
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չնայած ի սկզբանե կողմ էր արտահերթ ընտրություններին, այնուամենայնիվ, տևական ժամանակ պնդում էր, որ այս իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացման համար բավարար պայմաններ չկան։ Սակայն վերջին զարգացումներից հետո «Լուսավոր Հայաստան»-ը ևս հայտարարեց, որ որոշակի նախապայմանի դեպքում իրենք համաձայն են հիմա արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։
365news.am-ը կապ հաստատեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ պարզելու՝ ինչո՞վ է պայմանավորված իրենց որոշման փոփոխությունը։
Գորգիսյանի խոսքով՝ իրենց որոշման փոփոխության պատճառը միայն ու միայն երկրում վերջին զարգացումներից հետո էլ ավելի սրված անկայունությունն է։
«Մենք այն ժամանակ ասում էինք, որ երկրում անկայուն իրավիճակ է և պետք է քայլեր ձեռնարկել երկիրը կայունացնելու համար, ինչի ճանապարհներից մեկը վարչապետի փոփոխությունն է ու միայն երկիրը կայունացնելուց հետո պետք է գնալ արտահերթ ընտրությունների, սակայն այսօր երկրի անկայունությունն այնքան է սրվել, երկրում իրավիճակն այնքան վտանգավոր է դարձել, որ հիմա պետք է օր առաջ որոշակի լուծումներ տրվեն ու այս իրավիճակում խնդիրների հանգուցալուծման միակ ճանապարհը մնացել է խորհրդարանական ընտրությունները»,- նշեց Գորգիսյանը։
Վերջինիս համոզմամբ, եթե խորհրդարանական ընտրություններ չլինեն, դրան հակադիր տարբերակ մնում է միայն այն, որ Փաշինյանը մինչև 2023 թվականը մնա ու պաշտոնավարի, սակայն այդ տարբերակն էլ ստեղծված ճգնաժամն ամեն օր ավելի ու ավելի է խորացնելու՝ երկիրը տանելով ավելի մեծ բախումների։
Հարցին՝ արտահերթ ընտրություններն ի՞նչ ժամկետներում են պատկերացնում, Գորգիսյանը պատասխանեց․ «Մեր բոլոր պայմաններն ուժի մեջ են մնում, վաղը կհանդիպենք վարչապետի հետ, կտեսնենք՝ ինքն ինչ առաջարկներ ունի։ Այնուամենայնիվ, նորից նշեմ՝ վերջին զարգացումներից հետո (ԳՇ հայտարարությունից հետո-խմբ․) ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում մենք կողմ ենք, որ օր առաջ լինեն ընտրություններ։ Մեզ համար միշտ կարևորը երկրի անվտանգությունն ու կայունությունն է, ուստի՝ դրա համար մենք ամեն զոհողության էլ կգնանք»։
Մելինե Պետրոսյան