1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Այսօրվա հավաքները հեղափոխության կուլմինացիան են․ քաղաքագետ

Իշխող քաղաքական ուժը և ընդդիմությունն այսօր, գրեթե, զուգահեռաբար մայրաքաղաքի տարբեր հատվածներում անց են կացնում բողոքի ցույցեր։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը 365news.am-ի հետ զրույցում նշեց, որ 17+ ուժերը չունեն հասարակության լայն շերտերի աջակցությունը, բայց ունեն նպատակ, որն էլ նրանց դարձել է ռադիկալ։

Քաղաքագետն, անդրադառնալով քաղաքական ուժերի՝ մասնավորապես ընդդիմադիրների գործելաոճին, նշեց․ «Եթե ընդվզող խումբն ունի հասարակական լայն շրջանակների աջակցությունը, ապա նրա քայլերում բռնություն կամ բռնության լեգիտիմացում չկա, իսկ եթե ընդվզող խումբը թվով քիչ է ու չունի հասարակության լայն շրջանակների աջակցությունն, ապա այս դեպքում արդեն բռնության հավանականությունը մեծ է, քանի որ այդ բողոքող խումբը դառնում է ռադիկալ՝ իր նպատակին հասնելու համար»։

Սուքիասյանի խոսքով, եթե իշխանությունը շարունակի լինել «բառադի», ինչպես որ հիմա է, ապա ով ինչ ուզենա՝ անելու է։

«Նախագահը, որը մի ժամանակ բողոքում էր, որ, գրեթե, լիազորություններ չունի, պարզվում է՝ մի ամբողջ պետություն իրենից կախման մեջ է գցել։ Այդ մարդը պետք է հասկանա, որ վարչապետի հրամանագիրը չստորագրելով՝ անձնական պատասխանատվություն է կրելու ՀՀ-ում ներքաղաքական կյանքի սրման համար»,- ընդգծեց քաղաքագետը։

Խոսելով կոնկրետ այսօրվա հավաքների մասին՝ Սուքիասյանը նկատեց, որ այսօրվա հավաքները հեղափոխության կուլմինացիան են։

«Հեղափոխությունը տրանզիտ է, երբ տապալվում է օլիգարխիկ կամ ավտոկրատական վարչակարգը՝ անցում կատարելով դեմոկրատիայի։ Աշխարհում 100-ից ավելի երկրներ այսպիսի անցումներ ունեցել են, սակայն որոշ երկրներ այդ անցումը տապալել են։ Եթե հեղափոխությունը տապալվի, գրանցվելու է հետընթաց ալիք ու, ըստ պատմական փորձի, հաստատվելու է ավելի այլանդակ ու ավտորիտար ռեժիմ։ Կարծում եմ ՝ այս հավաքներն այդ անցման կուլմինացիան են, եթե կանցնենք այս փուլը, ապա հեղափոխությունն ու Հայաստանը կունենան կյանք և ապագա, իսկ եթե լինի հետընթաց ալիք, ապա բոլորս մեր աչքերով կտեսնենք օսլայած դեմքով օլիգարխների վերադարձ, որը Հայաստանին կտանի դեպի մեկուսացում»,- նշեց քաղաքագետը։

Վերջինիս համոզմամբ՝ որ քաղաքական ուժի հանրահավաքը կունենա ավելի շատ հասարակական աջակցություն, ընդ որում՝ ոչ թե համեմատական տարբերությամբ մեկի մոտ 5000, մյուսի մոտ 6000, այն մյուսի մոտ 7000, այլ շատ մեծ տարբերությամբ, ապա այդ կողմն էլ կարող է փաստել, որ ինքը գրանցել է հաղթանակ։

Հարցին՝ արդյո՞ք մարտիմեկյան դեպքերի կրկնության հավանականություն կա, քաղաքագետը պատասխանեց․ «Չնայած պատմությունը կրկնվելու սովորություն ունի, սակայն այսօր իշխանության մարտի 1-ի իշխանությունները չեն, ու չեմ հավատում, որ այսօրվա գործող իշխանությունները գնան բռնության, քանի որ նրանք դեմոկրատական իշխանություն են։ Ամեն դեպքում բռնություն հրահրելու հավանականություն կա, որովհետև ներքևում գործում է փոքրաքանակ խմբավորում, որն ամեն ինչ անում է իր նպատակին հասնելու համար»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close