Ռազմական հեղաշրջման փորձ կա․ Սոս Ավետիսյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը
– Պարոն Ավետիսյան, ի՞նչ է նշանակում բանակի ԳՇ հայտարարությունը։
– Ես կարծում եմ, որ մեր ռազմական ղեկավարությունը խոհեմություն ունի, երկիրը նոր է դուրս եկել տրավմատիկ պատերազմից, և մենք կկարողանանք երկխոսության միջոցով հարցը լուծել։ ՀՀ-ում չկա ու մերժվել է այն ավանդույթը, որ զինվորականությունն է թելադրում քաղաքականությունը։ Քաղաքացիական վերահսկողությունը ՀՀ Սահմանադրության անկյունաքարերից մեկն է, և ես հույս ունեմ, որ այս հարցը կկարողանանք լուծել երկխոսության ու իրար հասկանալով միջոցով։
– Հնարավո՞ր է բանակը մտնի Երևան։
– Ես հույս ունեմ, որ դա կբացառվի, որովհետև չկա այնպիսի սցենար, երբ հայը հայի նկատմամբ կարող է բռնություն գործադրել։
– Դուք նույնպե՞ս կարծում եք, որ սա ռազմական հեղաշրջման փորձ է։
– Ըստ էության՝ փորձ կա, բայց ես հույս ունեմ, որ մեր սպաները, որոնց վաստակն ահռելի է այս պետության մեջ, խոհեմություն կցուցաբերեն ու հետ կկանգնեն այս պահանջից։
– Վարչապետի հրաժարականի պահանջն ինչո՞վ է հակասահմանադրական։
– Դա հակասահմանադրական պահանջ է։ Մենք երկխոսության կարիք ունենք, լիահույս եմ, որ բոլորս իմաստուն կգտնվենք ու երկիրը մարտահրավերների առաջ չենք կանգնեցնի։
– Ըստ Ձեզ՝ ավելի ճիշտ չէ՞, որ վարչապետը հրաժարական տա, թեկուզ ոչ բանակի պահանջով, ու լինեն նոր ընտրություններ։
– Գուցե դա ճիշտ տարբերակ է, բայց ես կարծում եմ, որ այդ ամենի շուրջ մենք պետք է համաձայնություն ունենանք։ Այստեղ առանցքայինն այն է, որ ՀՀ որևէ սուբյեկտ մեկ այլ սուբյեկտի նկատմամբ ոխ, քեն, վրեժխնդրություն չունենա։ Ցանկացած այլ պարագայի և սցենարի զարգացումը Հայաստանի Հանրապետությանը և հայ քաղաքացուն բնորոշ չէ։
– Դուք ԳՇ-ի հայտարարության մեջ դավաճանություն տեսնո՞ւմ եք։
– Այո։ ՀՀ ժողովուրդն իր կառավարությունն է ձևավորել։ Ինչպիսի՞ն է այն՝ ԳՇ-ն այդ պրոցեսին կարող է մասնակցել միայն որպես քվեարկող։
Զրուցեց Մհեր Արշակյանը