1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Հայաստանում կա քաղաքական կայունություն․ քաղաքագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական կյանքում ճգնաժամ լինել-չլինելու հարցին, տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, Սյունիքի անվտանգությանն ու Ամուլսարի շահագործմանը։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը 365news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական կյանքում ճգնաժամ լինել-չլինելուն, նշեց, որ եթե ՀՀ վարչապետի խոսքերին անդրադառնանք բառացի՝ այսինքն քաղաքական կայունության տեսանկյունից, ապա այո, կա քաղաքական կայունություն․ «Ես համաձայն եմ վարչապետի այն մտքի հետ, որ Հայաստանում կա քաղաքական կայունություն, քանի որ ուժերը, որոնք միավորված են «Հայրենիքի փրկության շարժման» մեջ, ինձ համար քաղաքական ուժեր չեն։ Այլ բան է, որ արդեն կան ուժեր, որոնք հայտարարում են անօրինական ճանապարհով իշխանություն ձեռք բերելու մասին։ Նման հայտարարությունները պետք է լինեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, իսկ գործող իշխանությունը որևէ պարագայում չպետք է թուլացնի իր կամքը՝ պաշտպանելու ՀՀ ժողովրդավարական ինստիտուտներն ու ժողովրդի իշխանությունը՝ թույլ չտալով անօրինական կերպով ռևանշի իրականացնումն ու իշխանության զավթումը»։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանն էլ նշեց, որ ինքը համաձայն չէ վարչապետի այն պնդման հետ, որ քաղաքական համակարգում ճգնաժամ չկա․ «Ես համաձայն չեմ այդ պնդման հետ, քանի որ ամբողջ քաղաքական համակարգն ու հարությունը կարծում են, որ հիմա ներքաղաքական ճգնաժամ է և դա փաստ է։ Ճգնաժամը նաև նրանով է պայմանավորված, որ մենք խորհրդարանական երկիր ենք, սակայն չունենք կայացած խորհրդարան»։

Հարցին՝ արդյո՞ք արդեն տեսանելի են Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի իրագործված կետերի շոշափելի արդյունքները, Քոչինյանը պատասխանեց․ «Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը թոթափելու միակ ճանապարհն արտահերթ ընտրություններն են, ու ցանկացած «Ճանապարհային քարտեզի» հիմնական մեխը պետք է լինի հենց այդ արտահերթ ընտրությունները։ Հուսով եմ՝ իշխանությունները, գոնե, այս տարվա աշնանը կգնան արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Միաժամանակ այդ ընտրություններին գնալու ճանապարհին պետք է հստակեցվի դրույթներ, որոնցով երկիրը կպատրաստեն ընտրություններին։ Դրանք են «առևանգված» արդարադատության հարցի լուծումը, Ընտրական օրենսգրքի, Կուսակության մասին օրենքի և Ոստիկանության մասին օրենքի փոփոխությունները։ Առանց սրանց արտահերթ ընտրությունների գնալն ուղղակի արկածախնդրություն կլինի»։

Հայկ Սահակյանն էլ կարծում, որ հիմա արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ, քանի որ իռացիոնալ գործոնը շատ մեծ է․ «Եթե հիմա ընտրություններ տեղի ունենան, ապա բախումներն անխուսափելի կլինեն, սակայն որոշ ժամանակ հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններն, անկախ Նիկոլ Փաշինյանի կամքից, այսպես թե այնպես լինելու են, քանի որ դա է պահանջում քաղաքական տրամաբանությունը»։

Փորձագետները համակարծիք են, որ տարածաշրջանային ապաշրջափակման պարագայում նախ և առաջ պետք է հասկանանք, թե Հայաստանը շահերի բախման կիզակետում ի՞նչ է շահելու։

«Հայաստանը եթե պատրաստ մտնի գործընթացի մեջ, միգուցե շահի, սակայն պատրաստ չլինելու դեպքում ապաշրջափակումը մեզ հաստատ օգուտ չի բերելու, քանի որ հայկական շուկան պատրաստ չէ, օրինակ՝ թուրքական տնտեսական հոսքերին։ Հայաստանը չի կարողանալու մրցակցել նման երկրների տնտեսական հոսքերի հետ»,- նկատեց Սահակյանը։

Խոսելով Ամուլսարի շահագործման հարցի մասին ՝ Քոչինյանը նշեց․ «Ցանկացած բան կարելի է անել, եթե դա բխում է պետության շահերից։ Այս հարցը պետք է լուծվի մասնագիտական տեսնակյունից ելնելով, այլ ոչ թե քաղաքական»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close