1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Վանեցյանի հայտարարությունը՝ կապված գերիների վերադարձի հետ, սովորական մանիպուլյացիա է․ կարծիքներ

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց։

Հայտարարության վերաբերյալ 365news.am-ը զրուցեց քաղաքագետներ Արմեն Բաղդասարյանի և Արմեն Վարդանյանի հետ։

Քաղաքագետները կարծում են՝ Վանեցյանի հայտարարությունը սովորական մանիպուլյացիա է։

«Ես չեմ կարծում՝ իրականում Արթուր Վանեցյանն ի վիճակի է իր անձնական կապերով լուծել այդ հարցը, բայց եթե ի վիճակի է ու չի լուծում, ուրեմն՝ դա նրա մասին շատ բացասական է խոսում»,- նկատեց Բաղդասարյանը։

Հարցին, թե ամեն դեպքում նախկին ԱԱԾ տնօրենը բոլորի առջև նման հայտարարություն է անում, ինչի՞ մասին է սա խոսում, Բաղդասարյանը պատասխանեց․ «Խոսում է նրա մասին, որ Վանեցյանը սովորական մանիպուլյացիաների է գնում՝ փորձելով ևս մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչո՞ւ պետք է գործող իշխանությունը հեռանա»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն էլ պնդում է, եթե Վանեցյանն ունի նման անձնական կապեր, կարող է հիմա էլ օգտագործել ու խնդրին լուծում տալ և ամենևին էլ կապ չունի, որ հիմա պետական պաշտոնյա չէ․ «Եթե նման կապեր ունի ու հարցը կարող է լուծել, ապա նման քայլն իր հեղինակությունը կբարձրացնի»։

Վարդանյանի խոսքով՝ փաստացի շատերն ասում էին, որ գերիների հարցը ՌԴ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է ու այնպես է ստացվում՝ Պուտինը չի՞ կարողանում լուծել խնդիրը, իսկ Վանեցյանը կարո՞ղ է․ «Այս ամենը զուտ մանիպուլյացիա է՝ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար»:

Անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին՝ Բաղդասարյանը նշեց, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, կարող է հանգուցալուծվել միայն ու միայն արտահերթ ընտրությունների միջոցով, քանի որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը գնում են առճակատման ու սա կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, որն ուղղակի անթույլատրելի է։

Հարցին՝ արդյո՞ք երկիրն ու հասարակությունը պատրաստ են արտահերթ ընտրություններին, Բաղդասարյանը պատասխանեց․ «Երկիրն այլ ելք պարզապես չունի։ Ստեղծված ճգնաժամը որևէ կերպ պետք է հանգուցալուծվի, իսկ այդ հանգուցալուծման ամենախելամիտ տարբերակն արտահերթ ընտրություններն են։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, ցանկացած այլ տարբերակ հղի է բախումներով և պետական ինստիտուտների կործանմամբ»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close