բան գտնել նրանց գործունեության մեջ։ Նպատակն այն է, որ հանրության աչքերում Նիկոլ Փաշինյանին թուլացնեն։
– Երեկվա հանրահավաքը ձեզ ի՞նչ ցույց տվեց՝ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի կողքի՞ն է։ Հիշեցնեմ, որ հաշվել են 25-30 հազար մարդ։
– Գիտե՞ք՝ միանշանակ ժողովրդի մասնակցությունը քանակապես նույնպես կարևոր է, կարևոր եմ համարում այդ հանգամանքը, թե ինչքան մարդ է մասնակցում հանրահավաքին, որովհետև դրանով մարդը ցույց է տալիս իր կամարտահայտումը։ Բայց նաև կարևոր է հանրահավաքի էներգետիկան, թե ինչ էներգետիկա կա հրապարակում։
Եվ երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ, այո, հանրությունն աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Եվ երթը նույնպես դա ցույց տվեց, որովհետև տեսնում ենք երբեմն, որ լինում են բազմամարդ հանրահավաքներ, օրինակ՝ ընդդիմության կազմակերպած, և այդտեղ տեսնում ես, որ մարդիկ գոնե թե կարելի է ասել, չգիտեն, թե ինչի համար են եկել։ Որովհետև շատ տարբեր խոսակցություններ կան, որ մարդկանց ստիպողաբար են բերում կամ սպառնում են աշխատանքից ազատել։ Եվ, բնականաբար, այդ մարդը երբ հանրահավաքի է գալիս, նա վանկարկումներին կարող է չմասնակցել, նա էներգետիկ դաշտ չունի, նա ուղղակի կարող է կանգնել այդ հրապարակում զուտ այն սպառնալիքից ելնելով, որ իրեն աշխատանքից չազատեն։ Իսկ մեր երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ բացի նրանից, որ մարդկանց մասնակցությունը մի քանի տասնյակ հազար է, կար նաև շատ ուժեղ էներգետիկ դաշտ։
– Ձեզ նույնպես մեղադրում են, որ մարդկանց հանրահավաքի բերելու համար դուք վարչական ռեսուրս եք կիրառել և մարդկանց հանրահավաքի եք բերել մարզերից։
– Ես որևէ ապացույցի ծանոթ չեմ զուտ այն պատճառով, որ «Ֆեյսբուք» չեմ մտնում ու չեմ տեսնում այդ տեսանյութերը, բայց որքան հասկացա՝ կա մի տեսանյութ, որտեղ մի մարդ պատմում էր, որ եկան, ավտոբուսներով տարան։ Ներողություն, բայց դա ապացույց չէ, որովհետև դա հեշտ է սարքել մի մարդու ասելով։ Շատ ավելի լավ կլիներ, որ փաստեր հրապարակվեին, մարդը տար անուն ազգանուն, մարդն ասեր մեքենայի համար, ասեր՝ գնացեք, ստուգեք ու այդպես շարունակ։ Այլ ոչ թե ուղղակի բերեն մի մարդու կանգնեցնեն տեսախցիկի առաջ ու ասեր՝ մեզ բերում էին։
– Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին դիմեց ընդդիմադիրներին ու ասաց՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների։ Ինչո՞վ եք բացատրում վարչապետի փոփոխականությունը, մեկ ասում է՝ չգնանք, հետո ասում է՝ գնանք։
– Որևէ պարագայում Փաշինյանը չի ասում՝ գնանք, հետո ասում է՝ չգնանք։ Երկու դեպքում էլ առաջարկում է առաջին հերթին խորհրդարանական ուժերին իրենց համաձայնության պարագայում գնալ ընտրության։
– Ինչո՞վ են խորհրդարանական ուժերը խանգարում վարչապետին, որ նա գնա ընտրության։
– Կարծում եմ, որ խանգարող հանգամանք որպես այդպիսին չկա։ Ուղղակի լավ կլինի, որ համերաշխության մթնոլորտում գնանք ընտրությունների։ Այնպես չլինի, որ այդ ընտրությունները պետք են միայն մեզ, իսկ իրենք ընտրություններից հետո շահարկեն։
– Բայց ընտրություններից հետո իրենք չեն ասի, որ իշխանությունը ոչ լեգիտիմ է․․․
– Վստահ չեմ։
Զրուցեց Մհեր Արշակյանը