
ՀՀ գլխավոր շտաբն այսօր հայտարարություն տարածեց՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան նշեց, որ ԳՇ-ի հայտարարությունը հեղաշրջման փորձ է։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը 365news.am-ի հետ զրույցում նշեց, որ, ըստ էության, ունենք մի իրավիճակ, որտեղ ՀՀ ազգային անվտանգության համար մեկ սպառնալիքը գործող իշխանությունն է և սա կարիք չկա դիտարկելու էմոցիոնալ դաշտում։
«Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է իշխանությունը քաղաքացիներին հավաքում հրապարակում, ի՞նչ խնդիր պետք է լուծեն քաղաքացիները։ Պետությունը ստեղծված իրավիճակում չի կարողանում ինստիտուցիոնալ լուծումներ առաջարկել։ Այս իրավիճակում քաղաքացիներին փողոց հանելը տանելու է բախման։ Նույնն անթույլատրելի է նաև ընդդիմության կողմից, ընդդիմությունը ևս չպետք է նմանատիպ քայլի գնար ու նույն ժամանակահատվածում իր աջակիցներին կոչ աներ դուրս գալ փողոց։ Այս ամենը հանրային անվտանգությանը սպառնացող լրջագույն վտանգ է»,- նշեց Պետրոսյանը։
Հարցին՝ ո՞րը կարող է լինել ստեղծված լարվածությունը թոթափելու միջոցը, Պետրոսյանը պատասխանեց․ «Եթե երկրի վարչապետն ու կառավարությունը հրաժարական տան, սեղմն ժամկետներում արտահերթ ընտրություններ լինեն, ապա սա կլինի ստեղծված լարվածության պարպման լավագույն տարբերակը։ Սակայն իշխանությունը սա պետք է շուտ արած լիներ, որ մենք այսօր այս վիճակին չհասնեինք»։
Անդրադառնալով այն թեմային, որ ԳՇ հայտարարությունը, ըստ էության, ռազմական հեղաշրջման փորձ է, Պետրոսյանը նկատեց․ «Ես սա չէի համարի ռազմական հեղաշրջման փորձ, քանի որ նրանք միայն հայտարարել են, որ պահանջում եմ վարչապետի հրաժարականը, բայց նրանք որևէ քայլ չեն արել։ Ես հասկանում եմ՝ բանակը պետք է մնար քաղաքականապես չեզոք, բայց այսօր մենք ունենք ամբողջապես այլ իրավիճակ։ Մենք ունենք կապիտուլյացված ու կրկին պատերազմի եզրին կանգնած երկիր։ Ամեն դեպքում երկու կողմերն էլ պետք է մնան սահմանադրականության շրջանակներում և բացառեն ցանկացած բախում»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ, անդրադառնալով ԳՇ հայտարարությանը, ընդգծեց, որ նման հայտարարություն տարածելը Սահմանադրության հետ հակասության մեջ է, քանի որ ԶՈւ-ն որևէ իրավունք չունի մասնակցելու կամ կարծիք հայտնելու քաղաքական գործընթացների վերաբերյալ․ «Այս հայտարարությունն իրավիճակը սրելու փորձ է, որը կազմակերպվում է ընդդիմության կողմից»։
Ղևոնդյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում հիմնական պատասխանատուներից մեկն օրվա իշխանություններն են՝ արտահերթ ընտրությունների ժամանակավորապես չեղարկման որոշմամբ․ «Իշխանությունն արտահերթ ընտրությունների անցկացումը ժամանակավոր չեղարկմամբ փակեց առկա խնդիրների ինստիտուցիոնալ ճանապարհով ներքաղաքական ճգնաժամը լուծելու ճանապարհը, այդ իսկ պատճառով էլ հիմա հանդիպում ենք նման ոչ ինստիտուցիոնալ գործողությունների»։
Քաղաքագետը դատապարտելի է համարում երկու կողմերի՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության կողմից քաղաքացիներին փողոց հանելու գործողությունները և համարում է, որ դրանք սադրիչ գործողություններ են․ «Քաղաքացիներին փողոց հանելը սադրիչ գործողություններ են ու առաջին հերթին հենց իշխանության կողմից, քանի որ իշխանությունն ուներ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի չթողներ նման զարգացումներ տեղի ունենային, իսկ հիմա էլ, գոնե, իրենց իշխանության տրամաբանությունից բխող գործողություններ անեն՝ փորձում է ներքաղաքական հարցեր լուծել՝ ժողովրդին փողոց հանելով։ Սա խոսում է նրա մասին, որ օրվա իշխանությունները դեռևս գործում են իրենց ընդդիմություն եղած ժամանակվա մեթոդներով և ամբողջապես չեն գիտակցում, որ քաղաքական հանգուցալուծման լծակներն իրենց ձեռքում են։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր ուժերն էլ այս պահին շատ ավելի գիտակցված են այսպիսի սադրիչ գորողությունների գնում»։